Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Հեռվում մի դրախտ է վառվում

Հեռվում մի դրախտ է վառվում
26.09.2026 | 11:27

(խոնարհվում եմ նահատակների հիշատակին)

Ամեն տարի այս օրն ակամայից ետ ես տանում հիշողությանդ ծալքերը և ստուգում՝ արդյոք ինչ-որ բա՞ն ես մոռացել, որ լրացներ այդ օրվա սարսափի ողջ պատկերը: Ասես ինքդ էլ ես զգում քո մեղավորությունը, որ այդ պահին այդտեղ չես եղել և ինչ-որ մեկին ձեռք չես մեկնել։
Ադ օրը մենք հապշտապ ժամը 3-ի կողմերը դուրս էինք եկել Արմենի ընկերոջ՝ Ա-ի մեքենայով՝ այն հույսով, որ օրվա վերջին կհասնեինք Արմենի վիրահատությանը։
Ես նորից չեմ ներկայացնի ողջ ճանապարհի դժոխային պատկերը, թեև այն ինձ կուղեկցի ամբողջ կյանքում։ Միայն այն եմ հիշում, թե ինչպես էր Ալինան ուտում ամուսնու միսը, թե ինչու քրոջ ընտանիքին էլ չի վերցրել իրենց հետ։ Այդ պահին ես ինձ վատ էի զգում, որովհետև մեքենայի սրահում «ավելորդը» ես էի։
- Հինչ անիմ, կլխես տինիմ, էս կնգանը թողալ էլ չընք, մին ծերքի սումկա յօր օնե, համ էլ էնա էտ տանը տղամարթ կա, թող հոգսը քաշի («Ի՞նչ անեմ, գլխիս դնեմ, այս կնոջը թողնել էլ չենք կարող, մի ձեռքի պայուսակ ունի ընդամենը, համ էլ այնտեղ՝ այդ տանը, տղամարդ կա, թող հոգսը քաշի»)։
«Իրոք, ի՜նչ լավ է, որ տանը տղամարդ է լինում, իսկ մտքերով արդեն վիրահատարանում եմ»։
Տանը ոչինչ չկար, որ հետս վերցնեի։ Էլեկտրականություն չլինելու պատճառով ամեն ինչ թափել էի շան՝ Գուչչիի առաջ՝ խիղճս հանգստացնելու համար, իսկ մի շիշ քաշած թթի օղին (մի ազատամարտիկ էր տվել՝ գյուղից իր մանկահասակ երեխայի համար կաթ բերելու համար) թողել էի Արմենի մարտական ընկերոջը՝ Կարոյին։
Տղան Հայաստանից էր, 2020 թվականի պատերազմից հետո չէր թողել Արցախը, և համարյա մի տուն էինք դարձել։ Հայտնագործության պես գտել էի մի թաս մեղր ու մի քիչ յուղ։
- Էս ինձ բավական է մինչև հաջորդ պատերազմ,— կատակեց նա,- իսկ մի քանի ժամից Արմանի հետ կգնանք Հայկազով՝ բենզին բերենք, հետո մենք էլ կճանապարհվենք։ Արխայի՛ն կաց, Գուչչին էլ կբերենք։
Կարդալով մտքերս՝ ասաց Կարոն։
Հանկարծահաս անձրևն ավելի էր դժվարացրել ճանապարհը, իսկ սաստկացած քամին օդում խաղացնում էր մարդկային այդ ողբերգության վերջին ծվենները, տանում ու ձորն էր լցնում։
Ալինայի դժգոհություններից նեղված՝ նայում էի դիմացիս բեռնատարին, որտեղ մի քանի ընտանիք էր պատսպարված։ Նրանք արդեն չէին տարբերվում թրջված պարկերից. անձրևը գունդուկծիկ էր դարձրել բոլորին։ Երեխաներն այլևս լաց չէին լինում, կամ գուցե լաց էին լինում, բայց մենք չէինք ուզում լսել, որովհետև «խիղճ» ասված ապրանքն այդ պահին ամենաթանկն էր արժեքների շուկայում, և ոչ ոք չէր կարող այն գնել, քանի որ այդ պահին յուրաքանչյուրի համար իր ու իր երեխաների կյանքն էր ամենանվիրականը։
Երեկոյան դեմ այնպիսի որոտ լսվեց, որ մեքենաները ցնցվեցին տեղում և մի պահ կանգ առան։ Դա սովորական որոտ չէր։ Նման ձայն ես լսել էի 2020 թվականի պատերազմում՝ էլեկտրացանցը պայթեցնելու ժամանակ։
- Երևի կայծակ է խփել ինչ-որ տեղ։
Մարդկանցից ոմանք անգամ համարձակվեցին դուրս գալ մեքենաներից և սելավի միջից պարզորոշ տեսնել, թե որտեղից էին գալիս իրար հաջորդող պայթյունները։ Մահվան թափոր հիշեցնող մեքենաների շարասյունը մի պահ կանգ առավ։
Չէին աշխատում հեռախոսները. կամ չլիցքավորված էին, կամ կապ չկար։ Այդ պահին ծլնգաց Ա-ի «չաքուճ» Սիմենս հեռախոսը։ Հեռախոսից միայն մարդկային կաղկանձ էր լսվում.
- Վաաաա՜այ, Ալնա՛, Նարեկը կավուչ (չկա), զանգում եմ՝ անհասանելի է, Ալնա՛, Հայկազովը տրաքացրել են, խոխեքը (երեխաները) ընդեղ են եղել, վա՜յ Աստված, քյոմագ (օգնություն) արա։
- Հի՞նչ, ախճի, կի՞ժ ես։
Ջանս փշաքաղվեց, լեզուս պապանձվեց, անգամ մոռացա Արմենի վիրահատության մասին։
Մարդկանցից շատերը, անտեսելով անձրևը, դուրս էին եկել և իրարից նոր լուրեր էին ուզում իմանալ։ Կանայք չէին դիմանում և ծնկելով ջրափոսերում՝ աղեխարշ ողբում էին։ Երեխաները ավելի պինդ էին կպել մայրական ծոցին և տեսնելով մեծերի լաց-կականը՝ սսկվել էին՝ անտեղյակ աշխարհի անցուդարձին։ Բայց հասկանում էին, որ շատ վատ բան է կատարվել, շատ վատ բան։
Հանկարծ մի միտք զարնվեց ուղեղիս. հիշեցի Կարոյին. նա ասել էր՝ պիտի գնա Հայկազով՝ բենզինի։ Վա՜յ Աստված։ Զանգեցի՝ անհասանելի է ցույց տալիս։ Մահասարսուռ մի դող անցավ մարմնովս։ Անցան ժամեր՝ նորից անհասանելի։ Նորից փորձեցի, ու հրաշք՝ զանգերը գնացին։ Մինչ կպատասխանեին՝ գոռացի.
- Կարոոո՜ո...- Ասես իրավունք չուներ չպատասխանելու։
- Ի՞նչ է եղել, Նելլի՛ տոտա, հասե՞լ եք, մերոնց հանդիպե՞լ եք։
- Կարոո՜ո...- անընդհատ անունն էի տալիս, որպեսզի նա խոսեր, ու ես համոզվեի, որ նա իրոք կենդանի է։
Փղձուկը եկել, հասել էր կոկորդս ու խեղդում էր ինձ, ու ես ուզում էի անվերջ լսել նրա ձայնը։
- Նելլի՛ տոտա, էդ ինչ գազան արաղ ես թողել, ես ու Արմանը մեղրով խմել էինք ու շշկռվել։ Մնացինք առանց բենզինի։
Լացս ու ծիծաղս իրար էին խառնվել։ Համատարած ողբերգության մեջ ուրախությունն այդ պահին ամենամեծ հանցանքը կլիներ։ Բայց ես ծիծաղելով լալիս էի. այնքան էին խմել ու անջատված քնել, որ Կարոն անգամ չգիտեր պայթյունի մասին։ Ես անգամ մոռացել էի այդ օղին նվիրող ազատամարտիկի անունը, անգամ չգիտեի՝ ողջ է՞, թե՞...
Ես դուրս եկա մեքենայից, որովհետև Ալինայի հեծկլտոցները և ամուսնու հանդեպ մեղադրանքները՝ «Դու ես մեղավոր», մուրճի պես խփում էին գլխիս՝ ինձ էլ ներքաշելով մեղավորության թնջուկի մեջ։
Մի քանի րոպե հետո նորից առաջ շարժվեցինք։ Բայց ճանապարհն արդեն նույն ճանապարհը չէր, և այն խորասուզվեց հավերժական խավարի մեջ։
Մարդկանցից շատերը լուռ էին։ Մեքենաների շարժիչների ձայնն անգամ խեղդվել էր անձրևի ու քամու սուլոցներում։ Ամեն մեկը կուչ էր եկել իր ծածկոցի տակ՝ թրջված պարկերի պես։ Անգամ երեխաներն էին սսկվել, որովհետև ամենաողբերգականը թողել էին հեռվում՝ կրակի լեզվակների մեջ։
Հեռվում մի դրախտ է վառվում։

25.09.2026

Նելլի ՍԱՀԱԿՅԱՆ
Դիտվել է՝ 187

Մեկնաբանություններ