Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով
26.09.2026 | 12:07
Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե զրկված է իր ժողովրդի բարոյական հենարանից։ Երբ պետական համակարգը հենվում է ոչ թե քաղաքացու վստահության, այլ վախի, ատելության և բռնության վրա, այն ներսից դատարկվում է։
1941 թվականի ամռանը՝ Երկրորդ աշխարհամարտի առաջին երկու ամիսներին, երբ Խորհրդային բանակը տվեց ավելի քան երկու միլիոն գերի, դա միայն զինվորական անհաջողություն կամ մարտավարական սխալ չէր։ Դա բարոյական ու քաղաքական փլուզում էր։ Ստալինյան տեռորը, կոլեկտիվացումը, աքսորներն ու անդադար վախը մարդկանցից խլել էին ամենակարևորը՝ պատկանելության զգացումը։ Մարդկանց ողբերգությունն այն էր, որ սեփական դահիճից ազատվելու հույսն այնքան մեծ էր, որ պետության կորուստը պահի ազդեցության տակ թվաց ավելի փոքր չարիք, քան տեռորի շարունակությունը։ Դա հասարակության հոգեբանական կոտրվածքի ամենաբարձրակետն էր։ Մարդիկ չէին ուզում զոհվել մի համակարգի համար, որն իրենց սպանում էր ամեն օր։
Այսօր, երբ մենք նայում ենք մեր շուրջը, տեսնում ենք մի երևույթ, որն իր փիլիսոփայական էությամբ շատ նման է այդ պատմական ողբերգությանը։ Երբ իշխող խմբակը հասարակության մեջ սերմանում է ատելություն, բաժանում է մարդկանց, բռնանում է ազատ խոսքի վրա և ստեղծում վախի մթնոլորտ, տեղի է ունենում ամենավտանգավոր բանը՝ քաղաքացու օտարումը սեփական պետությունից։
Փիլիսոփայական տեսանկյունից սա կոչվում է «քաղաքացիական դատարկություն»։ Երբ իշխանությունը նույնանում է պետության հետ և ասում՝ «Ես եմ պետությունը», նա քաղաքացուն դնում է անհնարին ընտրության առջև։ Արտաքին սպառնալիքի պահին մարդու մեջ բախվում են երկու զգացմունք՝ հայրենասիրությունը և արտահայտված ատելությունը դիկտատուրայի հանդեպ։ Մարդիկ սկսում են մտածել. «Եթե հանուն հայրենիքի փրկության ես կռվեմ, արդյո՞ք պարզապես չեմ երկարաձգի ինձ նվաստացնող բռնապետի իշխանությունը»։
Ահա սա է դիկտատուրայի մեծագույն հանցագործությունը հայրենիքի նկատմամբ։ Բռնապետը, փորձելով անձնական իշխանությունն անհպելի դարձնել, կաթվածահար է անում հասարակության դիմադրողականությունը։ Նա սպանում է մարդկանց մեջ պայքարելու, զոհողության գնալու բարոյական դրդապատճառը։
Բայց մենք՝ որպես ազգ, պետք է ունենանք իմաստնություն՝ հասկանալու կարևորագույն տարբերությունը.
• Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են։
• Պետությունը և Հայրենիքը մեր հավերժական տունն են, մեր զավակների ապագան։
Եթե մենք թույլ տանք, որ դիկտատուրայի հանդեպ մեր արդարացի ատելությունը մեզ դարձնի անտարբեր սեփական պետության կորստի նկատմամբ, մենք կկրկնենք 1941 թվականի ողբերգությունը։ Մենք կկորցնենք տունը՝ մտածելով, թե պատժում ենք տան վատ տանտիրոջը։
Իսկական քաղաքացիական հասունությունը պահանջում է կրկնակի ուժ. պաշտպանել հայրենիքի սահմանները արտաքին թշնամուց, բայց երբեք չհաշտվել ներքին բռնապետության հետ։ Պետք է հիշել՝ դիկտատորները գալիս ու գնում են, իսկ կորցրած պետականությունը հետ բերելը հաճախ պահանջում է դարերի արյուն ու տառապանք։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Մեկնաբանություններ