Արևմտյան մոլորություն. ո՞ւր է տանում ռուսատյացության նոր ալիքը
26.09.2026 | 15:21
Իշխանությունների ծպտյալ խրախուսանքով գնալով մեծ չափերի է հասնում ռուսաֆոբիան։ Արևմուտքը, որպես առաջադիմության ռահվիրա, ռուսատյացության դրոշակակիր է, իսկ Հայաստանը, իբրև առաջադեմ երկիր, չի խորշում միանալ «առաջադեմ» կոչերին.
- Ռուսը շեկ թուրք է, թուրքն էլ էն թուրքը չէ, ավելի լավ է թուրքի շունը լինենք, քան ռուսի բարեկամը,- հասկացող-չհասկացող վերևից իջած թելն են մանում։
Նիկոլը Չեխիայից հայտարարում էր, որ Ղարաբաղը Ադրբեջան է և վերջ, իսկ նիկոլականները Հայաստանից արձագանքում են, թե Ղարաբաղը ռուսները տվեցին։ Քաջնազարականությունը երկրում ծայրահեղ չափերի է հասնում։ Պատերազմող Նազարը վրդովվում էր, մուննաթ գալիս թշնամի երկրի վրա, թե դրանք ո՞նց են համարձակվում իրենց հողերը մեզ չտալ, իսկ նազարական հայը տրտնջում է, թե ռուսն ինչո՞ւ չի կռվում հայի համար, ինչո՞ւ չի զոհվում հանուն հայ ժողովրդի ապագայի։
Հայը ուրիշի հաշվին փորձում է գիտակցել իր շահը, իսկ ռուսը հային ողջամտության կոչ է անում.
- Որքան էլ ռուս ժողովուրդը սիրի հայ ժողովրդին, այնուամենայնիվ, նա չի կարող հայից ավելի հայ լինել։
Նիկոլական հային դա ամենևին հասանելի չէ, նրան ավելի քան հասու է «առաջադեմ» Եվրոպան, քան «հետադեմ» Ռուսաստանը։
Ամեն ինչ արվում է Արևմուտքին սիրաշահելու, նրա պարտադրանքն իրականացնելու համար՝ հանուն Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի շահի, բայց ոչ Հայաստանի ու հայ ժողովրդի։ Կարևորը, որ այդ ամենն արվի Եվրոպայի սրտով՝ ընդդեմ Ռուսաստանի, որպեսզի նրա ոտքը, շունչն ու հոգին վտարվեն Անդրկովկասից։
Մի ասող լինի...
Այսօր այդ ասողը ես եմ.
- Իսկ ի՞նչ է արել Արևմուտքը, Եվրոպան հանուն Հայաստանի. գոնե մի բան արե՞լ է. բացի խառնակչությունից ու ստահոդ խոստումներից՝ ի՞նչ է արել։
Կասեք՝ Վուդրո Վիլսոնի իրավարար վճի՞ռը, Սևրի պայմանագի՞րը։
Բա ու՞ր է այդ փաստաթղթերի իրականացումը, որտե՞ղ են հիմա այդ թղթերը։
Ով-ով, բայց այդ թղթերի պիտանելիության և գտնվելու տեղը ես լավ գիտեմ. ինչ-որ մեկի զուգարանում... հատկապես, երբ նա ազգությամբ թուրք է։
Բայց և այնպես, պատմությունը մեզ դաս չէ. մեր հայացքը չի կտրվում Արևմուտքից. հավատարմության երդումով, կոկորդիլոսի արցունքներն աչքներիս աղերսելով նրա գութն ու օգնությունը՝ դեռևս փորձում ենք ամեն ինչ անել նրանց աչքից չընկնելու համար, թեկուզ և այն ուղղված լինի մեր ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի դեմ, պատրաստ՝ նույնիսկ ինքնազոհողության։
Հյուսիսից մեզ զգուշացնում են, զգոնության կոչեր անում.
- Ուկրաինայում էլ այդպես սկսվեց...
Իշխանություններին սկիզբը տեսանելի է, բայց ոչ ամենևին վերջը։
Իսկ վերջը կռիվ է, ավեր, «աղետալի պատերազմ», ինչպես կբառաչեր մեր ինքնակոչ մարգարեն։
Հային սկիզբը չի անհանգստացնում, քանզի իշխանավորը կարճատես է։ Հայը «ոչ մի թիզական» է, քանի դեռ առաջ էր գնում, երբ գնում էր առանց հետ նայելու։ Մինչդեռ իրական պատերազմը թիկունքում է։ Մեկ ճակատամարտ, մեկ պարտություն, և «թիզը» ճողվածք է տալիս. հաջողության բութից նույնիսկ ճկույթը չի մնում։ Մինչդեռ առողջ ցուցամատը մի այլ բան էր ցույց տալիս.
- Արեգակն արևելքից է գալիս, լույսի ծնունդն արևելքից է...
Բա՛վ է լույս, հույս ու փրկություն փնտրենք Արևմուտքում, որտեղ բազում արեգակներ են խորտակվել:
Ըստ «օդից չկախված» լուրերի՝ նոյեմբերի 1-ից Ռուսաստանը դադարեցնում է գազի մուտքը Հայաստան։
Ուկրաինայում էլ այդպես սկսվեց։
Այսօր Ուկրաինան Արևմուտքի թելադրանքով արդեն հինգ տարի պատերազմի մեջ է։
Սողացող ճակատն անհագ վիշապի ախորժակով առաջ է մղվում։
Հանգուցալուծումը մոտ է։
Արևմուտքը մաքառում է «մինչև վերջին ուկրաինացին»...
Հետաքրքիր է՝ Հայաստանը որքա՞ն կդիմանա։
24.09.2026 թ.
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
Մեկնաբանություններ