«Երրորդ տարբերակ». ո՛չ, այլևս չենք անելու
27.09.2026 | 11:43
Սիրելի՛ հայեր,
Հայրենիք վերադառնալու ճիշտ ժամանակն է, նույնիսկ՝ ուշացրել ենք։
Եթե ես օտար երկրում ապրեի, անմիջապես կթողնեի օտարի քաղաքացիությունն ու կվերադառնայի Հայաստան։ Կվերադառնայի այն մեծ վիրավորանքից, որ ինն ամիս շարունակ Արցախի հայերի հանդեպ ոչ միայն մարդկայնորեն անսիրտ ու անտարբեր եղան աշխարհի հզոր պետությունները, այլև միջազգային մարդասիրական կազմակերպությունները խախտեցին բոլոր օրենքները։ Նրանք հնարավորություն ընձեռեցին, ես կասեի՝ իրավունք տվեցին Ադրբեջանի իշխանություններին՝ բացահայտ կերպով ցեղասպանություն իրականացնելու Արցախի հայության հանդեպ և մնալու անպատիժ։
Հայե՛ր, մի՞թե պարտադիր է, որ մեր բնակության օտար երկրներում պատերազմ կամ խռովություններ լինեն, մեր կյանքին վտանգ սպառնա (ինչպես դա եղավ արաբական երկրներում), որպեսզի ստիպված հեռանանք ու գանք Հայրենիք։ Թե՞ սպասում ենք, որ դարձյալ մեկնենք մեկ ուրիշ օտար երկիր, որտեղ նույնպես մեր ապահովությունը երաշխավորված չէ։
Ամեն մարդ իր տունն ինքն է կառուցում և ապահովում դրա անվտանգությունը. ամեն ազգ իր Հայրենիք-պետությունն ինքն է շենացնում և հզորացնում։ Երրորդ տարբերակ չկա՛։
Այդ «երրորդը», ցավոք, հենց մենք՝ հայերս ենք իրականացնում, որովհետև մեր Մեծ Տունը՝ Հայրենիքը, թողնում ենք անապահով ու կիսավեր և շենացնում ուրիշների պետությունները։
Սիրելի՛ հայեր, հիշենք բոլորս և երբեք չմոռանանք. աշխարհում հարգում են նրան, ումից օգուտ են քաղում, այլ ոչ թե նրան, ով իր աստվածային շնորհները, հոգու և մտքի լույսն անսակարկ բաշխում է բոլորին՝ անխտիր։ Մեր այս անվերապահ նվիրումի օրինակները շատ են՝ Վրաստանում, Օսմանյան Թուրքիայում, Ռուսական կայսրությունում, ԽՍՀՄ-ում, ներկայիս ՌԴ-ում և այլուր. դրանք հաստատող բազում փաստեր կան։ Բայց նրանցից ո՞վ մեր նեղ վիճակում կանգնեց մեր կողքին։ Ոչ ոք։
Հիշենք ու չմոռանանք, սիրելի՛ հայեր. աշխատենք մեր տանը, շենացնենք մեր Հայրենիք-պետություն-տունը, և մեզ կհարգեն մեր ուժի համար, իսկ մեր ստեղծածից օգտվելու համար դեռ կգան ու կխնդրեն մեզ։
Նախ՝ լինենք ուժեղ ու հզոր, ապրենք արդար մեր երկրում, լինենք արդար միմյանց հանդեպ, իսկ օտարների պարագայում ընդունենք մեծ իտալացու՝ հանճարեղ և երիցս ճշմարիտ Մաքիավելիի բանաձևը. «Նպատակն արդարացնում է միջոցները...»։ Այս անիրավ աշխարհը մինչ օրս հենց այդ սկզբունքով է կառավարվում։
Ինչո՞ւ մեր նպատակների իրականացման ժամանակ մենք հաշվի ենք նստում բոլորի շահերի հետ, իսկ մեր ազգային նպատակները միշտ թողնում ենք վաղվան, երբ վաղն ինքնին անկանխատեսելի է։ Ազգային հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել «այստեղ և հիմա» անբեկանելի օրենքով։
Մեր ազգային ողբերգությունները հաստատում և ապացուցում են, որ խեղճին ու խելոքին (թեկուզ՝ հանճարեղ) հարվածում են չորս կողմից, որպեսզի նրա կարողություններն անվճար շահագործեն։ Ու մենք ինքներս ենք օգնել մեր թշնամիներին։
Մինչև ե՞րբ պետք է շարունակվի մեր թուլացումը սեփական երկրում և երևութական ուժեղացումը՝ ուրիշի հողում։
Ամեն մարդ իր տունն ինքն է կառուցում և շենացնում։ Ամեն ժողովուրդ իր պետությունն ինքն է հզորացնում։
Երրորդը... Ո՛չ, է՛լ չենք անելու։ Թող այլևս ոչ ոք չակնկալի մեզանից այդ անպատվաբեր, նսեմացնող երրորդ տարբերակը։
Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Գրող, հրապարակախոս
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ