Ամենադաժան ու ծանր կորուստը անվերականգնելի ու անվերադարձնելի արժեքների կորուստն է
27.09.2026 | 11:50
Ազգերի ու ժողովուրդների համար դա թերևս մարդկային կյանքերի կորուստն ու պատմամշակութային արժեքների ոչնչացումն է։ Դա մեր հիշողության, հավատքի, այդ տարածքում հայի ու հայկականության հետքերի, նրա ինքնության ոչնչացումն է, դարերով ձևավսրված մեր ավանդույթների, ճարտարապետության, մշակութային ձեռքբերումների ոչնչացնումն է, որոնք իրենց մեջ կրում են մեր դարերի խորքերի պատմության ողջ ծալքերը, մեր պայքարը, մեր տառապանքները, զրկանքները, արվեստը, տաղանդը, հուշերը, ցուցադրում են մեր մշակութային առանձնահատկությունները։ Իսկ մենք ցավալիորեն ու անարժապատվորեն հաշտվում ենք այդ ամեն ինչի հետ և դեռ խաղաղության հույսեր ենք կապում մի պետության ու ազգի հետ, որը թուրք է կոչվում, որն ընդունակ է նմանօրինակ վանդալիզմի, մշակութային կոթողների, տարիներով ստեղծած օջախների ու գերեզմանների պղծության։ Արևմտյան Հայաստանը պրծան, Նախիջևանը պրծան հիմա էլ Արցախի` հայ ժողովրդի մշակույթի այդ արժեքավոր ու յուրօրինակ մասն են պղծում։ Էլ ինչպե՞ս, էլ ինչով պիտի ներկայանանք աշխարհին ու օտարներին հպարտությամբ, պատմենք, պարծենանք, գլուխ գովենք, թե մենք սա ենք եղել, նա ենք եղել, մենք էս ենք, մենք էն ենք, եթե մեր անցյալին, մեր պատմությանը, մեր անգնահատելի մշակութային արժեքներին, մեր հողին ու արժեքներին տեր չենք կանգնում, ձայն չենք բարձրացնում սիրելի՜ ժողովուրդ։ Չէ որ ոչնչացված մշակութային այդ արժեքներն անկրկնելի են, անվերականգնելի են, անգնահատելի են, եզակի են։
Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Մեկնաբանություններ