Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիային՝ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աքրամինյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում հայտնվել է բարդ իրավիճակում և կարող է դիմել ռազմական ուժի կիրառման։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի դուրսմղումը Արևմտյան Ասիայից տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ։               
 

Հերոսների պաշտամունքի առկայության պայմաններում հասարակությունը մնում է առողջ և ապաքինվում է բարոյական խնդիրներից

Հերոսների պաշտամունքի առկայության պայմաններում հասարակությունը մնում է առողջ և ապաքինվում է բարոյական խնդիրներից
27.09.2026 | 19:40


Հերոսները ապրողների հոգու սպեղանին են, արժեքավորում են նրանց հավաքական գիտակցությունն ու պատվախնդրությունը, նորոգում են ազատատենչ մղումներն ու լույս սփռում օրվա հիմնահարցերին:
Նրանք, երբեմն հերոսանում են ակամա, ենթարկվելով իրենց իսկ խղճի հարցադրումներին, երբեմն էլ, գիտակցաբար՝ երբ անձնազոհության վեհ ակտով, անձնական սխրանքի օրինակով փորձում են ճանապարհ բացել կլանող խավարի մեջ: Հենց այսպես նրանք դառնում են այն խորացող, ակունքներից սնվող շիվերը մեր արմատ համակարգի, որոնցով պայմանավորված են ծառի տեղը, դերը, տեսքը, արժանապատվությունը՝ բոլոր ժամանակներում:
Հերոսացման ակտը հոգու ճիչ է, անսահման կամքի դրսևորում, մեծագույն զոհաբերումի փաստ, որտեղ անհատը, անկախ դրդող հանգամանքներից, պատճառականությունից, վեր է կանգնում ժամանակների սպանող, տաղտկալի առօրեկանությունից, խոյանում է վեր, իր թռիչքով ցույց է տալիս մարդուն ու մարդկանց, հասարակությանն ու ամբոխին - բազմաթիվ ելքերից միակը, վերջինը, անհնարինը կարծես թե, սակայն ստույգաբար իրագործելին, բարոյապես մաքուրն ու վսեմը, անմոռանալին ու մեծը՝ բովանդակությամբ, խառնվածքով՝ սխրանքը:
Հերոսների նկատմամբ, պետությունը պարտավոր է պատշաճ վերաբերմունք դրսևորել։ Նրանց ընտանիքների անդամները սոցիալական հիմնահարցերի խնդիր պիտի չունենան։ Նրանց անունն ու սխրանքը պիտի ամրագրվի դասագրքերում, ուսումնական ձեռնարկություններում, դասարաններում ու մանկապարտեզներում։ Նրանց շիրիմները առանձնահատուկ հոգատարության ներքո պիտի լինեն։ Նրանց մասին վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի, գրական գործերի պակաս պիտի չլինի։ Նրանց անուններով պիտի անվանակոչվեն փողոցները, հրապարակները, ծառուղիները և մեր չծնված զավակները։
Նրանց պատկերները պիտի լինեն ամենուր։ Յուրաքանչյուր պատանի, անգամ՝ նախադպրոցական, մանկապարտեզից սկսած պիտի իմանան նրանց անուններն ու սխրանքի նկարագիրը։ Միայն այդպես է արժեվորվում հերոսությունը սերնդե սերունդ։ Այդպես էր Անդրանիկի, Նժդեհի, Թեհլիրյանի, Նելսոն Ստեփանյանի, Բաղրամյանի, Մոնթե Մելքոնյանի, Կարոտի, Թաթուլ Կրպեյանի ու շատ շատերի դեպքում։ Բազմաթիվ հերոսներ ապրում են մեր կողքին, և մեղավոր չեն, որ չեն զոհվել ու ականատեսն են մեր բարոյազրկման ու դավաճանական վերաբերմունքի։
Վերացվում են հերոսների դպրոցական անկյունները, հանվում են նրանց պատկերները բակերից, հիվանդանոցներից, քաղաքներում անհայտանում են նրանց նվիված բազմաթիվ պաստառները, և այս ամենը մեր մտավորականության լռության ներքո։ Եթե մենք՝ ինքներս մեզանից չենք պահանջում, այսօրվա գաճաճ իշխանավորներից պահանջելն անիմաստ է։
Հերոսների պաշտամունքի առկայության պայմաններում հասարակությունը մնում է առողջ և ապաքինվում է բարոյական խնդիրներից։

Դավիթ Վանյան
Դիտվել է՝ 119

Մեկնաբանություններ