Իրանի բանակը լիովին պատրաստ է դիմակայելու ԱՄՆ-ի կողմից հնարավոր ռազմական ագրեսիային՝ հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Աքրամինյան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տարածաշրջանում հայտնվել է բարդ իրավիճակում և կարող է դիմել ռազմական ուժի կիրառման։ Նա նաև ասել է, որ ԱՄՆ-ի դուրսմղումը Արևմտյան Ասիայից տարածաշրջանը կդարձնի ավելի անվտանգ։               
 

Մեծ Կոմբինատորը փաշինյանական ՊՈԱԿ-ի 74-էջանոց դրամատուրգիայում

Մեծ Կոմբինատորը փաշինյանական ՊՈԱԿ-ի 74-էջանոց դրամատուրգիայում
27.09.2026 | 21:58

Առանց չափազանցության՝ դեռ «թավշյա» անդորրի ու շոկի մեջ եմ ՔՊ-ական քաղաքական թատրոնի «պրիմա» Հասմիկ Հակոբյանի եթերային հայտնությունից (հղումը՝ Հ․Գ․1-ում)։

Նրա ցուցադրած դասագրքային кляуза-ն, որը չափվում է հազարավոր վիրտուալ «տուգրիկներով», պարզապես գավառական դրամատուրգիայի Պառնասն է, որի առջև Բենդերի «Եղջյուրներ և կոտոշներ» գրասենյակը ծանոթ սրտիկն է ցույց տալիս ու խոնարհաբար լռում։

Եթե ավելի լուրջ՝ ցնցվեցի մինչև հոգուս խորքն ու հուզվեցի տիկին Հասմիկի հերթական եթերային զառանցանքից։ Բայց՝ թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ․․․ ՎարչաԲԵՆԴի ականջը խուլ․ հանկարծ չլսի՛։ Այլապես մրցակցություն զգալով, սովորության համաձայն, կեսգիշերային մի սպառնալից SMS էլ նրան կուղարկի ու կպահանջի ակնթարթային «մանդատաթափում»՝ իր բացառիկ թատրոնի տարածք ներխուժելու համար։ Չէ՞ որ նա ուրիշի հաջողությունը (նույնիսկ տգիտության ասպարեզում) պարզապես չի հանդուրժում։

Հակառակի պես՝ թաշկինակ էլ չունեի, որ սրբեի աչքերիցս հորդող արցունքները։ Քիչ էր մնում թրջեի նոութբուքս՝ գավառական դրամատուրգիայի այս «կատարյալ» նմուշի վրա ողբալիս։ Բարեբախտաբար, ստեղնաշարս փրկվեց, բայց հայ քաղաքական միտքը՝ ո՛չ։

Հավատացե՛ք, հենց սեպտեմբերի 27-ի նախօրեին ներկայացրած այդ տրագիկոմիկ դերասանությունն ու ՊՈԱԿ-ային «զեկույցի» շուրջ պատգամավոր տիկնոջ հոգեվարքային հեծկլտոցները կհալեցնեին անգամ Անտարկտիդայի հավերժական սառույցները։

Եթե Իլֆն ու Պետրովը մի հրաշքով հայտնվեին մերօրյա քաղաքական «դիմակահանդեսում» և լսեին ՔՊ-ական պատգամավորի այս ճառը, վստահաբար Օստապ Բենդերին կստիպեին նախանձից հեծկլտալ։

Չէ՞ որ Մեծ Կոմբինատորը նույնիսկ իր լավագույն օրերին չհասավ դեմագոգիայի այնպիսի «բարձրունքների», որտեղ քարոզչամեքենայի պատվիրված «զեկույցը» մատուցվում է որպես Վերջին Ավետարան, իսկ եթերը վերածվում է отец Ֆեոդորի երազած «մոմի գործարանի» ու ռեվիզիոնիստական զառանցանքի։

Այդտեղ արդեն «Եղջյուրներ և կոտոշներ» գրասենյակը պարզապես խոնարհաբար կփակեր իր դռները՝ հասկանալով, որ պետական բյուջեի հաշվին սնվող գավառական դրամատուրգիան անհասանելի բարձրունք է շարքային շուլերների համար։

Բայց Օստապ-Սուլեյման-Բերտա-Մարիա-Բենդեր-Բեյը չէր կարող լուռ հեռանալ ասպարեզից՝ առանց գնահատելու «հեղափոխական կոլեգաների» մասշտաբները։

Գլուխ X․ «Խաղաղությունից քշվածներն» ու հոգևորականների «հացի խնդիրը»

Մեծ Կոմբինատորն ուշադիր լսեց երեսփոխան տիկնոջ խոսքը, որը «ը՜ը՜ը՜»-ներով ու հոգնեցնող «հա՞»-երով համեմված տեքստով փորձում էր աշխարհին ապացուցել, որ Սուրբ Էջմիածինը ոչ թե հոգևոր կենտրոն է, այլ «Հորն ու Որդուն» կից սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ)։

- Շու՛րա,- Բենդերը դիմեց Բալագանովին,- տեսնու՞մ ես այս «պրիմադոննային»։ Նա «թավշյա» կապիտալիզմի նորագույն արտադրանքն է։ Մենք քեզ հետ միասին փորձում էինք ընդամենը անդրդունայան հնդկահավ Կորեյկոյից միլիոն պոկել, իսկ այս մարդիկ, իշխանական աթոռներին բազմած, սիրում են «մեռել քերել» և փող հաշվել ուրիշի գրպաններում։

Նայե՛ք այս երեսփոխանական դրամատուրգիային․ ի՜նչ սրտաճմլիկ սյուժե։

Հայր Աղանին չար Վեհափառը աքսորել է այնպիսի ծայրամաս, որտեղ, մեջբերում եմ՝ «չկա ոչ գումար, ոչ մի բան»։ Այսինքն՝ աշխարհագրական այնպիսի մի կետ, որտեղ նույնիսկ ֆիզիկայի օրենքները չեն գործում, անգամ մատերիան է դադարում գոյություն ունենալուց։ Եվ այդ ամբողջ ընթացքում «էլիտայից դուրս» մնացած հարյուրավոր հոգևորականներ, հացի խնդիրը ձեռքներին, սպասում են, թե երբ է Կաթողիկոսը թույլ տալու, որ շնչեն։

- Օստա՛պ Իբրահիմովիչ, իսկ փա՞ստը․ Կաթողիկոսը «Հայր Աղանին արտաքսեց ծայրամաս», «էլիտայից դուրս»։

- Շեքսպիրյան դրամա, Շու՛րա, հզո՜ր գավառական դրամատուրգիա։ Այս տիկինն այնպիսի պաթոսով է պատմում «ծայրամաս ուղարկելու» մասին, կարծես ինքն ու իր պարագլուխները ծնվել են Վերսալի պալատներում և երբեք չեն տեսել, թե ինչպես է ապրում իրական ժողովուրդը։ Իրենք ամբողջ երկիրը դարձրել են անվտանգությունից ու ապագայից զրկված «ծայրամաս», բայց հոգևորականի՝ գյուղում ծառայելը ներկայացնում են որպես «աքսոր»։ Սրանք Սուրբ Էջմիածնի դարավոր կարգն ու ծառայությունը խառնել են իրենց կուսակցական «список»-ների ու պաշտոնական աթոռակռվի հետ։

Օստապ Բենդերն արտիստական շարժումով թեթևակի հետ հրեց սպիտակ ֆուրաժկան և, մտահոգ նայելով մոնիտորից ճտպտացող տիկնոջը, եզրակացրեց․

- Սա արդեն «Ստարգորոդի խոդ» չէ, սա պարզապես «հոգևոր շանտաժի» գավառական վոդևիլի պրեմիերա է։ Նայե՛ք, թե ինչպես է այս քաղաքացուհին փորձում «Օստապ Բենդերի անվան 400 եղանակներից» ընտրել ամենահնացածը՝ «ուրիշի գրպանի փողերը հաշվելու» «ход»-ը։

Օստապը հանդարտ փչեց ծխախոտի ծուխն ու շարունակեց․

- Ո՞րն է սրանց գլխավոր ողբերգությունը։ Նրանք գրել են 74-էջանոց «տանջալից-մաշող» մի զեկույց, որն ավելի շատ հիշեցնում է «Ստարգորոդի միսիոներական կոմիտեի» հաշվետվությունը, և հիմա փորձում են դրանով վախեցնել 1725-ամյա կառույցին։ Նրանք խոսում են «Կտրիճ Ներսիսյանի բիզնեսներից» այնպիսի ծանրակշիռ դեմքով, ասես հենց նոր բացահայտել են Սուխումիի թեյի պլանտացիաների գաղտնիքը։

- Բայց չէ՞ որ նրանք խոսում են «չքավոր հոգևորականներից»,- միջամտեց Շուրա Բալագանովը՝ աչքերը լայն բացած,- ասում են՝ հոգևորականը երեխայի համար դրամահավաք է անում․․․

- «Հոգևորականը ժողովրդին է դիմում փողի համար»․ ի՜նչ հայտնագործություն։ Դարեր շարունակ եկեղեցին ապրել է հենց ժողովրդի տվածով ու հանգանակություններով, բայց ՔՊ-ական բյուրոկրատիայի համար դա սենսացիա է։ Նրանց պատկերացմամբ՝ փողը պետք է գնա միայն մի ուղղությամբ՝ ժողովրդի գրպանից դեպի պետական բյուջե, որտեղից էլ՝ իրենց երկրաչափական պրոգրեսիայով աճող աշխատավարձերին, տներին ու ծառայողական ավտոմեքենաներին։ ՈՒրիշ ոչ մի տեղ փող գնալու իրավունք չկա։

«Մենք գիտենք, թե ինչպիսի կյանքով են ապրում գյուղերում հոգևորականները»,- արտաբերեց Օստապ Բենդերն ու հառաչեց․- «Կոմսությունը» գիտի, որ իրենք աղքատ են, բայց «կոմսությունը» նրանց փող չի տա, որովհետև «կոմսությունը» զբաղված է 1725-ամյա կառույցի դեմ պայքարելով։ Գիտե՞ս ինչ, Շու՛րա,- եզրակացրեց Մեծ Կոմբինատորը,- երբ իշխանության ներկայացուցիչը, որն իր կյանքում միայն պատգամավորական կոճակ սեղմել է սովորել, սկսում է Եկեղեցուն բարոյականություն ու ֆինանսական թափանցիկություն դասավանդել, ես հասկանում եմ, որ մեր «Եղջյուրներ և կոտոշներ» գրասենյակը պարզապես սուրբ մանկապարտեզ էր։ Սրանք անգամ Սուրբ Էջմիածինը կվերածեին կոոպերատիվի, եթե միայն կարողանային պատգամավորական մանդատով հասնել դրան։ Բայց մասշտաբը չի հերիքում։ Զառանցանքն ունի իր սահմանները, իսկ պատգամավորական պոպուլիզմը՝ ոչ։

- Բայց քահանաների սոցիալական վիճա՞կը․․․

- Է՜հ, իմ սիրելի՛ Շու՛րա,- հառաչեց Բենդերը,- դու այդպես էլ մնացիր անուղղելի միամիտ։ Երբ պետության «պարգևավճարային էլիտան», որն ամեն ամիս պետական բյուջեից իր անտակ գրպանն է դնում «հազարավոր տուգրիկներ», հանկարծ սկսում է «լաց լինել» գյուղական քահանայի սոցիալական վիճակի համար, դա արդեն «հոգատարություն» չէ․ դա «մարդասիրություն՝ հանուն քաղաքական դիվիդենտի» անունն ունի։ Նրանց չի՛ մտահոգում կարոտյալ երեխայի առողջությունը․ նրանց պետք է այդ քահանայի դժգոհությունը, որպեսզի դրանից եփեն հերթական «քարոզչական ապուրը»։

- Հազարավո՜ր տուգրիկնե՜ր․․․,- Շուրան երկմտանքի մեջ էր։

Մեծ Կոմբինատորի աչքերը փայլեցին, ինչպես Վասյուկիի շախմատային ակումբի անդամներինը, երբ լսեցին միջմոլորակային մրցաշարի մասին։

- Շուրա՛, դու լսու՞մ ես հնչեղությունը․․․ Ո՛չ թե սովորական, տաղտկալի դրամներ, դոլարներ կամ եվրոներ, այլ հենց տուգրիկնե՛ր։ Դա կատարելապես համապատասխանում է ՀՀ ներկայիս օրենսդիր մարմնի «ֆինանսական աուդիտի» մասշտաբներին։

Օստապ Բենդերը հանդիսավորությամբ ուղղեց երևակայական պիջակի օձիքը, թերթեց ՊՈԱԿ-ի 74 էջանոց «դարակազմիկ» զեկույցն ու շարունակեց․

- Տե՛ս, թե ինչպես է ամբողջանում սյուժեն։ Տիկնոջ վկայակոչած այդ «հսկայական բիզնեսները» չեն կարող չափվել սովորական արժույթով․ դրանք պետք է չափվեն հենց մոնղոլական տուգրիկներով։ Պատկերացնու՞մ ես՝ «Կաթողիկոսն ու իր էլիտան տիրապետում են հազարավոր, ինչու՞ չէ՝ միլիոնավոր տուգրիկների»։ Եվ այդ ամենը՝ քրոջ տղայով, եղբորով և հեռավոր բարեկամներով։ Այդքան տուգրիկը տեղավորելու համար Սուրբ Էջմիածնի նկուղներում հաստատ հատուկ սնդուկներ են պետք, որոնք հսկում են անձամբ հրեշտակապետերը։

Բալագանովը, որը մտովի փորձում էր հաշվել, թե քանի մեխանիկական սրճաղաց կամ ծառայողական մեքենա կարելի է գնել այդ «հազարավոր տուգրիկներով», հիասթափված հարցրեց․

- Օստա՛պ Իբրահիմովիչ, իսկ դրանցով հնարավո՞ր է երկրի անվտանգության հարցերը լուծել, թե՞ դրանք միայն զեկույցներում են գեղեցիկ հնչում։

- Ո՛չ, իմ խեղճ ընկեր,- հառաչանքով պատասխանեց Բենդերը,- տուգրիկը վիրտուալ քաղաքականության արժույթն է։ Դրանով կարելի է գնել միայն ՊՈԱԿ-ի աշխատակիցների երևակայությունը և պատգամավորական «ը՜ը՜ը՜»-ներով լեցուն ելույթների տեքստերը։ Երբ պետության իրական անվտանգությունը հասնում է կրիտիկական կետի, իսկ ասելիք չկա, իշխանությանը մնում է միայն հաշվել ուրիշի վաստակած «հազարավոր տուգրիկները»՝ հուսալով, որ ժողովուրդը կմոռանա իրական խնդիրների ու 2020-ի սեպտեմբերի 27-ի մասին։

Սա է պոպուլիզմի ոսկե օրենքը․ եթե չկան իրական ձեռքբերումներ, հորինի՛ր հակառակորդի «հազարավոր տուգրիկները» և հրամցրու՛ հանրությանը։ Անվտանգությունն ապահովում են զենքով, արժանապատվությամբ և ուղեղով, իսկ սրանք անվտանգությունը փոխարինել են 74 էջանոց «դրամատուրգիայով»։ Երբ թշնամին կանգնած է դռանը, սրանք նստած տուգրիկ են հաշվում Աստծո գրպանում։

Բալագանովը կրկին երկմտանքի մեջ էր, նրա շուրթերը մեխանիկորեն շարժվում էին, իսկ մատները օդում ինչ-որ անտեսանելի հաշվիչ մեքենայի կոճակներ էին սեղմում․

- Օստա՛պ Իբրահիմովիչ, բայց եթե ՊՈԱԿ-ի 74 էջանոց «լվացքում» գրված է այդ տուգրիկների մասին, ուրեմն ինչ-որ տեղ դրանք ֆիզիկապես գոյություն ունեն։ Չէ՞ որ չի կարելի այդքան թուղթ փչացնել հանուն ոչնչի։

Մեծ Կոմբինատորը թեթևակի ժպտաց այնպիսի հայացքով, որով փորձառու ուսուցիչը նայում է յոթ տարի առաջին դասարանում մնացած տհաս աշակերտին, և հանդիսավորությամբ ուղղեց սպիտակ շարֆը․

- Օ՛, իմ խեղճ ընկեր, отец Ֆեոդոր,- թատերական հառաչանքով բացականչեց Մեծ Կոմբինատորը՝ ձեռքերը պարզելով երկինք,- դու քո ամբողջ կյանքում երազում էիր սեփական մոմի գործարանի մասին, բայց այդպես էլ չհասկացար, որ իսկական կապիտալը ոչ թե մոմերի, այլ 74 էջանոց ՊՈԱԿ-ային «զեկույցների» մեջ է։

Նա ամուր գրկեց վարչաՖԵՍտի աշխատակազմի ՊՈԱԿ-ի կնիքով թղթապանակը․

- Սա սովորական զեկույց չէ․ սա բյուրոկրատական հանճարի գագաթնակետն է։ Յոթանասունչո՛րս էջ։ Դու պատկերացնու՞մ ես, Շու՛րա, թե որքան պետական թուղթ, թանաք և աշխատավարձ է ծախսվել, որպեսզի աշխարհին ապացուցվի, թե իբր Սուրբ Էջմիածինը «ճգնաժամի մեջ է»։

Ես ժամանակին ընդամենը չորս հարյուր համեմատաբար օրինական եղանակ գիտեի մարդկանցից փող կորզելու, բայց այս ՊՈԱԿ-ը գերազանցեց ինձ․ նրանք հորինել են եկեղեցական բարենորոգման յոթանասունչորս էջանոց եղանակ՝ սեփական պատվերով։

Բենդերը հանդիսավորությամբ բացեց թղթապանակը և սկսեց թերթել․

- Լսի՛ր, Շու՛րա, այս մարդիկ Վեհափառ Հայրապետին անվանում են «Եկեղեցու փաստացի պետ»։ Ի՜նչ վարչական նրբանկատություն։ Նրանց պատկերացմամբ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ թե հոգևոր առաջնորդ է, այլ ինչ-որ գերատեսչության տնօրեն կամ կոոպերատիվի նախագահ, որին կարելի է աշխատանքից ազատել պատգամավորական հայտարարությամբ կամ ՊՈԱԿ-ի տեղեկանքով։

Իսկ ի՞նչ է ասում մեր հարգարժան պատգամավոր օրիորդը․ «Մի հատ էդ զեկույցը կարդալուց ուշադրություն դարձրեք էդ ցանկին»։

- Օստա՛պ Իբրահիմովիչ,- ընդհատեց Բալագանովը՝ աչքերը չռած,- իսկ այդ ցանկում ի՞նչ կա գրված։

- Օ՛, իմ խեղճ Շու՛րա, այնտեղ կա այն ամենը, ինչը չի տեղավորվում իշխանական ֆեյսբուքյան ստատուսներում։ Այստեղ, հավանաբար, մանրամասն նկարագրված է, թե ինչպես են հրեշտակները կաշառք վերցնում դրախտի ուղեգրերի համար, և թե ինչպես է Կաթողիկոսը գաղտնի տիրապետում տիեզերական մոմերի մեծածախ շուկային։ Սա «Եղջյուրներ և կոտոշներ» գրասենյակի ամենաթանկարժեք պատվերն է։ Մենք մեր գրասենյակը պահում էինք հասարակ չորացրած եղջյուրների հաշվին, իսկ սրանք մի ամբողջ 1725-ամյա պատմություն փորձում են տեղավորել սեփական ՊՈԱԿ-ի հաշվետվության մեջ։

Մեր ծնողները՝ Իլֆն ու Պետրովը, պատգամավորական այս «զեկույցահեն» քարոզչությունը կեզրափակեին այսպես․ «Թխված զրպարտագիրը որպես պետական դոկտրին»։

Երբ իշխանությունը սեփական ձախողումները բացատրելու համար պատվիրում է 74 էջանոց «գրականություն», դա արդեն քաղաքականություն չէ․ դա գրահրատարակչական հուսահատություն է։

Իսկ աշխարհիկ գործերը ձախողածները, Շու՛րա, միշտ էլ սիրում են կարգուկանոն հաստատել հոգևոր աշխարհում, որովհետև Աստված, ի տարբերություն ընդդիմության, միանգամից պատասխան հարված չի հասցնում։- Գնա՛նք, Շու՛րա,- կանչեց Բենդերը՝ «զեկույցը» ցուցադրաբար նետելով աղբաման։- Այս թատրոնում տոմսերն անվճար են, բայց ներկայացումը չափազանց թույլ է ու պրիմիտիվ։ Երբ պատգամավորը թղթե «զեկույցով» պատերազմ է հայտարարում դարավոր Սուրբ Էջմիածնին, նա նմանվում է Դոն Կիխոտին, որը փորձում է հողմաղացի փոխարեն տապալել եկեղեցու գմբեթը։ Բայց սրանք մոռանում են ամենակարևորը․ իրենց հեծած նժույգը ոչ թե Ռոսինանտն է, այլ ընդամենը ՊՈԱԿ-ի աղմկոտ մատնագիրը, որը առաջին իսկ քամուց փլվելու է հենց իրենց գլխին։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ․Գ․1

Հղումը՝

https://www.facebook.com/reel/3660911447409047

Հ․Գ․2

Խորհուրդ ընթերցողին․

Անպայման դիտեք ՔՊ-ական «պրիմայի» այս արցունքաբեր ելույթը, բայց նախապես զինվեք թաշկինակներով կամ, ավելի լավ է, ջրակայուն դիմահարդարմամբ։ Գավառական դրամատուրգիայի այս դասական նմուշը դիտելիս Օստապ Բենդերը՝ լաց լինելով կհանձներ իր դերասանական վկայականը։

Զգուշացում․ տեսանյութը պարունակում է պոպուլիզմի բարձր չափաբաժին, «տուգրիկային» զառանցանք և դերասանական այնպիսի խաղ, որից նույնիսկ Ստանիսլավսկին կբացականչեր․ «Հավատո՜ւմ եմ, այնքան անհույս է, որ հավատում եմ»։

Դիտվել է՝ 143

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ