Հիշողությու՞ն, թե՞ ինքնագովազդ. ինչու է պատերազմը դարձել սոցցանցային փիառի միջոց
28.09.2026 | 12:30
2020 թվականի 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցի այս օրերին սոցիալական ցանցերում կրկին նկատվում է զինվորական համազգեստով և զենքով լուսանկարներ ու ռիլսեր հրապարակելու «ավանդույթը»։ Հնարավոր է՝ այդ կադրերը նկարահանվել են հենց այն ժամանակ, երբ դիրքերում շատ զինծառայողներ նույնիսկ քիթը սրբելու ժամանակ չունեին։
Վառ օրինակի համար՝ իմ հանգուցյալ հայրը 1992–1993 թվականներին, լինելով Կապան քաղաքի ռազմական պարետը և տվյալ ուղղությամբ մարտական գործողությունների հրամանատարը (անձամբ պատասխանատվություն կրելով Սյունիքի մարզկենտրոնի համար), անմիջականորեն մասնակցել է մարտական գործողություններին։ Ավելին, այդ ժամանակահատվածում նորաստեղծ Հայոց բանակն այդ ուղղությամբ ունեցել է մարտական հաջողություններ, սակայն նա երբեք չի լուսանկարվել կամ տեսանկարահանվել։
Գուցե հենց դրանով է պայմանավորված նաև այն, որ առաջին պատերազմից հետո այդ ուղղությամբ մարտերին մասնակցած և հետագայում «Մարտական խաչ» շքանշաններ ու գեներալների կոչումներ ստացած, բայց լուսանկարներ ու տեսանյութեր ունեցող նախկին ենթականերն ու զինակիցները 44-օրյա պատերազմին այդպես էլ չկարողացան դրսևորվել որպես մարտական սպաներ, քանզի իրական մարտական գործողություններից այդ ժամանակահատվածում պարզապես հեռու էին։ Պատերազմը սոցիալական ցանցերում փիառվելու վայր չէ։
Այս ֆոնին բավական տարօրինակ են բազմաթիվ այն հրապարակումները, որոնց հեղինակները 44-օրյա պատերազմին մասնակցել են կամավորական հիմունքներով՝ չընդգրկվելով կանոնավոր բանակի շարքերում, այժմ պատմում են, թե տարբեր ուղղություններով են կռվել, սակայն որևէ կոնկրետ ուղղության վրա մինչև վերջ չեն մնացել, իսկ այդ ընթացքում հասցրել են լուսանկարել ու պահպանել լուսանկարների հսկայական արխիվներ և ժամերով տեսագրություններ։
Այս ամենի քանակից երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե պատերազմին գրեթե ամբողջ ազգն է մասնակցել, իսկ պարտությունը տեղի է ունեցել ինչ-որ անհեթեթ ու դժբախտ հանգամանքների պատահական համակցության հետևանքով։
Բայց պատերազմը նաև հիշողություն է։ Եվ այդ հիշողությունը պետք չէ վերածել ինքնագովազդի։ Այն ժամանակ, երբ ոմանք տեսախցիկով նկարահանում էին իրենց, շատ ուրիշ զինծառայողներ իրականում կռվում էին, վիրավորվում և զոհվում՝ կատարելով իրենց պարտքը Հայրենիքի նկատմամբ։ Այդ պատճառով մի փոքր համեստությունն իրոք չէր խանգարի։
Զոհվածների նկատմամբ հարգանքը չի սկսվում զինվորական համազգեստով լուսանկար հրապարակելուց։ Այն սկսվում է պատերազմում տեղի ունեցածի նկատմամբ ազնիվ վերաբերմունքից, սեփական դերի մասին ճշմարտությունը չուռճացնելուց և զոհվածների հիշատակը սեփական ինքնագովազդի գործիքի չվերածելուց։
Պատերազմում կռվում են հերոսները։ Ընդ որում՝ Հայոց բանակը 44-օրյա պատերազմում դրսևորել է իրեն որպես աշխարհի լավագույն բանակներից մեկը՝ միաժամանակ պատերազմելով երեք պետությունների, ինչպես նաև բազմաթիվ վարձկանների դեմ, պարբերաբար հարվածներ ստանալով թիկունքից և դիմակայելով 44 օր։
Էդգար Հովհաննիսյան
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող, պահեստազորի մայոր
27.09.2026 թ.
Հ.Գ.1
Կռվում են հերոսները։
Հաղթում է ժողովուրդը։
Վայելում են սրիկաները։
Հավերժ փառք մեր նահատակ հերոսներին։
Հ.Գ.2
Լուսանկարի տեքստը՝
Х А Р А К Т Е Р И С Т И К А
На ОГАНИСЯНА МАРАТА ОГАНЕСОВИЧА
1940 года рождения,
армянина по национальности,
полковника по званию.
Тов. Оганисян Марат Оганесович служил в городе Капане с сентября 1992г. по апрель 1993г. командиром боевых действий добровольческих формирований обороны Капанского района. Благодаря его усилиям, дисциплинированности и трудолюбию было создание вышеуказанное единое вооруженное формирование, которое защищало приграничные района г. Капана.
Лично п/п Оганисян М.О. неоднократно участвовал в боевых действиях при обороне района. За храбрость, отвагу и организационные способности, проявленные во время службы п/п Оганесяну Марату Оганесовичу было присвоено очередное воинское звание полковника.
Полковник Оганисян М.О. был не только военным руководителем, но и уважаемым гражданином Капана. Он пользовался уважением и любовью среди сослуживцев, командного состава и подчиненных.
Председатель райисполкома /ստորագրություն/ САРДАРЯН С.С.
Председатель Горисполкома г. Капана /ստորագրություն/ САРУХАНЯН
Секретарь горисполкома /ստորագրություն/ Д.Д. ПАПАЗЯН
Այլ ստորագրություններ և կնիքներ
Մեկնաբանություններ