Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Ինքնիշխանության աղբյուրները և «Սատանան»-2

Ինքնիշխանության աղբյուրները և «Սատանան»-2
28.09.2026 | 13:01

Սկիզբը՝ այստեղ

Օտարերկրյա տիրակալից կախված իշխանությունը կարող է իրեն թույլ տալ ամեն ինչ, բացի մեկ բանից․ որ սեփական ժողովուրդը տեսնի այդ կախվածությունը։ Գոյություն ունի միայն մեկ լուծում՝ սատանա նշանակել մեկ այլ օտարերկրյա տիրակալի։ Այդպես Բաքվից կախվածությունը վերանվանվեց «Մոսկվայից ազատագրման» (Մաս 1-ի հղումը՝ այստեղ)։
Սկսենք մի հարցից, որը մեզ մոտ ինչ-ինչ պատճառով չեն տալիս․ ինչո՞վ է ապացուցվում «Մոսկվայից ազատագրումը»։
Ձեռք են բերում այն, ինչը չի եղել։ Ուրեմն պետք է լինեն փաստեր, որոնք ցույց են տալիս, թե մինչև վերջերս Հայաստանն ինքնիշխան չի եղել՝ որոշումներ է կայացրել, օրենքներ ընդունել, Սահմանադրության հոդվածներ փոխել Մոսկվայի ցուցումով՝ սեփական շահին հակառակ։
Փաստեր չկան․ դրանց փոխարեն կա փաշինյանական մի ձևակերպում՝ «Ղարաբաղի հարցը թոկ էր Հայաստանի վզին»։
Ենթադրենք։ Այդ դեպքում՝ ե՞րբ և ո՞վ կտրեց այդ «թոկը»։ Ադրբեջա՞նը 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ին՝ ռազմական գործողությամբ, որի արդյունքում 120,000 մարդ լքեց հայրենիքը։ Այսինքն՝ Փաշինյանի տրամաբանությամբ Հայաստանի ինքնիշխանությունը ոչ թե նվաճվել է, այլ տրվել։ Տրվել է հենց այն մարդու կողմից, ում կամքից (ինչպես պարզեցինք) այսօր կախված է նրա իշխանությունը։ Գինը՝ Արցախ և 120,000 մարդ։ Ահա և ամբողջ ապացույցը։
Այժմ ստուգենք հակառակ պնդումը՝ արդյո՞ք Հայաստանը նախկինում ինքնիշխան էր։
1. 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանը ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և նույնը պահանջեց իր դաշնակիցներից։ Ի տարբերություն Սիրիայի, Վենեսուելայի, Նիկարագուայի, ըստ Փաշինյանի՝ «ռուսական թոկին կապված» Հայաստանը հրաժարվեց ճանաչումից, իսկ 2014 թվականին չճանաչեց նաև Ղրիմի միացումը։ Այո, Բելառուսն էլ չի ճանաչել նրանց անկախությունը, սակայն ի տարբերություն Բելառուսի․..
2. Հայաստանը 1994 թվականին միացավ ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին, 2005-ին ստորագրեց Գործընկերության անհատական գործողությունների ծրագիրը, զորախմբեր ուղարկեց Կոսովո, Իրաք՝ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմում, և Աֆղանստան։ 2020 թվականի հոկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը պաշտոնապես շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ «երկար տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, այդ թվում՝ Աֆղանստանում» ներդրած ավանդի համար։ Իր տարածքում ռուսական ռազմաբազա ունեցող երկիրը տասնամյակներ շարունակ զինվորներ էր ուղարկում՝ ծառայելու ՆԱՏՕ-ի դրոշի ներքո։ Բելառուսը ոչ մեկին չէր ուղարկել։
3. Հայաստանը 2015 թվականին միացավ ԵԱՏՄ-ին, իսկ 2017-ին ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA)՝ դառնալով ԵԱՏՄ միակ անդամը, որն ունի նման համաձայնագիր։
Երկիրը, որը չէր ճանաչում Աբխազիայի, Հարավային Օսիայի անկախությունն ու Ղրիմի բռնակցումը, շուրջ 30 տարի մասնակցում էր ՆԱՏՕ-ի գործողություններին և ԵՄ-ի հետ ստորագրում համաձայնագրեր՝ գտնվելով ԵԱՏՄ-ում, ըստ Փաշինյանի, ինքնիշխանություն է ձեռք բերել այն պահին, երբ վերաշարադրում է սեփական Սահմանադրությունը հարևանի պահանջով։
Այստեղ պետք է հիշել դասագրքային ճշմարտությունը՝ 100 տոկոսով ինքնիշխան պետություններ գոյություն չունեն։ Գերմանիայում կա մոտ 35 հազար ամերիկացի զինվորական, Ճապոնիայում՝ մոտ 50 հազար։ ԱՄՆ ռազմաբազաներ կան Իտալիայում, Իսպանիայում, Հարավային Կորեայում, Թուրքիայում և այլուր։ Թվարկած պետություններից ոչ ոք իրեն չի համարում ինքնիշխանությունից զուրկ։ Ինքնիշխանությունը չափվում է ոչ թե նրանով, թե ում զինվորներն են կանգնած քո տարածքում, այլ թե ով է որոշումներ ընդունում քո երկրում։
Բայց այս թեզի լավագույն հերքումը ոչ թե Բեռլինում է կամ Տոկիոյում, այլ Բաքվում։
2009 թվականի սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան կողմից Վաշինգտոն (հասցեատերեր՝ Պետդեպարտամենտ, ԿՀՎ, հետախուզական և ռազմական այլ կառույցներ) ուղարկված «գաղտնի» հաղորդագրության մեջ նշվում է․
«Նախագահ Ալիևը հորից ժառանգել է խելացի, իրատեսական արտաքին քաղաքականություն, որը հիմնականում պահպանել է։ Ադրբեջանի անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու և մեծացնելու հիմնական նպատակով նա խրախուսում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի և եվրոատլանտյան անվտանգության կառույցների հետ... Մնացած հարցերում նա իր հզոր հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի նկատմամբ հերթափոխում է կոշտությունն ու հանդարտեցումը... Նա բավականաչափ վճռական է՝ պաշտպանելու Ադրբեջանի՝ անկախ քաղաքականություն վարելու իրավունքը, բայց բավականաչափ զգուշավոր է, որպեսզի Սահակաշվիլիի հետ միասին չհայտնվի Մոսկվայի գնդակահարության ցուցակում» (հղումը՝ այստեղ)։
Ինքնիշխանության բարձրացման դասական օրինակ՝ արձանագրված ԱՄՆ դեսպանատան կողմից դեռևս 17 տարի առաջ։ Հաջորդ պարբերությունում ասվում է. «Ալիևը, անկասկած, հասկանում է, որ Ադրբեջանը չի կարող իրեն թույլ տալ Թուրքիայի հետ լիակատար խզում և հաստատ չի պատրաստվում վիրավորանքի պատճառով փակել իր հնարավորությունները»: Վիրավորանքի պատճառով իր հնարավորությունները փակելը ԱՄՆ դեսպանատունը 2009 թվականին արձանագրել էր որպես ոչ խելացի ղեկավարի հատկանիշ։
Արդյունքում Ադրբեջանը ստացավ և՛ Ղարաբաղը, և՛ միջանցքը, և՛ խաղաղ գործընթացն՝ իր պայմաններով, և՛ խաղաղության մրցանակը Հայաստանի վարչապետի համար՝ ցույց տալով, թե ինչպես է փոքր պետությունն աշխատում մեծ տերությունների հետ։
Այժմ տեսնենք, թե ինչպես էինք դա անում մենք։
Ինչպես են գործում դաշինքները
2021–2022 թվականներին Ադրբեջանը գրավեց Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառակուսի կիլոմետրը։ 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո Երևանը ռազմական օգնության համար պաշտոնապես դիմեց Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ Անվտանգության խորհրդին։
ՀԱՊԿ-ն ուղարկեց մշտադիտարկման առաքելություն, իսկ նույն տարվա ընթացքում Հայաստանի նկատմամբ սպառնալիքների թեմայով տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդի երեք արտահերթ նիստ։ Նոյեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնեց, որ Հայաստանի համատեղ օգնության միջոցառումների մասին որոշման նախագիծը «ընդհանուր առմամբ համաձայնեցված է»։
Սակայն Փաշինյանը հրաժարվեց ստորագրել հռչակագիրն ու օգնության մասին որոշումը՝ ագրեսիայի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով։ Քանի դեռ ոչ ոք Ադրբեջանին ագրեսոր չի անվանել, օգնության ստորագրումը հնարավոր չէ։
Պայմանը սկզբունքային է թվում։ Տեսնենք, թե ինչ եղավ հետո։
Հայաստանը ստացավ գնահատականը։ 2023 թվականի մարտի 15-ին Եվրոպական խորհրդարանն իր զեկույցում վճռականորեն դատապարտեց «2022թ. սեպտեմբերին Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան» և կոչ արեց «բոլոր ուժերին վերադառնալ ելման դիրքեր»։ Ավելի ամբողջական գնահատական պահանջել հնարավոր չէ։
Հայաստանը ստացավ նաև դիտորդներ, ընդ որում՝ նրանց ընդունեց դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, առանց որևէ նախապայմանի։ Այսօր ԵՄ առաքելությունն աշխատում է Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով, իսկ ադրբեջանական զորքերը կանգնած են նույն դիրքերում արդեն չորրորդ տարին։
Ուրեմն հարցը ո՛չ բառերի մեջ է, ո՛չ գնահատականների, ոչ էլ դիտորդների։ Ո՛չ դատապարտումը, ո՛չ հեռադիտակը չեն տեղաշարժում զինվորին գրաված բարձունքից։ Նրան տեղաշարժում է մեկ այլ բան, և դրա մասին արժե ուղիղ ասել։
Այստեղ մենք մոտենում ենք մի բանի, որը պետք էր դպրոցում բացատրել․ ռազմական դաշինքները չեն ձևավորվում և երկրները միմյանց չեն օգնում ՀԱՆՈՒՆ իրար։ Երկրներն օգնում են ինչ-որ մեկի ԴԵՄ։ Սա ցինիզմ չէ, այլ պետական շահի սահմանում։
Ստուգենք ռուս-ուկրաինական պատերազմի համատեքստում.
1. ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմ (Կիև, 2023թ. մայիս). «Լավագույն փողը, որ մենք երբևէ ծախսել ենք... Եվ ռուսները մահանում են»:
2. ԱՄՆ սենատոր Միթ Ռոմնի (2023թ. օգոստոս). Ուկրաինային օգնությունը «ազգային պաշտպանության լավագույն ծախսերն են», որովհետև «մենք շատ փոքր գումարի դիմաց հյուծում և ամայացնում ենք ռուսական բանակը»։
3. ՄԹ վարչապետ Բորիս Ջոնսոն (2023թ. սեպտեմբեր). ԱՄՆ-ը տրամադրել է պաշտպանական բյուջեի մոտ 1 տոկոսը, «ամերիկյան կոշիկներ գետնի վրա չկան, և չկա հնարավորություն, որ տուն վերադառնան ամերիկյան դագաղներ»։
Այդպես եղել է միշտ։ 1991 թվականին 35 երկրների կոալիցիան հավաքվեց ոչ թե 2 միլիոն բնակչությամբ էմիրության համար, այլ որովհետև Իրաքը՝ Սադդամ Հուսեյնի գլխավորությամբ, վտանգում էր համաշխարհային նավթի մոտ 20 տոկոսի նկատմամբ վերահսկողությունը։
Իսրայելի օրինակը և ցեղասպանության զենքայնացումը
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց․
«Էրդողանը բռնապետ է։ Նա ՀԱՄԱՍ-ին ընդունում է Թուրքիայում... Նա ժխտում է Հայոց ցեղասպանությունը... ապօրինաբար օկուպացնում է Հյուսիսային Կիպրոսը և մշտապես ոտնձգություններ է անում Հունաստանի նկատմամբ»։
Իսրայելը Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել։ Բայց Էրդողանի դեմ մեղադրանքների ցանկում Ցեղասպանությունն իր տեղը գտավ ՀԱՄԱՍ-ի և Կիպրոսի միջև։ Սա մեխանիզմն է իր մաքուր տեսքով. Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել, այն կիրառվել է որպես զինամթերք ուրիշի վեճում։
Եվ առանձին դառնությունն այն է, որ երեք ամիս առաջ Հայաստանի վարչապետը կոչ էր անում «վերջ տալ Ցեղասպանության զենքայնացմանը»։ Երեք ամիս անց այն զենքայնացվեց՝ միայն թե ոչ մեր կողմից և ոչ մեր շահերից ելնելով։
Կօգնե՞ արդյոք Ռուսաստանը, և ո՞րն է այլընտրանքը
Անցնենք գլխավոր հարցին, որն այսօր ակտիվորեն շրջանառվում է Հայաստանում․ կօգնի՞ արդյոք Ռուսաստանը Թուրքիայի ներխուժման պարագայում։
1974 թվականին Թուրքիան ներխուժեց Կիպրոս։ Հունաստանը (1952 թվականից ՆԱՏՕ-ի անդամ) ի նշան բողոքի դուրս եկավ ՆԱՏՕ-ի միասնական ռազմական կառույցից, քանի որ դաշինքի անդամ երկրները ոչինչ չձեռնարկեցին։ Եվ վեց տարի անց վերադարձավ, որովհետև դրսում ավելի վատ էր, քան ներսում։
Ահա անկեղծ պատասխանը. դաշինքը կամ դաշնակիցը, ամենայն հավանականությամբ, չի աշխատի այնպես, ինչպես մենք հույս ունենք, հատկապես եթե ագրեսորը նրա համար նույնպես գործընկեր է։ Բայց վիրավորվածության նշանով դաշինքից դուրս գալը դրությունը չի բարելավում։
Այժմ նայենք ճշմարտության աչքերին։ 2022 թվականի հունվարի 6-ին Փաշինյանը՝ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հայտարարեց պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն խաղաղապահ ուժեր Ղազախստան ուղարկելու մասին։ Հայաստանն ուղարկեց ավելի քան 100 զինծառայող։
Ինչպե՞ս կվերաբերվեր հայ հանրությունը, եթե Ղազախստանում հայ զինվոր զոհվեր՝ ապահովելով Տոկաևի իշխանության պահպանումը։ Մենք կհարցնեինք՝ իսկ մեզ դա ինչի՞ համար է պետք։
Հենց այս հարցն է իրեն տալիս ղազախ և բելառուս հասարակությունը, երբ խոսքը հասնում է նրան, որ իրենց զինվորները պետք է կռվեն Ադրբեջանի դեմ Հայաստանի համար։ Ռուս զինվորը չի պատրաստվում զոհվել Հայաստանի համար, լեհ զինվորը՝ Ուկրաինայի համար։ Սա դավաճանություն չէ, սա աշխարհի դրվածքն է։
Արտաբլոկային կարգավիճակը և Սիրիայի դասը
Եվ հետևաբար՝ ի՞նչ է առաջարկվում ռուսական ռազմաբազայի փոխարեն։ Ոչինչ։ Ներկա իրավիճակում ՀԱՊԿ-ից դուրս գալը արտաբլոկային կարգավիճակ է ոչ թե որպես ընտրված ռազմավարություն, այլ որպես մնացորդային արդյունք։
Արտաբլոկային կարգավիճակը հրաշալի բան է, բայց Շվեյցարիայի, Ավստրիայի, Իռլանդիայի համար։ Նրանց համար, ովքեր չունեն տարածքային վեճեր և որոնցից չեն պահանջում վերաշարադրել Սահմանադրությունը։ Ում մոտ այս ամենը կա, արտաբլոկային կարգավիճակն այլ կերպ է կոչվում։
Չե՞ք հավատում։ 1998 թվականին Թուրքիան պատերազմի սպառնալիքով ստիպեց Սիրիային արտաքսել Քրդական բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանին։ 2000-ականներին հարաբերությունները կարգավորվեցին այնպիսի մակարդակի, որին Թուրքիա-Հայաստան հարաբերությունները նույնիսկ մոտ չեն (առանց վիզայի ռեժիմ, կառավարությունների համատեղ նիստեր)։ Դա չխանգարեց Թուրքիային 2016–2020 թվականներին իրականացնել «հակաահաբեկչական» գործողություններ Սիրիայում և օկուպացնել հյուսիսային շրջանները։
Ջերմ հարաբերությունները չեն փոխարինում սահմանին։ Պայմանագրերը չեն փոխարինում երաշխիքին։ Իսկ նրան, ում այսօր անվանում են ահաբեկիչ, վաղը կարող է խոսել ՄԱԿ-ի ամբիոնից, եթե դա ինչ-որ մեկին պետք լինի։
Եզրափակում
2022 թվականի հոկտեմբերի 14-ին ԱՊՀ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարեց. «...ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի»։ Այս տրամաբանությամբ՝ քանի որ սահմանազատված չէ, նշանակում է՝ Հայաստանը գոյություն չունի։
Սեպտեմբերի 21-ին՝ անկախության տոնին, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը «Եռաբլուրում» նշեց. «Տա Աստված, մենք վերջնականապես ունենանք պետական սահմաններ և լիովին անկախ լինենք»։ ՀԱՊԿ-ը վերացնելու համար հորինված «տրամաբանությունը», հետևողականորեն կիրառվելով, վերացրեց Հայաստանը։ Եվ դա արեց ոչ թե ընդդիմախոսը, այլ իշխանական պատգամավորը։
Ինքնիշխանությունը ո՛չ կարգախոս է, ոչ էլ ամսաթիվ։ Այն չափվում է մեկ բանով՝ ում պահանջներն են կատարում քո կառավարությունն ու խորհրդարանը։
Եվ քանի դեռ Հայաստանի Սահմանադրությունը վերաշարադրվում է Բաքվում կազմված ցուցակով, Մոսկվայից ինքնիշխանություն ձեռք բերելու մասին խոսակցությունները արտաքին քաղաքականություն չեն։ Դա «Սատանայի» դեմ կռիվ է, որն իրականում չկա։

Լևոն ԶԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.
«Լիարժեք անցումը ժողովրդավարությանը քիչ հավանական է... Ցանկալի և, հնարավոր է, հասանելի է այն, որ Ալիևը կառավարի որպես դաշինքների մենեջեր...»։ Վաշինգտոնում Ադրբեջանի ժողովրդավարացում չէին սպասում դեռևս 2009 թվականին և դա գրում էին գաղտնի հեռագրերում։
Դիտվել է՝ 1488

Մեկնաբանություններ