Զորամասի «լավերը» պաշտպանության նախարարին չստերո՞վ են դիմավորում
28.09.2026 | 16:27
Այսօր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերթական տեսանյութն է հրապարակել՝ իր հերթական անսպասելի այցից զորամասերից մեկը։
Տեսանյութում պատկերված է զորամասի անձնակազմը՝ առավոտյան մարմնամարզություն իրականացնելիս։ Մասնակցում են նաև սպաներն ու պայմանագրային զինծառայողները՝ սպորտային համազգեստով։ Միևնույն ժամանակ, պլացի հարակից տարածքում շարքով կանգնած են ժամկետային զինծառայողները՝ զինվորական համազգեստով, իսկ նրանց ոտքերին՝ չստիկներ։
Տրամաբանորեն կարելի է ենթադրել, որ չստիկներով շարքով կանգնած ժամկետային զինծառայողները առողջական խնդիրներ ունեն, ինչի հետևանքով չեն մասնակցում առավոտյան մարմնամարզությանը։
Սակայն այստեղ մի շարք հարցեր են առաջանում։
Եթե այդ զինծառայողներն իսկապես ունեն առողջական խնդիրներ և բժշկական նկատառումներով չեն մասնակցում առավոտյան մարմնամարզությանը, ապա ինչո՞ւ են նրանք գտնվում զորամասի պլացի հարակից տարածքում և շարքով կանգնած, այլ ոչ թե զորամասի բուժկետում։ Արդյո՞ք առողջական խնդիր ունեցող զինծառայողների նման ձևով շարելը իրավաչափ է և չի կարող դիտարկվել որպես նրանց նկատմամբ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ խոշտանգում։
Ավելին, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա. Թորոսյանի՝ ավելի վաղ արված հայտարարության համաձայն՝ Զինված ուժերում առկա է համապատասխան կարգավորում, որի համաձայն՝ առավոտյան մարմնամարզության պարապմունքները ղեկավարող սպաներն ու պայմանագրային զինծառայողները զորամասում իրավունք ունեն կրել սպորտային համազգեստ։
Քանի որ, ինչպես մեզ է ներկայացվել, այդ իրավական կարգավորումը հիմնված է ավելի քան երկու տասնյակ իրավական ակտերի վրա, խնդրում ենք հրապարակել այն իրավական ակտը կամ ակտերը, որոնցով սահմանվում է նշված իրավունքը։
Միաժամանակ խնդրում ենք պարզաբանել, թե ինչու ՀՀ ՊՆ իրային ծառայությունը չի ապահովում զորամասերում առավոտյան մարմնամարզության գործընթացն իրականացնող նշված անձնակազմին միաձև սպորտային համազգեստով։
Խնդրում ենք նաև պարզաբանել, թե ինչու առավոտյան մարմնամարզությանը չմասնակցող ժամկետային զինծառայողները ներկայացված են չստիկներով։
ՊՆ-ից ակնկալում ենք այս հարցերի հստակ իրավական հիմնավորումը։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
28.09.2026 թ.
Մեկնաբանություններ