Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Առաջնորդության ճգնաժամը և ազգային համերաշխության անհրաժեշտությունը

Առաջնորդության ճգնաժամը և ազգային համերաշխության անհրաժեշտությունը
29.09.2026 | 12:00

Այս մոլորյալ ու շփոթված վիճակում հայտնվել ենք այն պատճառով, որ ազգի խելոք մարդիկ իրար հետ անհաշտ և անհամերաշխ են եղել։
Իսկ երբ ժողովուրդն զգա ու տեսնի, որ ազգի իմաստուն ու խելոք մարդիկ, մտավորականությունն իր հետ անկեղծ են ու միմյանց հետ համերաշխ, սարեր շուռ կտա։ Ժողովուրդը նման է նժույգի. նա իրեն պահում է՝ ելնելով այն բանից, թե ով է նստած իր թամքին։ Հայ ազգը ցուցադրում է նախադեպը չունեցող եզակի օրինակ, երբ ինքն առաջ է անցնում իր էլիտայից և ավելի անկեղծ, խիզախ, նվիրյալ ու իմաստուն է, քան իր մտավորականությունը, էլիտան ու իշխանությունները։ Նա պատրաստ է պայքարելու ազգային արժանապատվության, անկախության ու անվտանգության, ինչպես նաև ազգային իշխանություն ունենալու համար։ Ժողովուրդը տվել է անկախության ու ազատության համար իր ամենաթանկը՝ իր զավակների կյանքը, անցել է զրկանքների ու տառապանքների դաժան փորձությունների միջով, վերապրել է սով, ցուրտ ու մութ տարիներ։ Սակայն նրա իշխանություններն ու մտավորականները նրան արժանապատվորեն չեն առաջնորդել և մխսել են նրա արյան գնով տարած հաղթանակն ու կանգնեցրել նվաստացման, պարտության ու կորուստների փաստի առաջ։
Փաստորեն, այս աննախանձելի վիճակում հայտնվել ենքայն պատճառով, որ ազգային քաղաքական ու մտավորական էլիտան եղել է հաշվենկատ, նյութապաշտ, վախկոտ ու պատեհապաշտ՝ անձնական շահը վեր դասելով ազգային-պետական շահից, որպեսզի անարժանների մի խմբակ իշխանություն ունենար և թալաներ։ Իսկ իշխելու համար ժողովուրդին պառակտեցին թե՛ ներսից, թե՛ դրսից՝ բաժանելով սևերի ու սպիտակների, իշխանամետների ու ընդդիմադիրների, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների ու տարբեր աղանդավորների, յուրայինների ու օտարների, հայաստանցիների ու արցախցիների միջև։
Մինչդեռ հայ մեծ գրող Հրանտ Մաթևոսյանն ասում էր. «Աստված, որ մի քանիսին անխելք է ստեղծում, մեկին, երկուսին էլ խելոք է ստեղծում, որ թույլ չտա՝ գելը նրանց ուտի»։ Հիմա մեր խնդիրը ազգին գելը ուտելուց պաշտպանելու, նրան մոլորությունից ու ինքնաոչնչացումից հետ պահելու մեջ է, որը պետք է փնտրել անկեղծ ուժեղ առաջնորդության, առաջնորդի ու առաջնորդության ճգնաժամի մեջ։ Չէ՞ որ Աստծո կամքով դա է նրանց տրված առաքելությունը, այդ նրանք են օժտված յուրահատուկ շնորհներով, իմաստությամբ, տաղանդով ու կամային հատկանիշներով։ Ժողովուրդը չի կարող վստահ ու պաշտպանված զգալ, եթե իր թիկունքին չի զգում իր իմաստունների տաք շունչն ու նրանց խորհուրդը։
Դրա հետ միասին՝ հայ ժողովուրդը քաղաքականապես հասուն չգտնվեց, չձևավորեց ու չունեցավ իր իսկական էլիտան, չգնահատեց նրան և իշխանության բերեց պատահական ու ապաշնորհ մարդկանց։ Հիմա ազգի փրկությունը նրա խելոք մարդկանց իրար գլխի հավաքվելու, նրանց համերաշխության ու միասնության մեջ է։ Երբ նվիրյալ-իմաստունները համախմբվում են, իրար պինդ են բռնում, իրար չեն նախանձում, իսկ ազգային-պետական շահը բարձր են դասում անձնական ու խմբային շահից, տգետներն ու ապաշնորհները զիջում են իրենց դիրքերը և նահանջում։
Իսկ մեծ հաշվով՝ Հայաստանում ստեղծված այս մղձավանջային վիճակը պայմանավորված է դրսի թելադրանքով, որը հետխորհրդային տարիներին իրականացվել է նրանց դրածո իշխանությունների միջոցով՝ Հայաստանը թուլացնելու և կազմաքանդելու նպատակով։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ
Դիտվել է՝ 98

Մեկնաբանություններ