Թեկնածուի փոխարեն՝ խոզ կամ ոչխար
29.09.2026 | 14:15
Հայաստանում սպառվել են ավանդական մեթոդներով իշխանության դեմ պայքարելու՝ պայմանական ընդդիմության ռեսուրսները: Անիմաստ և հոգնեցուցիչ է անընդհատ թեկնածու առաջադրել և պարտվել:
Այս օրերին Հայաստանում ՏԻՄ ընտրություններ են ընթանում: Հերթով, կարգով, շարքով «ընտրվում են» իշխանության ներկայացուցիչները: Պայմանական ընդդիմությունը չի թաթախվում «մանր-մունր» համայնքների ընտրություններում՝ նախընտրելով համեմատաբար խոշոր քաղաքները՝ Կապանը, Մասիսը...
Լավ, ենթադրենք՝ պայմանական ընդդիմության պայմանական թեկնածուն հաղթի որևէ քաղաքում։ Դրանից ի՞նչ է փոխվելու: Ի՞նչ փոխվեց, երբ նախորդ ՏԻՄ ընտրություններում Սյունիքի գրեթե բոլոր խոշոր համայնքներում հաղթեցին այնժամանակյա իբր ընդդիմադիրները՝ Առուշ Առուշանյանը, Գևորգ Փարսյանը, Մանվել Փարամազյանն ու մյուսները:
Եթե ավանդական գործիքակազմով չկա համակարգը փոխելու հնարավորություն, ապա ի՞նչ իմաստ ունի անընդհատ մասնակցել ընտրություններին և անընդհատ պարտվել: Ավելի լավ չէ՞ փոխել մարտավարությունը:
1968 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում ակտիվիստները որպես թեկնածու առաջադրեցին Pigasus անունով խոզին: Ըստ առաջադրման հեղինակների՝ եթե քաղաքական համակարգն անհեթեթ է, ապա ինչու՞ խոզին չառաջադրել որպես թեկնածու։
Ի՞նչ է խանգարում ընդդիմությանն Արարատում որպես թեկնածու թռչող կոկորդիլոս, Քաջարանում՝ ծաղկեփունջ, իսկ Դիլիջանում՝ «արու» առաջադրել: Հաստատ պարտվելուց շատ ավելի լավ արդյունք կգրանցեն:
Ի դեպ, 1968 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունները պատմականորեն ամենասկանդալայինն էին։
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ