Իմաստուն է ժողովրդի հավաքական միտքը, որն ասում է՝ «Գողը տանից չլինի, եզը երդիկից չեն հանի»։
Թումանյանն էլ ժամանակին ցավով արձանագրում էր՝ «Մեր մեջից է մեր ցեցը»։
Իսկ երբ արդեն բոռի կերպարանք առած այդ նույն ցեցը պատգամավորական մանդատ է ստանում, վերածվում ԱԺ երեսփոխան Հռիփսիմե Գրիգորյանի և ՔՊ-ական ողջ էությամբ ԵԽԽՎ վեհաշուք ամբիոնից, ի լուր աշխարհի, Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում «սահմանադրական կարգը տապալելու» մեջ, հասկանում ես՝ քաղպայմանագրային անազգ ու անպատիվ ֆաունան իսկապես չունի ո՛չ բարոյականություն, ո՛չ էլ սրբության կարմիր գծեր։
Հավատարիմ իր տեսակին ու տիրոջ ոճին՝ տիկին երեսփոխանն օգտագործեց եվրոպական շանսն ու 2026-ի սեպտեմբերի 28-ին անցավ տոտալ «բացահայտումների»՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պիտակավորելով որպես «օտարերկրյա գործակալ»։ Թե հատկապես ո՞ր երկրի հետախուզության մասին էր խոսքը՝ այդպես էլ չհստակեցրեց. հավանաբար թեման թողեց Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հաջորդ սերիայի սցենարիստներին։ Այդ պահին եվրոպացի պատվիրակներին երևի թվաց, թե ժողովրդավարության բարձրագույն ատյանի փոխարեն հայտնվել են երևանյան մետրոյի վագոնում՝ փաշինյանական թաղային «разборка»-ների հարթակներից մեկում։
Նիստը նախագահողը, որն այդպես էլ չգտավ «տան ցեց» կամ «կեղտոտ սպիտակեղենը հրապարակավ լվալ» հայկական պատկերավոր արտահայտությունների եվրոպական համարժեքները, հուսահատ ու ապշահար նայեց զրպարտչին։ Նա, հազիվ թե տիրապետեր «Փաշինյան և թիմ» ՍՊԸ-ի ներքաղաքական բանսարկությունների ու կեղտոտ զրպարտանքների ողջ «զինանոցին», ուստի կտրուկ ընդհատեց հայ խորհրդարանականի՝ «օդից կախված լուրեր» հրամցնելու նվաստ հնարքը։
Լուրջ և փաստարկված զեկույցներ լսելուն սովոր եվրոպացիները պարզապես ապշած էին. նրանց մտքով անգամ չէր կարող անցնել, որ կարելի է միջազգային բարձրագույն հարթակը շփոթել ֆեյսբուքյան էջի բոսյակային «սլիվների» ու թաղային բամբասանքների հետ։ Նրանք հապշտապ անջատեցին բարձրախոսը՝ հորդորելով վերադառնալ բացառապես քննարկվող օրակարգին։ Եվրոպական պատվիրակները պարզապես թույլ չտվեցին, որ սեփական պետությունն ու ազգային Եկեղեցին միջազգային ատյաններում վարկաբեկելու իշխանական մոլուցքը դառնա համաեվրոպական օրակարգ՝ տեղում խայտառակելով հերթական պատվերն իրականացնող երեսփոխանին։
Անբարո այս դրվագը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, թե ինչպես է «ներսի ցեցի» և «տան գողի» մասին թումանյանական ու ժողովրդական դառն իմաստնությունը կիրառվում ՀՀ ժամանակակից քաղաքական իրականության մեջ։
Ցեցից հանկարծ համաշխարհային դավադրություններ բացահայտող «տան գողի» վերածված իշխանական աղջիկն իրականում ապացուցեց միայն մեկ բան. երբ ստրասբուրգյան բեմերում ես փորձում ազգային «եզը երդիկից հանել», անգամ եվրոպացիներն են ապշած ձեռքերը լվանում ու անջատում բարձրախոսը։ Երբ սեփական երկրի կենսական շահերն ու դարավոր սրբությունները պաշտպանելու փոխարեն՝ խմբիշխանությունն արտաքին հարթակներում ստանձնում է հայկականության հիմնասյուները թիրախավորելու, վարկաբեկելու և կազմաքանդելու պատվիրված առաքելությունը, գործընթացը դադարում է սովորական քաղաքական ընդդիմախոսություն կամ կարծիքների բախում լինելուց։ Մենք ականատեսն ենք ազգային ինքնաոչնչացման ծրագրավորված ընթացքի, որտեղ սեփական պետության և ինքնության դեմ ուղղված ամեն մի դավադիր հարված հանրությանը հրամցվում է «բարեփոխման», «ինքնիշխանության» կամ «արդիականացման» շղարշով։
Ինչպես ցույց տվեց ԵԽԽՎ հարթակում ստացած հապշտապ ու կտրուկ ապտակը, նույնիսկ միջազգային սառնասիրտ դերակատարներն են շատ լավ հասկանում՝ երկրի ղեկին հայտնված խմբակի կատաղի պայքարը սեփական ժողովրդի պատմական հիշողության և հոգևոր արժեքների դեմ որևէ աղերս չունի ժողովրդավարության կամ առաջադիմության հետ։ Տեղի ունեցածը պարզապես ինքնախոստովանական ցուցմունք էր՝ սեփական անպատվության, ստորության և մանրամասն մշակված դավաճանության մասին։
Ի վերջո, միջազգային նմանօրինակ հարթակներում հնչող ցանկացած անհեթեթություն չի մնում սոսկ մեկ պատգամավորի անձնական խայտառակության շրջանակում. այն անխուսափելիորեն ծաղրելի ու նվաստացուցիչ տեսք է տալիս ողջ երկրին։ Ամեն անգամ, երբ այս խմբակի ձեռքին միջազգային հարմար ամբիոն է հայտնվում, աշխարհը ստիպված է լինում ականատես դառնալ հակահայկականության հերթական արարին. մեկ՝ հայ երիտասարդության սերուցքը ցեղասպանած ու Արցախն էթնիկ զտման ենթարկած Ալիևին են շնորհակալություն հայտնում, մեկ էլ՝ «հայերն ու ադրբեջանցիները խաղաղ գոյակցության դարերի փորձ ունեն» լկտի սուտն ու կեղծիքն են հնչեցնում։
Երբ օտարները տեսնում են, թե ինչպես են պետության պաշտոնական ներկայացուցիչները, սեփական տան ներքին հաշիվները մաքրելու և ազգային ինստիտուտները թիրախավորելու մոլուցքով տարված, աշխարհով մեկ վարկաբեկում սեփական հոգևոր առաջնորդին ու միաժամանակ սեփական արյունռուշտ թշնամուն խաղաղասեր ներկայացնում, ստեղծվում է կործանարար տպավորություն։ Արտաքին աշխարհի աչքերում Հայաստանը պատկերվում է որպես կազմաքանդվող մի հանրույթ, որի ղեկավարները կորցրել են տարրական դիվանագիտական էթիկան, պետական մտածողությունն ու սեփական արժանապատվության զգացումը։
Ողբերգական ու միաժամանակ խղճուկ տեսարան, որտեղ ներքին ցեցը, դուրս գալով միջազգային ասպարեզ, աշխարհին է ցուցադրում սեփական տունն ու արժեքները ներսից կրծելու և ոչնչացնելու արհամարհելի, բայց համառ ջանասիրությունը։
Պատմությունը, սակայն, ունի իր օրենքները. ցեցն ու գողը որքան էլ մանդատներով զարդարվեն կամ եվրոպական ամբիոններից հիստերիկ ճառեր հնչեցնեն, մնալու են որպես ժամանակավոր, անցողիկ պատուհաս։ Հայ ժողովուրդը միշտ էլ գտել է տունը մաքրելու և սեփական շեմը սրբելու իր միջոցը։ Ազգային ինքնաոչնչացման «բազարային» այս բալագանը շուտով ավարտվելու է, որովհետև իշխանական ժամանակավոր աղբն անցողիկ է, իսկ հայոց կենաց ծառն ու մեր արժեքները՝ հավերժական։
Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ