Աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ ղեկավարը պաշտոնավարում է ընտրության պահից, իսկ նույն մարմինը, որոշակի ընթացակարգով, կարող է նաև պահանջել նրա հրաժարականը։ Սակայն Եկեղեցու պարագայում այդ գործընթացը նույնական չէ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում Ազգային-եկեղեցական ժողովը բարձրագույն այն մարմինն է, որի իրավասության ներքո է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև Կաթողիկոսի ընտրությունը Հայ Եկեղեցու կյանքի ամենաբարձր և ամենապատասխանատու սրբազան գործընթացներից մեկն է։ Եկեղեցական ժողովն սկսվում է աղոթքով, Աստծո առաջ պատասխանատվության խոր գիտակցությամբ և ընթանում է Սուրբ Հոգու առաջնորդությամբ։
Գործք Առաքելոց գրքի 15-րդ գլխի վկայության համաձայն՝ Երուսաղեմի Առաքելական ժողովը, քննելով Եկեղեցու համար կարևորագույն հարցեր, իր որոշումը ձևակերպում է հետևյալ խոսքերով. «Հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ» (Գործք 15.28)։ Այս արտահայտության մեջ ամբողջությամբ բացահայտվում է եկեղեցական ժողովի բնույթը։ Առաքյալները չեն ասում՝ «մենք որոշեցինք»։ Նրանք իրենց որոշումը հասկանում են որպես Սուրբ Հոգու առաջնորդության ներքո կայացված եկեղեցական վճիռ։ Հենց սա է եղել և մնում եկեղեցական-ժողովական գիտակցության չափանիշը։
Հետևաբար, երբ Եկեղեցու իրավասու ժողովը, աղոթքով և եկեղեցական կարգով, ընտրում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին, այդ գործողությունը պետք է ընկալվի ոչ թե որպես աշխարհիկ ընտրական գործընթաց, այլ որպես Եկեղեցու աղոթական ու ժողովական ծառայություն՝ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Այսպիսով՝ եկեղեցական ժողովը չի կարելի նույնացնել խորհրդարանի, քաղաքական կուսակցության համագումարի կամ որևէ աշխարհիկ կազմակերպության նիստի հետ։
Հայ Եկեղեցու կանոնական ավանդության համաձայն՝ Կաթողիկոսն ընտրվում է Ազգային-եկեղեցական ժողովի կողմից՝ ցմահ, և ապա ձեռնադրվում ու օծվում որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Կաթողիկոսական օծումը վկայում է, որ Հայրապետի առաքելությունը պարզապես վարչական պաշտոն չէ։ Կաթողիկոսը ստանձնում է հոգևոր և հայրապետական ծառայություն Քրիստոսի Եկեղեցում, այսինքն՝ հանձն է առնում բացառիկ ու սրբազան առաքելություն։
Այսպիսով՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համար Կաթողիկոսի ընտրությունը պետք է հասկանալ երեք իրողությունների միասնության մեջ. Ժողով - Սուրբ Հոգու առաջնորդություն - Օծում։ Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պարզապես «ընտրված ղեկավար» չէ։ Նա Եկեղեցու կողմից ընտրված, սրբազան կարգով օծված և Քրիստոսի Եկեղեցում ծառայության կոչված Հայրապետ է։
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտոնական կենսագրությունը հստակ արձանագրում է, որ Հայոց Հովվապետը 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-եկեղեցական ժողովում ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց, իսկ նոյեմբերի 4-ին ստացել է կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։
Ըստ այդմ, եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընտրվել է Հայ Եկեղեցու բարձրագույն իրավասու ժողովի կողմից և ստացել կաթողիկոսական օծում, ապա նրա պաշտոնավարման հարցը չի կարող վերածվել աշխարհիկ-քաղաքական պահանջի։ Որևէ անհատ, խումբ, քաղաքական ուժ կամ պետական կառույց չի կարող իրեն վերապահել այն իրավասությունը, որը պատկանում է բացառապես Եկեղեցու կանոնական մարմնին։ Կաթողիկոսական ընտրությունը զուտ մարդկային կամ վարչական գործընթաց չէ, այլ աստվածմարդկային իրողություն։ Ընտրությունը չի կատարում միայն ժողովը՝ իր մարդկային պատասխանատվությամբ. այն տեղի է ունենում Սուրբ Հոգու ներգործությամբ։ Ուստի այդ ընտրության նկատմամբ առկա է աստվածային հաճությունը, և ընտրված Կաթողիկոսի ծառայությունը պետք է ընկալել աստվածայինի և մարդկայինի համագործակցության (սիներգիայի) խորհրդի լույսի ներքո։
Հետևաբար, երբ Կաթողիկոսի հեռացումը ներկայացվում է որպես պարզ վարչական գործընթաց՝ հաշվի չառնելով նրա ընտրության աստվածմարդկային բնույթը, այդպիսի մոտեցումը կարող է վերածվել պայքարի՝ ընդդեմ Սուրբ Հոգու առաջնորդության։ Մարդն իր անձնական կամ խմբային կամքի հիման վրա Կաթողիկոսի հեռացումը պահանջելով՝ իրեն վերապահում է այնպիսի իշխանություն, որով մարդկային կամքը վեր է դասում Սուրբ Հոգու առաջնորդությամբ կայացած եկեղեցական ընտրությունից։
Ուստի Կաթողիկոսի ընտրության հանդեպ հարգանքը միայն ընտրված անձի հանդեպ հարգանք չէ. այն նախևառաջ հարգանք է Եկեղեցու խորհրդի, ժողովական կարգի և Սուրբ Հոգու տնօրինության նկատմամբ։
Եթե այսօր փողոցային ճնշման, քաղաքական կամ հասարակական պահանջի միջոցով փորձ արվի հեռացնել Եկեղեցու կողմից ընտրված և օծված Հայրապետին, ապա վաղը նույն մեխանիզմը կարող է կիրառվել եկեղեցական ցանկացած այլ հարցի վերաբերյալ, լինեն դրանք դավանաբանական-վարդապետական, ծիսական, թե հավատքի հիմնարար ճշմարտություններ։ Արդյունքում կխեղաթյուրվի Հայ Եկեղեցու 1700-ամյա սրբազան ավանդությունը, և Եկեղեցին դուրս կմղվի իր հոգեփրկչական առաքելության ծիրից։ Այդ պարագայում մենք այլևս կանոնական Եկեղեցի չենք ունենա, այլ կունենանք աշխարհիկ քամիներին ու ճնշումներին ենթակա սովորական մի կառույց։
Հետևաբար՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջների միջոցով։
Տեր Գաբրիել քահանա ՎԱՐԴԱՆՅԱՆ