Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պարո՛ն վարչապետ, դիակը թողնենք, գնանք ապացուցենք, որ ուղտ չե՞նք

Պարո՛ն վարչապետ, դիակը թողնենք, գնանք ապացուցենք, որ ուղտ չե՞նք
01.10.2026 | 12:01

Հայաստանում ամեն ինչ հրաշալի է։
Բարեփոխումները կատարված են, «մեկ պատուհանը» գործում է, պետական համակարգը ծառայում է քաղաքացուն, իսկ քաղաքացին երջանիկ է։
Ճիշտ է՝ այս ամենը հիմնականում ելույթների, հաշվետվությունների ու գեղեցիկ տեսանյութերի մեջ է։ Իրական կյանքում աշխատանքի արդյունքը սովորաբար հավասար է զրոյի։
Մահ է արձանագրվել։
Շտապօգնության մեքենան ժամանեց։ Բուժաշխատողները շատ բարի, հոգատար և պրոֆեսիոնալ էին։ Արձանագրեցին մահը, որից հետո կանչվեց դի տեղափոխող մեքենան։
Երկրորդ զանգից մոտ 40 րոպե անց մեքենան եկավ։ Հեռախոսով ներողություն խնդրեցին՝ բացատրելով, որ ամբողջ Երևանը սպասարկում է ընդամենը երկու մեքենա։
Ամբողջ Երևանը։
Երկու մեքենա։
Բայց հանգիստ եղեք, մենք թվայնացված պետություն ենք։
Դին տեղափոխող աշխատակիցներն էլ շատ հոգատար ու պրոֆեսիոնալ էին։ Դին տեղափոխեցինք, և կարծես այդ պահից ընտանիքը պետք է կարողանար սգալ։
Բայց ո՛չ։
Հայաստանում սուգն էլ ունի սպասարկման փաթեթ, փաստաթղթաշրջանառություն և վճարովի հավելումներ։
Դիահերձարանում վճարեցինք 79 000 դրամ, որպեսզի ստանանք մահվան վերաբերյալ տեղեկանքը, և սա միայն սկիզբն էր. պատրաստվե՛ք ավելացնելու ևս մեկ զրո, որ կարողանաք միջին կարգով հարազատին ճանապարհել․․․
Ստացանք։
Ու սկսվեց պետական կատակերգությունը։ Միայն թե այստեղ դահլիճում նստածները չեն ծիծաղում, որովհետև նրանց հարազատն է մահացել։
Պարո՛ն վարչապետ, լսել եմ՝ ուզում եք նաև 200 000 դրամ մահվան նպաստը կրճատել կամ վերացնել։
Չէ՛, լո՞ւրջ։
Դե իհարկե։ Մարդը մահացել է՝ ինչի՞ համար է նրան 200 000 դրամ պետք։ Կարող էր նախապես խնայել իր հուղարկավորության համար։ Կամ վարկ վերցնել։ Կամ, լավագույն ավանդույթներով, բարեկամներից պարտք անել։
Ուրբաթ է։ Ժամը՝ մոտ 15։30։
Գնում ենք, ժողովրդական լեզվով ասած, «Թաղման բյուրո»։ Ձեռքում ունենք երկու գերեզմանատեղիի վկայական։
Կարծում եք՝ բավարա՞ր է։
Իհարկե ոչ։
Պահանջում են 1961 թվականին մահացած տատիկիս մահվան վկայականը, որպեսզի Առողջապահության նախարարությունը թույլ տա նույն գերեզմանում՝ իրար վրա, հուղարկավորություն կատարել։
1961 թվական։
Երևի տատիկս պետք է կանխատեսեր, որ 65 տարի անց Հայաստանում «մեկ պատուհան» է բացվելու, ու բոլոր փաստաթղթերը խնամքով թողներ մեզ։
Փաստաթուղթը չունենք։
Պարո՛ն վարչապետ, հիշո՞ւմ եք՝ ինչ ոգևորությամբ էիք ասում, որ «մեկ պատուհանը» թեթևացնելու է մարդկանց կյանքը։
Թեթևացրե՞ց։
Այո՛։ Հիմա քաղաքացին մեկ պատուհանից իմանում է, թե հաջորդ որ պատուհանի մոտ պետք է գնա։
Մեզ ուղարկում են տարածքային ՔԿԱԳ՝ մահվան վկայականի պատճենը բերելու։
Դրսում ուրբաթ է։ Առջևում շաբաթ ու կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։ Դին պետք է մնա դիահերձարանում, իսկ յուրաքանչյուր լրացուցիչ օրվա համար պետք է նորից վճարել։
Բայց դուք 200 000 դրամը հանգիստ կտրեք։
Ի վերջո, պետությունը ծախսեր ունի։ Քաղաքացին էլ կարող է մի քիչ ավելի ուշ մահանալ՝ աշխատանքային օրերին, և ցանկալի է՝ մինչև ժամը 15։00-ն։
Այս ամբողջ բյուրոկրատական ներկայացման մեջ միայն Թաղման բյուրոյի պետը՝ Նարեկ անունով գիտակից մարդը, փորձեց հանգիստ, մարդկային և հասկանալի ձևով բացատրել իրավիճակը։
Իսկ մնացած աշխատակիցներին ու հատկապես բաժինների ղեկավարներին նման վայրերում աշխատանքի ընդունելուց առաջ խորհուրդ կտամ ոչ միայն համակարգիչ միացնել սովորեցնել, այլև պարբերաբար հոգեբանական և մարդկային հաղորդակցության դասընթացների ուղարկել։
Մարդիկ այնտեղ գնում են հարազատ կորցրած, ոչ թե ժամանցային քվեստ խաղալու։
Լավ, ասում ենք՝ մեկ այլ գերեզման էլ ունենք Սովետաշենում։
Այնտեղ թաղված է մի ամբողջ ընտանիք, որը, ինձանից բացի, այլ ժառանգ չունի։
Կարծում եք՝ խնդիրը լուծվե՞ց։
Ո՛չ։
Այս անգամ պահանջում են վերջին մահացածի ծննդյան վկայականը։
Մարդը ծնվել է 1925 թվականին։
Իհարկե, այդ փաստաթուղթն էլ ձեռքի տակ չունենք։
Պետական համակարգի տրամաբանությունը պարզ է․ եթե ծննդյան վկայականը չունես, գուցե մարդը չի էլ ծնվել։ Իսկ եթե չի ծնվել, ինչպե՞ս է մահացել և հայտնվել գերեզմանում։
Ռուսներն այս իրավիճակի համար շատ ճիշտ արտահայտություն ունեն՝
«Принеси справку, что ты не верблюд»։
Արդյունքում ստիպված եղանք նոր հող վերցնել։
Այսպիսով՝ հիմա արդեն ունենք երեք գերեզմանատեղի։
Պարո՛ն վարչապետ, առաջարկ ունեմ։
Նոր հարկատեսակ սահմանեք․ մեկից ավելի գերեզման ունեցող քաղաքացիներին համարեք հարուստ խավ և հարկեք։
Մեկ գերեզման՝ սոցիալապես անապահով։
Երկու գերեզման՝ միջին խավ։
Երեք գերեզման՝ օլիգարխ։
Հետո էլ գեղեցիկ տեսանյութ կնկարեք՝ «Հայաստանում աճել է գերեզմանային սեփականություն ունեցող քաղաքացիների թիվը» վերնագրով։
Բայց եթե մի կողմ դնենք ցինիզմը՝ այսպես պետություն չեն կառավարում։
«Մեկ պատուհանի» իմաստը ո՞րն է, եթե հարազատ կորցրած քաղաքացին դին թողնում է դիահերձարանում և սկսում տասնամյակների վաղեմության փաստաթղթեր հավաքել տարբեր գերատեսչություններից։
Ինչպե՞ս հանդիպեմ Ձեզ, պարո՛ն վարչապետ, և մի քանի պարզ հարց ներկայացնեմ։
Որովհետև Ձեզ ներկայացվող Հայաստանը իրականությունից պարզապես տիեզերքներով է տարբերվում։ Այն իրականությունից գտնվում է սարերով, ձորերով և մի քանի պետական պատուհաններով հեռու։
Երկու տարբերակ կա․
կամ Դուք եք մեզ լոլո կարդում, կամ Ձեզ են հիմարի տեղ դնում։
Համեցե՛ք Մառի նրբանցք 1։
Ինձ հետ միասին շրջենք իրական Հայաստանով։ Ոչ թե այն Հայաստանով, որտեղ մեկ պատուհանը լուծում է բոլոր խնդիրները, այլ այն Հայաստանով, որտեղ սգացող մարդուն ուղարկում են ապացուցելու, որ 1925 թվականին ծնված մարդն իսկապես ծնվել է։
Ես էլ ասում եմ՝ Պոպոքի փառատոն…
Է՜յ, պարո՛ն վարչապետ…
Չի ստացվում էլի։

Սուսաննա ՉԵԼԻԿՅԱՆ
Դիտվել է՝ 104

Մեկնաբանություններ