Ֆաշիզմը երբեք չի վերադառնում նույն համազգեստով։ Այն վերադառնում է նոր բառերով, նոր թշնամիով և նոր «օրինական» պատճառով։
Գերմանիան մտել է իր Zeitenwende-ի՝ բեկումնային պահի փուլը։ Ռազմական բյուջեն առաջիկա տարիներին պետք է հասնի 150+ միլիարդ եվրոյի՝ ՀՆԱ-ի մոտ 3,5%-ին։ Բեռլինը բացահայտ հայտարարում է, որ ուզում է ունենալ Եվրոպայի ամենաուժեղ բանակը, իսկ պաշտոնական բառապաշարում վերադարձել է Kriegstüchtigkeit-ը՝ պատերազմելու պատրաստ լինելը։ Լիտվայում տեղակայվում է մշտական գերմանական բրիգադ։ Առաջին անգամ՝ 1945-ից ի վեր։
Սա միայն Գերմանիայի ընտրությունը չէ։
Հիշենք Մաքինդերին. ով իշխում է Արևելյան Եվրոպային, իշխում է Հարթլենդին, ով իշխում է Հարթլենդին՝ Եվրասիային, ով իշխում է Եվրասիային՝ աշխարհին։ Լոնդոնի և Վաշինգտոնի դարավոր մղձավանջը մեկն է՝ գերմանական տեխնոլոգիայի և ռուսական ռեսուրսի միավորումը։ Դրա համար Բեռլինի և Մոսկվայի միջև անդունդը միշտ խորացվել է։ Առաջին աշխարհամարտից առաջ։ Երկրորդից առաջ։ Եվ այսօր։
«Հյուսիսային հոսքերի» հետ փլուզվեց գերմանա-ռուսական վերջին կամուրջը։ Ով շահեց՝ ակնհայտ է։ Գերմանիան կրկին դառնում է Արևմուտքի ցամաքային սուրը Ռուսաստանի դեմ, իսկ Արևելյան Եվրոպան՝ բախման գոտի, որտեղ երկու հսկաները պետք է մաշեն միմյանց։
Բայց ամենավտանգավորը թվերը չեն։ Ամենավտանգավորը հոգեբանությունն է։
Ֆաշիզմը խորհրդանիշ չէ, այն աշխարհընկալում է. ուժի ու կարգի պաշտամունք, պետության մեծությունը՝ մարդուց վեր, թշնամու կերպարը՝ որպես ազգը համախմբող գործիք, զենքը՝ որպես արժանապատվության չափանիշ։ Այս աշխարհընկալումը չի մեռնում։ Այն քնում է։
Ութ տասնամյակ գերմանական հասարակությունն ապրեց գլուխը խոնարհած, մեղքի բարդույթով։ Բայց կոլեկտիվ հիշողությունից չես ջնջում այն, ինչ մի ժամանակ զգացվել է որպես մեծություն։ Հասարակության մի մասի համար այդ դարաշրջանը ոչ միայն ողբերգություն է, այլև ուժի, կազմակերպվածության և աշխարհին թելադրելու «փայլ»։ Իսկ երբ պետությունն ինքը նորից խոսում է «ուժեղ բանակի» ու «առաջատար դերի» մասին, քնած բնազդները ստանում են այն, ինչ երբեք չէին ունեցել՝ օրինականություն։
Փաթեթավորումը գեղեցիկ է՝ «ժողովրդավարության պաշտպանություն», «պայքար հանուն ազատության»։ Ներսում նույն կարիքն է՝ վերականգնել կորցրած մեծությունը։ Ֆաշիզմը վերադառնում է ոչ թե երբ մարդիկ չարիք են ուզում, այլ երբ վիրավորված հպարտությունը, ռազմականացումը և «արդար թշնամին» հանդիպում են իրար։
Լոնդոնն ու Վաշինգտոնը կարծում են, թե Գերմանիան իրենց գործիքն է։ Իսկ գուցե Բեռլինը հենց դա՞ է ուզում, որ նրանք կարծեն։ Թույլ տալ, որ քեզ վերազինեն, կառուցել Եվրոպայի ամենահզոր բանակը և հետո դառնալ ինքնուրույն խաղացող։
Պատմությունը մի բան հաստատ գիտի. զինված, հարուստ ու ինքնավստահ Գերմանիան երբեք երկար չի մնում որևէ մեկի կրտսեր գործընկերը։ Վաղ թե ուշ Բեռլինում կհնչի հարցը. ինչո՞ւ պետք է մենք կրենք Ռուսաստանի հետ բախման ռիսկը, երբ Լոնդոնն ու Վաշինգտոնն ապահով նստած են Լա Մանշի ու օվկիանոսի այն կողմում։ Հաջորդ քայլը կարող է լինել նոր գործարքը Մոսկվայի հետ՝ արդեն գերմանական պայմաններով։
Նրանք դարբնում են մի հսկա, որը մի օր կարող է շրջվել հենց իր դարբինների դեմ։
Իսկ Եվրամիությո՞ւնը։ Այն կանգնած էր երկու սյան վրա՝ էժան ռուսական էներգիա և ամերիկյան անվտանգության հովանոց։ Առաջինն այլևս չկա, երկրորդը ճաքած է։ ԵՄ-ն ստեղծվել էր որպես շուկա, ոչ թե ռազմական կայսրություն։ Ֆրանսիան, որն իրեն միշտ համարել է Եվրոպայի գլխավոր ռազմական ուժը, և Լեհաստանը՝ իր պատմական վախերով, չեն հաշտվի Բեռլինի միահեծան իշխանության հետ։
Եվ մնում է բաց հարցը.
Եվրոպան վերադառնալու՞ է 19-րդ դարի «ուժերի հավասարակշռությանը», թե՞ Գերմանիան կփորձի կառուցել նոր եվրոպական կայսրություն՝ ավելի կոշտ և ավելի վտանգավոր։
Եվ ամենակարևորը. արդյո՞ք Եվրոպան այս անգամ կճանաչի ֆաշիզմը, նախքան այն կներկայանա իր անունով։
Սերգեյ Ղարագյոզյան