Ինչպե՞ս անձնագրայինն իմ կյանքից մեկ ժամ խլեց
02.10.2026 | 12:02
Անձնագրայինում գործարք ունեի: Շուրջ մեկ ամիս առաջ հերթագրվեցի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կայքում: Այսօր, պայմանավորված ժամին, այցելեցի անձնագրայինի Շենգավիթի բաժին: Սպասում էի ու հետևում այնտեղ ընթացող «իրադարձություններին»:
Մի կին բարձրաձայն դժգոհում էր իր նկատմամբ աշխատակիցների վերաբերմունքից: Աշխատակիցներն էլ, բանուգործը թողած, բոլորով միասին և միաձայն պատասխանում էին կնոջը: Ի վերջո, վերջինս գնաց, սակայն աշխատակիցները շարունակեցին բարձրաձայն քննարկել կնոջ հոնքերի լցվածության ձևն ու աստիճանը:
Թեպետ նախապես պայմանավորված ժամն արդեն անցել էր, սակայն հերթս այդպես էլ չէր հասնում. դե, հոնքերի վերաբերյալ քննարկումն ավելի կարևոր էր: Մոտեցա առերևույթ իրեն որպես ղեկավար դրսևորող աշխատակիցներից մեկին և մտահոգություն հայտնեցի. «Ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվում»: Ի պատասխան՝ նա ասաց. «Սա է, երբ կանչենք, այն ժամանակ էլ կգաք: Այդպես է, և վերջ»:
Այդ պահին պատուհաններից մեկին ռուսներ մոտեցան: Նրանցից մեկն աշխատակցին հարցրեց, թե արդյոք կարելի է փոխել սպասարկման համար նախապես ամրագրված ու հերթագրման կտրոնում արտացոլված ժամը և սպասարկվել հենց այս պահին: Ի զարմանս ինձ՝ աշխատակիցը դրական պատասխանեց և սկսեց սպասարկել ռուս տղամարդուն: Մի պահ տխրեցի. ափսոսացի, որ ռուս չեմ, հետևաբար՝ զրկված եմ արտահերթ սպասարկվելու հնարավորությունից:
Պայմանավորված ժամից արդեն անցել էր շուրջ 20 րոպե, բայց ինձ չէին կանչում: Զանգահարեցի ՀՀ ներքին գործերի նախարարության թեժ գիծ: Նկարագրեցի իրավիճակը, խոստացան լուծում գտնել:
Պայմանավորված ժամից անցել էր 27 րոպե, երբ ինձ վերջապես կանչեցին: Հարցրեցի աշխատակցի անունը, սակայն նա չցանկացավ ներկայանալ: Պնդեցի: Ասաց, որ Անին է: Ի դեպ, Շենգավիթի անձնագրայինում որևէ մեկն անվանաքարտ (բեյջ) չուներ, հետևաբար վստահ չեմ, որ աշխատակցի անունն իսկապես Անի էր. ազգանվան մասին էլ չեմ խոսում, հազիվ անունն ասաց: «Անին», ամենայն հավանականությամբ, ծամոն էր ծամում կամ ինչ-որ բան ուտում: Ամեն դեպքում, տհաճ էր այդօրինակ ձևաչափով սպասարկվելը:
Աշխատակցին առաջարկեցի ֆիքսել, որ սպասարկվում եմ նախապես ամրագրված ժամից 27 րոպե անց: Ի պատասխան՝ նա զարմացավ ու ասաց, որ ինքը նոր է եկել: Նա նաև ավելացրեց, որ որևէ արտառոց բան չկա, իսկ 27 րոպեն ոչինչ է՝ «ինչ է եղել որ»:
Սպասարկվեցի: Շենգավիթի անձնագրայինից դուրս գալով՝ հաշվեցի, որ այս համակարգն իմ կյանքից անիմաստ մեկ ժամ խլեց՝ գնալ, գալ, սպասել: ՀՀ ներքին գործերի նախարարությունից այդպես էլ օպերատիվ արձագանք չեղավ: Չի էլ լինի, քանզի Շենգավիթի անձնագրայինի պետը Նիկոլ Փաշինյանի ազգականն է:
Նկարում՝ Շենգավիթի անձնագրային բաժնի մուտքն է, որի հետիոտնային հատվածը վաղուց դարձել է պաշտոնյաների ավտոկայանատեղի:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ