Ընթերցողս՝ Նատալիա Գրիգորյանը, խնդրել էր պատմել Անդրկովկասյան սեյմի մասին։ Խոստացել էի, բայց օրեր շարունակ հետաձգեցի պատասխանը՝ ավելի կարևոր նյութերի պատճառով։ Այսօր կարծես փոքրիկ «պատուհան» կա դրա համար։
Եվ այսպես, 1918-ի փետրվարին կազմավորվեց Անդրկովկասյան սեյմը, որը երկրամասի երեք հիմնական ժողովուրդների՝ հայերի, վրացիների և ադրբեջանցիների դաշնային հանրապետություն էր։ Ու չնայած պետականակերտման այս գործընթացները տեղի էին ունենում ազգամիջյան սուր բախումների պայմաններում, հայերը, երկարատև մաքառումներից կարծես հոգնած, նրա կազմում հույս ունեին խաղաղ ճանապարհով աստիճանաբար լուծել իրենց հարցերը։ Բայց ընդամենը երկուսուկես ամիս հետո Անդրկովկասյան սեյմը լուծարվեց։ Պատճառը անդամակցած երեք ազգային կուսակցությունների՝ վրաց մենշևիկների, հայ դաշնակցականների ու ադրբեջանցի մուսավաթների տարբեր մոտեցումներն էին Գերմանիայի հետ ռուս բոլշևիկների կնքած Բրեստի պայմանագրին։ Վրացիները, չցանկանալով մնալ «գերմանա-խորհրդային պրոտեկտորատի» կազմում, հայերից գաղտնի բանակցություններ էին սկսել գերմանացիների և թուրքերի հետ՝ Վրաստանը անդրկովկասյան դաշնությունից դուրս անկախ պետություն հռչակելու համար։
Անդրկովկասյան սեյմի կազմավորումից երկու շաբաթ առաջ թուրքերը, օգտվելով կովկասյան ճակատում ռուսական ուժերի թուլացումից, խախտեցին 1917-ի դեկտեմբերին կնքած զինադադարի համաձայնագիրը և արագընթաց գրոհով վերագրավեցին գրեթե ողջ Արևմտյան Հայաստանը։ Վերջնական կործանման եզրին էր նաև Արևելահայաստանը, և, ելնելով դրանից, դաշնակցական ֆրակցիան առաջարկում էր Անդրկովկասը թողնել Ռուսաստանի կազմում՝ առանձին ազգային ավտոնոմիաների կարգավիճակով։
Դե իսկ ադրբեջանական «Մուսավաթն» էլ, ոգևորված թուրքերի առաջխաղացումից, չէր թաքցնում Թուրքիայի հետ «համաթուրքական դաշնություն» կազմելու իր մտադրությունը։
Նախ Տրապիզոնում, ապա Բաթումում Թուրքիայի հետ Կովկասյան դաշնության բանակցությունների ընթացքում, մինչ հայ պատվիրակները կենաց-մահու խնդիրներ էին լուծում, վրացիներն ու ադրբեջանցիները զուգընթաց, գաղտնի բանակցությունների միջոցով կարողացան իրենց հարցերը կարգավորել։ Գերմանիան երաշխավորեց Վրաստանին անկախություն շնորհել, թուրքերն էլ ադրբեջանցիներին առանց մեծ ջանքերի համոզեցին լքել հայերի հետ անհեռանկար պետականության մեջ մնալու գաղափարը։
Մայիսի 26-ին գումարվեց Անդրկովկասյան սեյմի վերջին նիստը։
Կովկասյան Հանրապետության գոյության վերջին օրը այսպես է ներկայացնում պրոֆեսոր Աստվածատուր Խաչատրյանը՝ Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Ալեքսանդր Խատիսյանի պատվերով 1920 թվականին գրած իր «Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները» գրքում.
«Մայիսի 26-ի օրը արևի առաջին ճառագայթները դեռ կ’ողջունէին Կովկասեան Հանրապետութեան դրօշակը, իսկ նոյն երեկոյեան արևը կ’երթար հաղորդելու արևմտեան ազգերուն մէկ նորաստեղծ հանրապետութեան` Վրաստանի ծնունդը, որուն պիտի հետևէին Ադրբեջանն ու Հայաստանը…
Դրացի ազգերէն իւրաքանչիւրն իր ապագան ապահովեր էր և պատեհ րոպէի կսպասէր գործադրելու իր ազգային ծրագիրը: Վերջնագրէն դեռ օր մը առաջ վրաց ներկայացուցիչ Ժօրդանիան ամենայն պաղարիւնութեամբ ահա թէ ինչ կ’ըսէր Խատիսեանին, երբ սա վրդովուած վրացիներու անջատման պատճառով կըսէր. «Լաւ բան մը չէ ընկերը լքել դժբախտութեան մէջ», միւսը կը պատասխանէր. «Բարի է այն միայն, ինչ որ օգտակար է ազգին, և թէ` եթէ դուք կը տառապէք, մենք պարտաւոր չենք ձեզի հետ միասին տառապելու, թէ Վրաստան սովոր չէ կենալու թուրքի իշխանութեան տակ, մինչ դեռ հայերը վարժուած են, և եթէ իսլամները կանջատուին Կովկասէն, այն ատեն Վրաստանը կը հետևի անոնց»: Այս կապարի պէս ծանր խօսքերը մէկ անգամ ընդմիշտ կը բնորոշեն մեր դրացի միակ քրիստոնեայ ժողովուրդի նկարագիրը և անոր քաղաքականութիւնը»:
Անդրկովկասյան սեյմը գոյություն ունեցավ ընդամենը 105 օր՝ փետրվարի 10-ից մինչև մայիսի 26-ը։ Աշխարհաքաղաքական նույն փակուղում հայտնված անդրկովկասյան երեք ժողովուրդների անվտանգության երաշխիքների ապահովմանն ու ընդհանուր շահերի մեկտեղմանը կոչված կառույցը փաստորեն երևան հանեց մի ընդհանուր պետական կառույցում նրանց համատեղ գոյակցության անհնարինությունը։
Այս պայմաններում ի՞նչ էր մնում աննել Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդին, եթե ոչ Հայաստանը նույնպես հռչակել անկախ հանրապետություն։ Դա մայիսի 28-ին էր։
Հուսահատական պայմաններում Հայաստանի կառավարությունը, որ դեռևս Թիֆլիսում էր, ստիպված էր անկախ երկիր կառուցելու գործը սկսել գրեթե զրոյից։ Թուրքական աղետալի վտանգին արդեն գումարվել էին երեկվա դաշնակիցների՝ վրացիների և ադրբեջանցիների անսքող թշնամական քայլերը։ Նրանք ձգտում էին բաժանել Հայաստանը իրար միջև։
Առավել նախընտրելի վիճակում, անշուշտ, գտնվում էին վրացիները։ «Վրացիները շատ վարպետորեն (ավելացնեմ՝ նաև ցինիկաբար) օգտվում էին հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակասություններից՝ իրենց արտոնյալ դիրքը ամրապնդելու համար»,- գրում է Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին։
Անկախ Հայաստանի խորհրդարանի անդամ, դաշնակցական Ռուբեն Տեր-Մինասյանը (տեքստում՝ Տեր Սիմոնյան) դառնությամբ հիշում է. «Զույգ ժողովուրդներին սպառնացող վտանգի ժամուն, վրացիները օգտուեցին մեր ինկած վիճակից եւ շահագործեցին այդքան խիստ կերպով իրենց աշխարհագրական դիրքը` մեր ժողովրդեան թե’ արժանապատուութիւնը և թե’ կենսական արդար իրաւունքները ոտնահարելով»։
Հայկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Լուսանկարում՝ Անդրկովկասյան սեյմի պատգամավորների ժողովը Թիֆլիսի Փոխարքայի պալատում (1918 թ.): Կառույց, որը կոչված էր միավորելու տարածաշրջանի երեք ժողովուրդներին, սակայն գոյատևեց ընդամենը 105 օր: