«Когда чеснок себя считает фруктом!»
02.10.2026 | 13:54
Էպիգրաֆ
«Когда чеснок себя считает фруктом,
Все овощи сочатся бурной спесью,
Базар фильтрует помидор-инструктор,
И баклажаны строятся под песню».
(Բեյդուլլա Մանաֆ)
Ընթերցողին առաջարկվող հրապարակումը պատրաստ էր դեռևս երեկ՝ հոկտեմբերի 1-ին։ Բայց չէի կարողանում դնել վերջնական կետը․ վերնագիր չունեի։
Արևածագից շատ առաջ, անիմաստ թերթում էի լրահոսն ու հանկարծ աչքովս ընկավ Իլհամ և Մեհրիբան Ալիևների թևանցուկ լուսանկարը։ Ժողովրդական լեզվով ասած՝ քթավոր խորոզն ու սիլիկոնապատ ակնոցավոր հոպոպն ասես քայլում էին «բանջարաբոստանային» կուլտուրաների կանոններով թելադրվող իրականությունում։
Սրանց գրոտեսկային լուսանկարը «հաղթարշավի» էր դուրս եկել (հավանաբար՝ օկուպացված Արցախում)՝ ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլաս քաղաքում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, հասարակական-քաղաքական մեկնաբան Բեյդուլլա Մանաֆիի հեգնական ու այլաբանական վերը նշված տողերի ուղեկցությամբ։
«Է՜վրիկա»,- կանչեցի մտովի։
Գտել էի թե՛ վերնագիրը, թե՛ վերաշարադրման անհրաժեշտ բանալին․
«Когда чеснок себя считает фруктом!»
1. Տարածաշրջանային «էկումենիզմ»
(Բաքվի հրահանգներն ու երևանյան վարչաՖԵՍՏի ինկվիզիցիան)
Հայաստանում «պետականաշինությունն» այնպիսի կատաղի, ինքնամոռաց տեմպերով է ընթանում, որ հիմքերը վաղուց վերածվել են փլատակների։ Իսկ ավերակների վրա արդեն ութ տարի վեց ամիս է՝ բացառիկ հանդիսավորությամբ պարում են վարչաԲԵՆԴական լպիրշությունն ու բացարձակ ամենաթողությունը։
«Արև արքա» Լյուդովիկոս XIV-ն իր ողջ Լուվրով ու հայելապատ սրահներով հանդերձ նախանձից կախվել է։ Ո՞նց թե՝ ինչու։
Որովհետև ֆրանսիական պատմական բացարձակ միապետությունն ընդամենը խղճուկ մանկական խաղ է՝ տեղական արտադրության «տաղանդի», «Երկրի հակառակ կողմը» պոռնկության մանիֆեստի հեղինակ թերուս բռնապետիկի կամայականությունների համեմատ։
Սահմանադրությունն ի՞նչ․․․
«Բանավոր հոտի» գլխավոր հովվի ձեռքին Մայր օրենքը վաղուց ամոթից կարմիր խնձորի երանգներ է ստացել։ Վերածվել է մեկ անձի ախտավոր ցանկությունների տաքուկ անկողնու, որտեղ ամեն Աստծո գիշեր, հանուն կառավարական «նոր իրականության», հերթականությամբ և հատուկ դաժանությամբ բռնաբարվում են հայոց պետականության վերջին նշույլները։
Երբ «մտքի գիգանտի» ու «դեմոկրատիայի հոր» սուրբ սերը՝ ասֆալտը (որի անունը, ինչպես ինքն էր կառավարության նիստերից մեկում ապսպրել, միայն «խանդաղատանքով է պետք արտասանել»), բացահայտ «откат»-ներով փռվեց երկրով մեկ ու իր վրա «փռեց» բոլոր այլախոհներին՝ սեփական անորակության տակ հավերժ թաղելով՝ իր իսկ «կոտրած» «թևիկ-տոտիկով» ուրվագծած ապագայի վերջին հույսերը, հեղափոխական թավիշն անդուր դեղնեց։
Խաղն ավարտվեց։
Հեծանիվներն այժմ սլանում են անհայտ ուղղությամբ (տա Աստված՝ անդունդ)։ Իսկ «մեռել քերելու» կախարդական փայտիկով թոշակառուներին հազար դրամով «երջանկացնելու» տնտեսական հրաշքը վերջնականապես փակեց բոլոր սովածների բերանները։
Այդժամ Մազութի Համոներին, Մեռելի Ենոքներին, Կլուբի մեյմուններին և համակարգի զանազան ու զարմանազան մակաբույծներին ակնհայտ դարձավ՝ նյութական հարթությունում ավերելու, ծախելու ու փշրելու բան այլևս չի մնացել։
Որոշեցին՝ ժամանակն է անցնելու «երկնայինին»։
Իսկապես էլ՝ ինչու՞ սահմանափակվել երկրային սովորական աթոռով։ Չէ՞ որ կարելի է հանդիսավոր հայտարարել՝ «պետությունը ես եմ, օրենքը՝ իմ քմահաճույքը, իսկ եկեղեցին՝ իմ ասպատակության հերթական արոտավայրը»։ ՈՒ հենց այդ հավակնոտ մեծամտությամբ ստանձնել ոչ թե հովվի, այլ «բանավոր հոտի» դահճապետի դերը։
Իսկ ավելի ստույգ՝ «Բարձր դռան» տիրոջ մաշիկների առաջ գետնաքարշ փռված, անհայրենիք վասալի փառահեղ պաշտոնը:
Այլևս կարիք չկա թերթելու միջնադարյան կանոնագրքերը կամ տեղապտույտ տալու վարչաՖԵՍՏական «բոզացած» (գիտեք՝ ում սիրելի արտահայտությունն է) ուղեղին անհասանելի աստվածաբանական բարդությունների հորձանուտում։ Չէ՞ որ գործադիրի «պայծառափայլ» ինքնակոչն անձամբ է ստանձնել սրբադասման ու բանադրանքի հերթապահ «աշխարհիկ սրբազանի» դերը։
«Կառավարությունը ես եմ» մեծադղորդ բանաձևումից հետո հենց ինքն է միանձնյա որոշում՝ ով է «սրբապիղծը», ով՝ «կանոնապիղծը», և ում է պետք շտապ վռնդել «սրբության սրբոցից»։
ՈՒ սա այն դեպքում, երբ ինքը՝ որպես ամենակարող «կտրիչ», խցկվել է այնպիսի արգելված տիրույթ, որտեղ, ժողովրդական հայտնի խոսքով ասած՝ «ո՛չ հռալու իրավունք ունի, ո՛չ էլ բռռալու»։
Ահա ՀՀ թիվ մեկ թեոլոգ-ինկվիզիտորի հոգևոր-ուժային, ծայրահեղ «բարեպաշտ» նոր հայեցակարգը՝ անխմբագիր և անաղարտ մեջբերմամբ․
«Կտրիճ Ներսիսյանը պետք ա հեռանա։ ՈՒրիշ տարբերակ չկա․ պետք ա հեռանա։ Եվ պետությունը բոլոր լծակները օգտագործելու ա դրա համար։ Որովհետև ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի ընդհանրապես։ Ո՞վ ա ինքը, որ մեր սրբության սրբոցում նստի․ ինքը ոչ մեկն ա։ Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն ա։ Եվ ինքը պետք ա հեռանա։ Որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ։ Եվ ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, որպես բանավոր հոտի մի անդամ»։
Իսկապես էլ, ո՞վ է Կաթողիկոսը, որ Աստծո տաճարում նստի, երբ դեռևս թշնամուն չհանձնված հողի վրա քայլում է «100 տոկոս օրգանիկ ընտրված», բայց իրականում բացարձակ ոչ լեգիտիմ մի ինքնակոչ։
Տրամաբանությունը պարզ է ու անխոցելի․ եթե պետական լծակներով և հատկապես գիշերային SMS-ներով կարելի է հանգիստ գրպանել Ազգային ժողովն ու դատարանները, ուրեմն ինչու՞ նույն հեղափոխաշունչ «թավիշով» չնշանակել ու չազատել կաթողիկոսներին։
Ազգային-եկեղեցական ընտրությունների սրբազան ավանդույթը վաղուց անհուսալիորեն հնացել է։
Մինչ Բաքվում Ալիևը հրճվանքով ընդլայնում է իր «Արևմտյան Ադրբեջան» ագրեսիվ հայեցակարգի սահմանները, այստեղ՝ Երևանում, արդեն պաշտոնապես մեկնարկել է այդ նույն «Արևմտյան Ադրբեջանում» կառավարական հաստիքացուցակների և «մեկ պատուհանի» բացարձակ տիրապետության փառահեղ դարաշրջանը։ ՈՒ քանի դեռ սեփական կադրային տետրում ազատ տեղ կա, ինչու՞ չսեփականաշնորհել նաև Վեհարանը։
2․ Շվեյցարական «դավաճանությունն» ու Բաքվի սրբազան զայրույթը
Նիկոլական «խաչակրաց» պատերազմի իրական դրդապատճառը, սակայն, աշխարհագրական է ու միանգամայն կռահելի։
Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ 2025 թվականի մայիսին Վեհափառը, Շվեյցարիայի խաղաղ բնության գրկում՝ միջազգային խորհրդաժողովի ժամանակ, հանկարծ հիշեց... Արցախի մասին։ Ավելին՝ անտեսելով «Արև արքայի» միահեծան ու անսխալական կամքը, «համարձակվեց» Ադրբեջանի հայատյաց գործելաոճը պաշտոնապես «ցեղասպանական» որակել։
Բնականաբար, Բաքվում սուրբ ու անկառավարելի կատաղություն սկսվեց։ Կովկասի մահմեդականների հովվապետ Ալլահշուքյուր Փաշազադեն անմիջապես վայրահաչեց՝ հայտարարելով, թե հայոց Կաթողիկոսը «խորասուզվել է քաղաքականության մեջ»։
Եվ ո՞վ կմտածեր, որ Փաշազադեի հոգևոր տվայտանքները կայծակնային արագությամբ կթարգմանվեին հայերեն և անմիջապես կդրվեին գործողության մեջ։ Երևանում ակնթարթորեն ընկալեցին Բաքվի հոգու ամպլիտուդներն ու հրահանգները՝ նույն սինքրոնությամբ ասպատակելով «ռևանշիստ» Հայ Առաքելական Եկեղեցին։
Ինչպիսի՜ նախանձելի և իսկապես եզակի «էկումենիկ» համագործակցություն է՝ Բաքվի սուլթանատի ու Երևանի վարչաՖԵՍՏի միջև։
3 Եվրոպական «գաստրոլներ». խոսափողն անջատելու արվեստը
Բայց այս շոուն, բնականաբար, միայն ներքին սպառման համար չէ։ Իշխանության ստեղծագործական, «տրագիկոմիկ» թիմը մի քանի օր առաջ էր ներկայացման պրեմիերան հանել եվրոպական հարթակ։
Պատվավոր առաքելությունը վստահվել էր ՔՊ-ական, մինչ 2026-ի սեպտեմբերի 28-ը դեռևս անհայտ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին։ Վերջինս, տիրոջ ապսպրանքով, Ստրասբուրգում՝ ԵԽԽՎ բարձր ամբիոնից, փորձեց «լուսավորել» եվրոպացիներին ու անգլերենով բացատրել, թե իբր հայ հոգևորականները ոչ միայն «սահմանադրական կարգ են տապալում», այլև «օտարերկրյա գործակալներ» են։
Ցավոք, կոպիտ եվրոպացիները չունեն հայաստանյան ՔՊ-ական պառլամենտարիզմի «բարձր ճաշակն» ու զգայուն նրբանկատությունը։ Նիստը նախագահողը, փոխանակ հիացմունքից ծափահարելու հայաստանյան երեսփոխանի բարձրաթռիչք մտքին, սառնասրտորեն ընդհատեց նրան։ Հիշեցրեց, որ Ստրասբուրգը հայկական ֆեյսբուքյան տիրույթը կամ «100 տոկոս օրգանիկ» ոչ լեգիտիմի գավառական ասուլիսը չէ։
Իսկ երբ «բանագնացը» փորձեց ամեն գնով ավարտին հասցնել հակաեկեղեցական իր մանտրան, եվրոպացիները պարզապես... անջատեցին խոսափողը։
Ահա նիկոլական պառլամենտարիզմի և աբսուրդային դիվանագիտության հերթական «փայլուն» հաղթանակը միջազգային հարթակում։ Ինչպես կասեին արևմտահայերենում՝ ուղիղ «ծիրին մեջ»։
4․ «Հանգի՛ստ նստեք տեղներդ». դեպի նոր հաղթանակներ
Կրկեսային այս ամբողջ ողբերգության մեջ պարզ է միայն մեկ բան՝ «պետությունն» ունի հստակ ու անսասան առաջնահերթություններ։ ՈՒ ամենևին էլ կարևոր չէ, որ հայրենիքի սահմանները սողալով սեղմվում-հալվում են, իսկ թաղման նպաստներն ու սոցիալական փաթեթները՝ կրճատվում։
Ամենակարևորն այն է, որ Սուրբ Էջմիածնում կադրային հարցերը վերջապես լուծվեն ըստ արժանվույն՝ իշխանական քիմքին հաճելի Ադանայի քյաբաբի հետ մատուցվող թուրքական Sarımsaklı Yoğurt կամ Haydari զգլխիչ սոուսների ուղեկցությամբ։ Այդպես Եկեղեցին էլ վերջապես կանցնի պետական հաստիքացուցակի և կուսակցական հաշվառման տակ։
Ինչպես անվերապահորեն հրամայված է՝ «հանգի՛ստ նստեք տեղներդ»։
Եթե անգամ հայտնվենք հերթական «մոնղոլ-թաթարական» կամ «Բարձր դռան» տիրոջ լծի տակ, միևնույն է՝ կառավարությունը միշտ պատրաստ է անձամբ առաջնորդել «բանավոր հոտը»՝ վստահորեն քայլելով դեպի հերթական «պայծառ» ու անդունդային ապագա։
Բուռն, երկարատև ծափահարություններ, որոնք ակնթարթորեն վերածվում են հեգնական ողբի։
Հ.Գ.
Ի դեպ, կրկեսային այս ամբողջ թատերականացված ինքնահաստատման ֆոնին մի հարց է ծագում՝ ինչո՞վ ես աքլորանում, պարո՛ն «ինքնակոչ վարչապետ»։
Նույնիսկ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները մասսայաբար կեղծելուց, հայկական գաղթօջախներում ընտրատեղամասեր չբացելուց, ընտրական հաշվարկը գիշերային զոռբայությամբ կանգնեցնելուց և այդ անբարո ասուլիսում քեզ հաղթող հռչակելուց հետո անգամ՝ դու այդպես էլ չկարողացար 51% մաքուր ձայն հավաքել։
Հընթացս, ինչպես կասեր դասականը՝ «ցորեն գողացող մկան պես» գրպանելով ԲՀԿ-ի ձայներն ու Ծառուկյանին բանտախուց ուղարկելով՝ քո ողջ «հնձած խոտն» ընդամենը այդ նույն 700 հազարանոց խղճուկ «յոնջան» չէ՞ր։ Դու ընդամենը այդ 700 հազար (և դեռ հարց է՝ քանի՛սը նկարված) չգոյների վարչապետն ես։
ՈՒ հիմա ու՞մ հետ ես փորձում ոտք մեկնել։ Աշխարհասփյուռ 10 միլիոնանոց հայությա՞ն, որի դարավոր ու միակ հոգևոր առաջնորդը Տ.Տ. Ն.Ս.Օ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։
Պատմության փոշին շատ արագ է մաքրելու բոլոր տեսակի ժամանակավոր «կտրիՉներին» ու վարչաՖԵՍՏերին, իսկ Սուրբ Էջմիածնի Մայր Աթոռը կանգուն է մնալու հավերժ՝ որպես հայ տեսակի անսասան հիմնաքար։
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ