ԱՄՆ իշխանություններն արդեն բացահայտ հանդես են գալիս հակահայկական դիրքերից
02.10.2026 | 15:20
Բաքվում ԱՄՆ դեսպանատունը X սոցիալական ցանցում հաղորդագրություն է հրապարակել՝ նվիրված Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի տարելիցին։ Ամերիկյան դեսպանատունը ցավակցություն է հայտնել ադրբեջանցիների ընտանիքներին՝ նրանց, ովքեր սպանել են հայ երեխաներին ու ծերերին և պայթեցրել հայկական քրիստոնեական եկեղեցիները։
«Ադրբեջանի զոհերի հիշատակի օրը մենք հիշում ենք այն ադրբեջանցիներին, ովքեր զոհվեցին տասնամյակներ տևած հակամարտության ընթացքում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հարավային Կովկասում նոր էջի սկզբի ականատես եղանք, և Միացյալ Նահանգները կշարունակի իր ջանքերը՝ տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այսօր Միացյալ Նահանգների դեսպանատունը խորին ցավակցություն է հայտնում այն ադրբեջանցիներին և նրանց ընտանիքներին, ովքեր կորցրել են սիրելիներին»,- ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Ուշագրավ է, որ ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ որևէ հիշատակում չի արվել Հայաստանի կորուստների, հայերի տեղահանության, Բաքվում անօրինական կերպով պահվող գերիների կամ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված հանդիպմանը Հայաստանի ներկայության մասին։
Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կարծես ջուր է առել բերանը և չի ցավակցում հայ ժողովրդին, մինչդեռ նրանց գործընկերներն Ադրբեջանում ցավակցում են ագրեսորներին։ Խնդիրն միայն այն չէ, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը գլխավորում է մեր հանրապետությունում երբևէ աշխատած ամերիկյան դեսպաններից թերևս ամենավատը, ով նաև առանձնահատուկ վերաբերմունք ունի արցախահայության նկատմամբ: Բանն արդեն բացահայտորեն հակահայկական դիրքերից հանդես եկող Վաշինգտոնի պաշտոնական դիրքորոշումն է։
Կարծում ենք՝ հարցն այն մասին, թե ով է հովանավորում Փաշինյանի հակաժողովրդական, հակահայկական ռեժիմը, ինքնըստինքյան վերանում է․․
․
Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Ըստ հայկական ԶԼՄ-ների նյութերի
Մեկնաբանություններ