«Երկիր, կանգնի՛ր, իջնող կա»
02.10.2026 | 15:40
Համաձայն ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության՝ հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ընթացիկ աշխատանքներին և նախատեսված միջոցառումներին վերաբերող հարցեր։ Քննարկումների արդյունքում համաձայնեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերն ու առաջիկա անելիքները։
Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այս ամբողջ բարձրակարգ և բավականին բարձր վարձատրվող պաշտոնյաների հավաքի ընթացքում որևէ մեկը, կարծես թե, չի նկատում մի շատ պարզ բան։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իր չհայտարարված այցերի ժամանակ, իրեն ուղեկցող խմբով, մտնում է սննդի կետեր այնպիսի հանդերձանքով, որը, եթե խոսքը սովորական ստուգողի մասին լիներ, առնվազն հարցեր կառաջացներ։
Սննդի կետերում ստուգումներ իրականացնող անձանց հանդերձանքին ներկայացվում են նույնքան խիստ պահանջներ, որքան խոհանոցի հիմնական անձնակազմին։ Ստուգողն իր հագուստով կամ անձնական իրերով չպետք է հանդիսանա կենսաբանական կամ ֆիզիկական աղտոտման աղբյուր։
Այսինքն՝ նախքան խոհանոց, պահեստ կամ արտադրամաս մտնելն անհրաժեշտ է պահպանել, ի թիվս այլոց, հետևյալ հիմնական պահանջները.
1. Պարտադիր մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ հանդերձանք․
• Մեկանգամյա օգտագործման խալաթ կամ թիկնոց, որն ամբողջությամբ ծածկում է սեփական հագուստը։
• Գլխարկ կամ մազածածկոց, որպեսզի մազերն ամբողջությամբ ծածկված լինեն։ Մորուքի դեպքում՝ նաև համապատասխան պաշտպանիչ միջոց։
• Բախիլներ. փողոցային կոշիկներով խոհանոց մուտք գործել չի կարելի։
• Ձեռնոցներ՝ այն դեպքերում, երբ ստուգողը շփվում է սննդամթերքի, սպասքի կամ ներքին մակերեսների հետ՝ ձեռքերի համապատասխան ախտահանմամբ։
2. Անձնական իրերի և զարդերի սահմանափակումներ․
Արտադրական գոտի մտնելիս չեն թույլատրվում այնպիսի իրեր, որոնք կարող են դառնալ աղտոտման աղբյուր։ Զարդերը և ժամացույցները պետք է հանվեն, իսկ հագուստի գրպաններում չպետք է լինեն այնպիսի մանր իրեր, որոնք կարող են ընկնել սննդամթերքի մեջ։
Հիմա հարց է առաջանում. եթե այս տարրական կանոնները պետք է պահպանեն սննդի կետերում ստուգումներ իրականացնող սովորական ստուգողները, ապա ինչո՞ւ են դրանք շրջանցվում հենց այն անձանց կողմից, ովքեր պետք է վերահսկեն այդ ամենը։
Եվ այստեղ արդեն հարց է առաջանում ոչ միայն վերահսկողության, այլև ՕԳԳ-ի՝ պաշտոնատար անձի օգտակար գործողության գործակցի մասին։
Կարծես թե միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամների աշխատավարձերը հերթական անգամ բարձրացնելու փոխարեն անհրաժեշտ է նախ գնահատել նրանց ՕԳԳ-ն և, համապատասխանաբար, նվազեցնել վարձատրությունը՝ մինչև աշխատանքային արդյունավետությանը համապատասխան մակարդակ։
Ի վերջո, եթե պաշտոնյաների մի ամբողջ խումբ հավաքվում է «փոխգործակցության հարցերը և առաջիկա անելիքները» քննարկելու համար, բայց անտեսում է այն, ինչ տեսանելի է նույնիսկ տեսանյութերում, ապա գուցե հաջորդ նիստի օրակարգում արժե ներառել նաև «Ինչպես ճիշտ մտնել սննդի կետ» հարցը։
Հ.Գ. Կարող եք շնորհակալություն չհայտնել, դա էլ թող մնա ձեր չարած գործերի շարքում։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
02.10.2026 թ.
Մեկնաբանություններ