Երբ հսկաները վերաձևում են քարտեզը
02.10.2026 | 16:22
Նախորդ գրառման մեջ խոսեցինք Գերմանիայի արագ ռազմականացման, Եվրոպայում ուժերի հավասարակշռության փոփոխության և այն վտանգի մասին, որ վերազինված Բեռլինը վաղ թե ուշ կարող է ինքնուրույն ուժային կենտրոն դառնալ։
Բայց սա ընդամենը տեսանելի շերտն է։
Եթե մի կողմ դնենք պաշտոնական հայտարարությունները և նայենք ոչ թե նրան, թե ինչ է կատարվում, այլ՝ ո՞ւմ է ձեռնտու կատարվողը, պատկերը շատ ավելի հետաքրքիր է դառնում։
Եվրոպան կորցնում է նախկին տնտեսական մոդելի հիմքերը, արդյունաբերությունը բախվում է թանկ էներգիայի և մրցունակության խնդրին, իսկ մայրցամաքը մտնում է ռազմականացման ու նոր պարտքային ծախսերի երկարատև շրջան։ Միաժամանակ ուժեղանում են ազգային հակասությունները, և այն Եվրոպան, որը տասնամյակներ կառուցվում էր տնտեսական ինտեգրման շուրջ, կրկին վերադառնում է ուժային քաղաքականության տրամաբանությանը։
Բայց ո՞ւմ է ձեռնտու Եվրոպայի այս վիճակը։
Լոնդոնի Սիթին դարեր շարունակ եղել է գլոբալ ֆինանսական համակարգի սիրտը՝ ինքնավար կարգավիճակով, որը հաճախ վեր է նույնիսկ բրիտանական պետականության դասական սահմաններից։ Brexit-ի նախօրեին ԵՄ-ն պատրաստում էր հարկային շրջանցման դեմ խստացված դիրեկտիվը (ATAD), որը հարվածելու էր Սիթիի վերահսկած օֆշորային ցանցին՝ Կայմանյան և Վիրջինյան կղզիներից ու Բերմուդներից մինչև Ջերսի։ Brexit-ը Սիթիին թույլ տվեց իր ստվերային ֆինանսական կայսրությունը դուրս պահել եվրոպական բյուրոկրատիայի ու հարկային վերահսկողության թևերից։
Ծովային ուժերի հինավուրց ռազմավարությունը մեկն է՝ թույլ չտալ, որ մայրցամաքում ձևավորվի ինքնաբավ և կայուն ֆինանսաարդյունաբերական կենտրոն։ Ճգնաժամերը, ռազմականացումն ու ավերածությունները կապիտալին ստիպում են փախչել անվտանգ «կղզիներ»՝ Լոնդոն և Նյու Յորք։ Իսկ ավերածություններից հետո նույն Սիթիի ինստիտուտներն են հանդես գալիս որպես պարտատերեր ու «վերականգնողներ»՝ Եվրոպան տասնամյակներով կախվածության մեջ դնելով։
Սիթիին պետք չէ Եվրոպայի ոչնչացումը։ Եթե Եվրոպան շատ ուժեղանա, օրինակ՝ գերմանա-ռուսական դաշինքով, Սիթին կկորցնի ազդեցությունը։ Եթե ամբողջությամբ կործանվի՝ կկորցնի եկամտաբեր շուկան։ Իդեալական վիճակը վերահսկվող քաոսն է. Եվրոպան պետք է լինի անհանգիստ, ռազմականացված, ճգնաժամերի մեջ և լիովին կախված անգլո-սաքսոնական ֆինանսական ու ռազմավարական աջակցությունից։ Այս թատերաբեմում քաղաքական գործիչներն ու բանակները հաճախ ընդամենը գործիք են ֆինանսական կապիտալի ձեռքին, իսկ այսօրվա եվրոպական ճգնաժամը «բաժանիր, որ տիրես» դարավոր խաղի հերթական արարն է։
Իսկ եվրոպական էլիտաները կարո՞ղ են հակազդել։
Դժվար թե։ Մակերեսային հակասությունների և «ազգային շահերի» հետևում վերազգային ֆինանսաքաղաքական վերնախավի խորը միաձուլումն է։ Լոնդոնի, Ֆրանկֆուրտի, Փարիզի ու Վաշինգտոնի բարձրագույն ֆինանսական և տեխնոկրատական շրջանակները գործում են նույն համակարգի ներսում։ Խոշորագույն ֆոնդերը՝ BlackRock-ը, Vanguard-ը, և անդրազգային բանկերն ազգություն չունեն. նրանց կապիտալը ցրված է Լոնդոնի, Նյու Յորքի, Ֆրանկֆուրտի ու Ցյուրիխի միջև։ Նրանց համար ամեն ճգնաժամ, այդ թվում՝ վերազինումը, ոչ թե ազգային ողբերգություն է, այլ վիթխարի շրջանառության ու գերշահույթների աղբյուր։
Այս վերնախավն անցնում է նույն կրթական հաստատություններով, նստում է նույն փակ ֆորումներում՝ Դավոսից մինչև Բիլդերբերգ, կիսում է նույն աշխարհայացքը և գիտի, թե ով ինչ բաժին է ստանալու մեծ վերաբաշխումից։ Եվրոպական էլիտաները, նույնիսկ «ռազմավարական ինքնավարությունից» խոսելիս, համակարգային առճակատման չեն գնա Լոնդոնի կամ Վաշինգտոնի հետ, որովհետև նրանց անձնական, քաղաքական ու ֆինանսական բարեկեցությունը կապված է հենց այս համակարգի պահպանման հետ։ Ուստի Եվրոպայի ռազմականացումը նրանց շահերին չի հակասում. դա կառավարվող գործընթաց է, որով միանգամից լուծվում է երեք խնդիր՝ արդյունաբերական ակտիվների վերաբաշխում, պարտքային մեխանիզմների ամրապնդում և գլոբալ վերահսկողության պահպանում։
Այսքան խիստ հաշվարկված համակարգը կարող է կոտրել միայն «սև կարապը»։
Առաջինը ամենածայրահեղ և սարսափեցնող սցենարն է, որից ամենաշատն են վախենում համաշխարհային ռազմավարական կենտրոններում։ Երբ դիվանագիտությունը, միջազգային իրավունքը և ուժերի հավասարակշռության մեխանիզմները սպառվում են, իսկ արևմտյան համակարգը համառորեն շարունակում է Ռուսաստանին անկյուն քշել, լուծումների ցանկը կտրուկ նեղանում է։ Սահմանափակ տակտիկական միջուկային քայլը՝ որպես Երրորդ համաշխարհայինը կանխելու վերջին միջոց, ռազմական տեսության մեջ կոչվում է «էսկալացիա՝ հանուն դեէսկալացիայի»։
Նման քայլը վերջ կտար վերահսկվող քաոսին։ «Ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելու» անգլո-սաքսոնական մոդելը մի ակնթարթում վերացական տեսությունից կվերածվեր ֆիզիկական իրականության՝ հենց Եվրոպայի սրտում։ Բանաձևերին ու ֆինանսական հաշվարկներին սովոր եվրոպական բյուրոկրատիան կկանգներ գոյաբանական սպառնալիքի առջև, և նրան այլևս դժվար կլիներ համոզել շարունակել առճակատումը։ Այդ ցնցումը կարող էր բոլորին նստեցնել բանակցային սեղանի շուրջ և ստիպել նոր աշխարհակարգ կառուցել՝ հաշվի առնելով Ռուսաստանի ծայրագույն կարմիր գծերը։
Բայց հենց այստեղ է թաքնված մարդկության համար ամենամեծ վտանգը։ Միջուկային տաբուի առաջին շեմը հատելուց հետո շղթայական ռեակցիան վերահսկելը գրեթե անհնար է։ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ստիպված կլինեն պատասխանել, և Երրորդ համաշխարհայինը կանխելու փոխարեն կարող է հենց այն սկսվել։ Էլիտաները հաշվարկում են բոլոր հավանականությունները, բայց մարդկային գործոնն ու ծայրահեղ հուսահատությունը ծնում են սև կարապներ, որոնք ոչ մի սեղանի վրա նախատեսված չէին։
Երկրորդ սև կարապը կարող է թռչել հարավից։
Թուրքիան վաղուց ՆԱՏՕ-ի հնազանդ անդամ չէ։ Անկարան վարում է ինքնուրույն, նեոօսմանյան, հաճախ արևմտյան շահերին հակասող քաղաքականություն՝ ձգտելով դառնալ իսլամական աշխարհի առաջնորդ։ Մերձավորարևելյան հակամարտությունների սրման ֆոնին Թուրքիայի ռազմական բախումն Իսրայելի՝ ԱՄՆ-ի գլխավոր տարածաշրջանային գործընկերոջ հետ, ՆԱՏՕ-ին կկանգնեցներ անլուծելի փակուղու առջև։
ԱՄՆ-ն և Եվրոպան կամ պետք է պատժեն Թուրքիային և վտանգեն Բոսֆորի վերահսկողությունը՝ Սևծովյան ավազանում Ռուսաստանի հետ ուղղակի բախման ռիսկով, կամ կուլ տան հարվածը՝ ընդունելով, որ դաշինքն անզոր է իր իսկ անդամների կամայականության դեմ։ Թուրքիայի դուրսգալը կամ հեռացումը կքանդի ՆԱՏՕ-ի հարավային թևը՝ անպաշտպան թողնելով Մերձավոր Արևելքն ու Միջերկրականը։ Իսկ աշխարհին կերևա, որ կոլեկտիվ անվտանգության արևմտյան համակարգը «թղթե վագր» է, անկարող կառավարելու 21-րդ դարի իրական սպառնալիքները։
Ուշագրավ է, որ նման կազմաքանդումը կարող է տեղավորվել նույն Սիթիի տրամաբանության մեջ։ Եթե գլոբալ կենտրոնները տեսնեն, որ ՆԱՏՕ-ն սպառել է իրեն և դարձել անկառավարելի, կարող են գիտակցաբար թույլ տալ կամ հրահրել նրա փլուզումը՝ այն փոխարինելու ավելի ճկուն ու կոշտ դաշինքներով, AUKUS-ի նման, առանց եվրոպական ու թուրքական «բեռի»։ Այսպես կավարտվի Երկրորդ համաշխարհայինից հետո կառուցված արևմտյան անվտանգային ճարտարապետությունը։
Իսկ ՆԱՏՕ-ի փլուզումը Ռուսաստանին կտա բացառիկ պատմական հնարավորություն։
1945-ին Ստալինը լրջորեն պահանջում էր Թուրքիայից Կարսն ու Արդահանը և խորհրդային ռազմաբազաներ Բոսֆորում ու Դարդանելում։ Չերչիլը և անգլո-սաքսոնական ուժերը կանխեցին դա՝ Թուրքիային բերելով ՆԱՏՕ-ի հովանու տակ։ Սփայքմենի բանաձևով՝ ով տիրում է Ռիմլենդին՝ Եվրասիայի եզրային գոտուն, վերահսկում է Եվրասիան։ Ռուսաստանի համար Հարթլենդում փակված մնալը ռազմավարական խեղդում է, իսկ նեղուցները նրա հարավային շնչափողն են՝ Սև ծովից դեպի Միջերկրական և Համաշխարհային օվկիանոս։ ՆԱՏՕ-ի հովանուց զրկված ու իր հավակնությունների հետ մենակ մնացած Թուրքիան Մոսկվային կվերադարձնի այս դարավոր նպատակին։
Շղթան այստեղ չի կանգնում։ Եթե Անկարայի ծավալապաշտական ծրագրերը՝ «Թուրանից» մինչև Իսրայելի հետ բախումը, փլուզվեն, Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում և Կասպից ավազանում կտրուկ կնվազի։ Թուրք-իսրայելական առանցքի վրա իր անվտանգությունը կառուցած Ադրբեջանը կհայտնվի խոցելի վիճակում։ Իսկ հյուսիսային հսկան՝ Ռուսաստանը, և հարավային հարևանը՝ Իրանը, որոնք այստեղ ունեն պատմական շահեր, կարող են «կիսել» ազդեցության գոտիները կամ ուղղակի միջամտել՝ հատկապես եթե Բաքուն ներքաշվի արտաքին արկածախնդրությունների մեջ։
Ռուսաստանի համար դա կլինի ոչ թե պարզապես պատերազմ, այլ պատմական ռևանշ՝ 19-րդ և 20-րդ դարերում կորցրած դիրքերը վերականգնելու և Ռիմլենդի շրջափակումը կոտրելու համար։ Թեև այս ամենը պահանջում է վիթխարի ռեսուրսներ և կրում է ռիսկեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է հանգեցնել գլոբալ պայթյունի։
Եվ հիմա՝ գլխավոր հարցը. որտե՞ղ է այս ամենում Հայաստանը։
Մենք կանգնած ենք հենց այն խաչմերուկում, որտեղ բախվում են այս տեկտոնական շարժերը։ Երբ աշխարհում կտրուկ վերաձևվում են սահմաններն ու ազդեցության գոտիները, փոքր պետության համար իներցիան կամ սխալ հաշվարկը կարող է ճակատագրական դառնալ։ Հարցն այն է՝ կլինե՞նք խաղացող, թե՞ մանրադրամ հսկաների մեծ խաղում։
Առաջին պատասխանը տնտեսական է՝ «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» ճանապարհների ակտիվացումը սեփական կամ չինական ներդրումների հաշվին։ Փոքր պետությունը քարտեզից ջնջելը շատ ավելի դժվար է, երբ այն դառնում է տարածաշրջանային կամ գլոբալ լոգիստիկայի, օրինակ՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի անբաժանելի հանգույց։ Երբ խաղի մեջ են մտնում Չինաստանի կամ այլ հզոր խաղացողների երկարաժամկետ շահերը, Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը ստանում է հավելյալ շահագրգիռ երաշխավորներ։
Բայց միայն ճանապարհներով հնարավոր չէ փրկվել։ Դրանք անհրաժեշտ են, բայց ոչ բավարար, և պետք է ուղեկցվեն ճկուն, բազմավեկտոր ու հաշվարկված դիվանագիտությամբ, որպեսզի երկիրը չդառնա հակամարտող բևեռների բախման թատերաբեմ։
Հաջորդ անհրաժեշտ քայլը Ֆինլանդիայի և Շվեյցարիայի մոդելն է՝ թերևս միակ կենսունակ հայեցակարգը բարդ աշխարհագրություն և անհաշտ հարևաններ ունեցող փոքր պետության համար։
Ֆինլանդիան տասնամյակներ ապրել է հսկայական ռազմական սպառնալիքի տակ և ստեղծել աշխարհի լավագույն պաշտպանական համակարգերից մեկը՝ համապարփակ պաշտպանությունը։ Պարտադիր զինվորական ծառայություն և հսկայական, մարտունակ պահեստազոր։ Պաշտպանությունը միայն բանակի գործը չէ. տնտեսությունը, էներգետիկան, կիբերանվտանգությունն ու տեղեկատվական դաշտը նույնպես պատրաստ են ճգնաժամի և պատերազմի։ Եվ գլխավորը՝ «կծող» բանակի գաղափարը. երկիրն այնքան թանկ ու դժվար գրավելի դարձնել, որ ցանկացած ագրեսորի համար հարձակումն անիմաստ դառնա։
Շվեյցարիան ցույց է տալիս, որ կարելի է լինել չեզոք և միաժամանակ ամենազինված հասարակություններից մեկը։ Զինված ժողովուրդ, ժամերի ընթացքում մարտական դիրքեր զբաղեցնող պահեստազոր, ապաստարաններ բնակելի շենքերում, մայրուղիներ, թունելներ ու կամուրջներ, որոնք նախագծված են արագ փակվելու կամ ռազմական օբյեկտի վերածվելու համար։ Շվեյցարական չեզոքությունն անպաշտպանություն չէ. երկիրը չի դառնում որևէ բլոկի մսաղաց, բայց ունի այնպիսի ներքին ուժ, որ ոչ ոք չի համարձակվում առանց մեծագույն գնի մտնել նրա սահմաններից ներս։
Հայաստանի համար սա նշանակում է երեք բան։
Առաջին՝ «ազգ-բանակ» հայեցակարգի իրական, ոչ թե ձևական կիրառում. պրոֆեսիոնալ բանակի հիմքի վրա հզոր, մարզված և ժամանակակից զենքով զինված տարածքային պաշտպանություն ու պահեստազոր։
Երկրորդ՝ քաղաքացիական պաշտպանության արմատական վերափոխում. բնակչության զանգվածային վարժեցում, ապաստարաններ, ինժեներական կառույցներ, պաշտպանված ենթակառուցվածքներ։
Երրորդ՝ կախվածության նվազեցում արտաքին միակ «փրկիչներից»՝ գիտակցելով, որ երկրի ֆիզիկական անվտանգության գլխավոր երաշխավորը սեփական պատրաստվածությունն ու կամքն են։
Այս ճանապարհը պահանջում է հսկայական ներքին կարգապահություն և ռեսուրսներ։ Բայց քարտեզից ջնջվելու վտանգի առջև կանգնած փոքր պետության համար սա թերևս միակ ճանապարհն է՝ դառնալու անհաղթահարելի փուշ ցանկացած ագրեսորի կոկորդին։
Հսկաները կշարունակեն վերաձևել քարտեզը։ Հարցը միայն այն է՝ մենք այդ քարտեզի վրա կլինե՞նք որպես պետություն, թե՞ որպես ծանոթագրություն։
Սերգեյ Ղարագյոզյան
Մեկնաբանություններ