«Ինքնիշխան» որոշումներ՝ սեփական երկրի շահերի հաշվին
03.10.2026 | 10:24
Այս ինքնիշխան Հայաստանի ինքնիշխան ժողվարչապետն ասում է, որ, հնարավոր է, ՀՀ օդային տարածքը փակվի Իրանի համար, որպեսզի Հայաստանը չընկնի ամերիկյան պատժամիջոցների տակ: Սրա ասածից մի քանի հետևություն կարելի է անել:
Առաջին․ սա ՀՀ վարչապետ չէ, այլ ամերիկյան աշխատող. սա չի մտածում ամերիկյան հրահանգի կատարման հետևանքների մասին: Օրինակ՝ ի պատասխան Իրանը կարող է սրանց զրկել գազից կամ թանկացնել այն։ Իրանը կարևոր տարանցիկ երկիր է Հայաստանի համար՝ Միջին Արևելքից ամեն ինչ գալիս է Իրանի տարածքով: Վերջապես, Իրանում ունենք 100 հազար հայ և հազարավոր պարսիկ զբոսաշրջիկներ, որոնց Հայաստան գալը նույնպես խնդիր կդառնա և շատ վատ կանդրադառնա ՀՀ տնտեսության վրա:
Երկրորդ․ սա ասում է, թե՝ «ես ինքնիշխան եմ, առաջվա նահանգը (գուբեռնիան) չեմ»: Բա ինքնիշխան ղեկավարը ո՞նց կարող է իր երկրին վնաս հասցնող որոշում կայացնել: Մի՞թե ամերիկյան հավանական պատժամիջոցներն ավելի վատ կանդրադառնան Հայաստանի վրա, քան իրանական պատասխան քայլերը: Նշանակում է՝ սա ՀՀ անունից որոշում ընդունելու և անգամ կարծիք հայտնելու իրավունքից զուրկ մի բան է. սա ամերիկյան գործակալ է, որը 2018 թվականից ի վեր ապահովում է ամերիկյան շահերի իրականացումը Հայաստանում, իսկ թե որքանով են այդ շահերը կործանարար մեզ համար՝ կարծում եմ, ակնհայտ է:
Երրորդ․ այս ամենն իր վասալների հանդեպ ամերիկյան վերաբերմունքի վառ ցուցիչն է: Միացյալ Նահանգները թքած ունի այն բանի վրա, թե ինչ գին կվճարի Հայաստանն իր օդային տարածքը փակելու դիմաց, կստանա՞ արդյոք գազ Իրանից, թե՞ ոչ, և ինչ հետևանքներ կունենա այս ամենը Հայաստանի տնտեսության վրա: Ամերիկային պետք է Իրանի դեմ իր գիծը պահել և այն մյուսներին պարտադրել, իսկ թե ով և որքան կտուժի կամ կկործանվի դրանից, արդեն ամերիկացիներին չի հետաքրքրում:
Եվ ամենակարևորը․ հայ արևմտականների համար ինքնիշխանությունը բացառապես Ռուսաստանից անկախ և հեռու մնալն է. արևմտյան վասալ կամ համբալ լինելը, սրանց պատկերացմամբ, իրենց ինքնիշխանությանը չի խոչընդոտում: Դե՛, հիմա պատկերացրեք այս կարգի ինքնիշխան ղեկավարության տակ ապրող բնակչության վիճակը...
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մեկնաբանություններ