Եթե Հայաստանը արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման շրջանակում որոշի վերանայել Ռուսաստանի հետ հարաբերությունների դաշնակցային կարգավիճակը, ապա ստիպված կլինի հրաժարվել նաև Մոսկվայի կողմից տրամադրվող արտոնություններից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։ «Դատելով այլ երկրների փորձից՝ արևմտյան քաղաքական տեխնոլոգները ավելի լավ բան չեն մտածի, քան՝ դա անվանել անկախության գին, որը Հայաստանը պետք է վճարի»,- ասել է դիվանագետը։               
 

Համացանցային «դատարանն» աշխատում է ամբողջ հզորությամբ

Համացանցային «դատարանն» աշխատում է ամբողջ հզորությամբ
07.10.2026 | 18:00


Տեսանյութ է տարածվել, որտեղ ուսուցչուհին ապտակում է երեխային։ Եվ, ինչպես միշտ, համացանցային «դատարանն» արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Մի քանի վայրկյան տեսանյութը բավական եղավ, որ հազարավոր մարդիկ, չիմանալով ոչ նախապատմությունը, ոչ հանգամանքները, մարդուն գամեն անարգանքի սյունին։
Միանգամից հստակեցնեմ՝ երեխային հարվածելն անընդունելի է։ Ոչ ուսուցիչը, ոչ ծնողը, ոչ որևէ մեկը բռնությունը չպետք է դարձնի դաստիարակության միջոց։
Բայց հիմա եկեք նույնքան սկզբունքային լինենք նաև մյուս հարցում։
Մի քանի վայրկյանանոց տեսանյութը մարդու ամբողջական դատավճիռ չէ։
Մենք տեսնում ենք հետևանքը։ Իսկ ո՞վ է հարցնում պատճառների մասին։
Ի՞նչ է կատարվել դրանից առաջ։ Որքա՞ն ժամանակ է տևել իրավիճակը։ Ի՞նչ պայմաններում է աշխատում այդ ուսուցիչը։ Ի՞նչ հոգեբանական և մասնագիտական ծանրաբեռնվածության տակ է։ Ի՞նչ վիճակ է տվյալ դասարանում։ Որտե՞ղ են դպրոցի ղեկավարությունը, ծնողները, կրթական համակարգը։ Եվ վերջապես՝ ինչպե՞ս է ստացվել, որ իրավիճակը հասել է այն կետին, երբ ուսուցիչը կորցրել է ինքնատիրապետումը։
Կրկնում եմ՝ սրանցից ոչ մեկը չի արդարացնում ապտակը։
Բայց եթե մեզ իրականում հետաքրքրում է երեխայի պաշտպանությունը, ոչ թե հերթական հանրային քարկոծումը, պարտավոր ենք ուսումնասիրել ամբողջ պատճառահետևանքային շղթան։
Որովհետև ամենահեշտ բանը տեսանյութի վերջին 10 վայրկյանը վերցնելն է, մեկին «հրեշ» նշանակելը, աշխատանքից հեռացնել պահանջելը, վիրավորելը, նվաստացնելը և հետո սեփական արդարության զգացումով հանգիստ տուն գնալը։
Դրանով ի՞նչ փոխվեց։
Վաղը նույն ծանրաբեռնվածությունը, նույն դպրոցական միջավայրը, նույն չլուծված խնդիրները մնալու են։ Պարզապես տեսանյութի մեջ ուրիշ ուսուցիչ ու ուրիշ երեխա են լինելու։
Արարքը պետք է գնահատել և անհրաժեշտության դեպքում՝ պատասխանատվության ենթարկել։ Բայց մարդուն հանրային լինչի ենթարկելը արդարադատություն չէ։
Հասարակության հասունությունը հենց այստեղ է երևում՝ կարողանո՞ւմ ենք միաժամանակ պաշտպանել երեխային, դատապարտել բռնությունը և չվերածվել ամբոխի, որը մի քանի վայրկյանանոց տեսանյութից հետո պատրաստ է ոչնչացնել մարդու ամբողջ կյանքը։
Եթե ուզում ենք, որ նման դեպքերը չկրկնվեն, պետք է ոչ միայն հարցնենք՝ «ո՞վ է մեղավոր», այլ առաջին հերթին՝ «ինչո՞ւ դա տեղի ունեցավ»։
Որովհետև հետևանքը պատժելով՝ կարելի է փակել մեկ դեպք։
Պատճառները վերացնելով՝ կարելի է կանխել հաջորդը։
Թերևս այսքանը։

Սերգեյ Ղարագյոզյան
Դիտվել է՝ 122

Մեկնաբանություններ