ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ 2027 թվականին երկրի պաշտպանության, սպառազինության և կայունության ապահովման համար Եվրամիությունից կպահանջվի առնվազն 70 միլիարդ եվրոյի լրացուցիչ աջակցություն։ «Հենց մեր ուկրաինական ուժը, մեր բանակը, մեր տեխնոլոգիաներն են օգնում երաշխավորել նաև եվրոպական անվտանգությունը, ձեր անվտանգությունը»,- ԵՄ առաջնորդների հետ հանդիպմանը ասել է Զելենսկին։               
 

ՈՒմ ենք թույլ տալիս ազդել մեր մտքերի, որոշումների ու ապագայի վրա

ՈՒմ ենք թույլ տալիս ազդել մեր մտքերի, որոշումների ու ապագայի վրա
17.10.2026 | 13:35

Մարդուն ճանաչելու համար երբեմն բավական է հասկանալ, թե նրա հետ շփումից հետո ի՞նչ է մնում՝ գործելու կա՞մք, թե՞ հոգնածություն ու անվստահություն։ Ոմանց կողքին դժվարությունները հաղթահարելի են թվում, մյուսների կողքին նույնիսկ հնարավորություններն են անիմաստ դառնում։ Վերջիններիս վերաբերմունքն աստիճանաբար դառնում է մեր աշխարհայացքը։ Ուստի կարևոր է, թե ում ենք թույլ տալիս ազդել մեր մտքերի, որոշումների ու ապագայի վրա։ Նույնը հանրության կյանքում է, ում վստահում ենք, նրան հնարավորություն ենք տալիս որոշելու մեր ընդհանուր կյանքի ընթացքը։

Պետք է հեռու մնալ մշտապես դժգոհողներից ու ամեն ինչում բացասականը տեսնողներից։ Առաջիններն ամեն ինչի փոփոխությունն են պահանջում, բացի սեփական վարքից, երկրորդներն ամեն հնարավորության մեջ ձախողում են փնտրում՝ վախը ներկայացնելով որպես իմաստություն։ Նրանց դժգոհությունը հազվադեպ է գործ դառնում, բայց հեշտությամբ վարակում է շրջապատին՝ սովորեցնելով հրաժարվել դեռ չփորձած։

Չարժե ապավինել ջանքից խուսափողներին ու մշտապես զոհ ներկայացողներին։ Մեկի հանգստության գինը ուրիշի հոգնածությունն է, մյուսի անմեղությանը՝ ուրիշին վերագրված պատասխանատվությունը։ Նրանց ձախողումներում մեղավոր են մարդիկ, պայմանները, անցյալը, իսկ սեփական սխալներն այդ ցանկում չկան։ Փոխարենը եռանդ չեն խնայում բացատրելու, թե ինչու պիտի ուրիշներն աշխատեն ու պատասխան տան։

Չի կարելի ճանապարհ գնալ ստախոսների ու մարդկանց օգտագործողների հետ։ Սուտն արդարացնելով՝ նրանց սովորեցնում ենք խաբել, մեզ՝ խաբվել, մինչև ճշմարտությունն ասողից ավելի շատ ենք նեղանում, քան խաբողից։ Օգտագործողներն էլ մտերմանում են, քանի դեռ ստանալու բան ունեն՝ օգնություն, կապեր, աջակցություն։ Օգտակարության հետ ջերմությունն էլ է սպառվում, քանի որ մենք ընկերություն էինք անում, իսկ նրանք իրենց հարցերն էին լուծում։

Պետք է զգուշանալ նախանձողներից, սեփական նպատակներից հրաժարված ու ուրիշի ձգտումները ծաղրողներից և մեր ուժերի հանդեպ հավատը թուլացնողներից։ Մեկը հաջողության մեջ չի տեսնում կարողությունն ու աշխատանքը, մյուսն ուրիշի ջանքերն անիմաստ համարելով արդարացնում է իր անգործությունը, երրորդն ասում է՝ «չես կարող», «իզուր ես փորձում»։ Քննադատությունն օգնում է շտկել սխալը, իսկ այս վերաբերմունքը՝ հրաժարվել դեռ չսկսած և հաճախ՝ «քո լավն եմ ուզում» հավաստիացմամբ։

Պետք է հեռավորություն պահել նաև կախվածություն ունեցողներից, որոնց վարքը շարունակ վնասում է շրջապատին։ Օգնելը չի նշանակում անվերջ հանդուրժել խաբեությունը, բռնությունն ու խախտված խոստումները։ Կարեկցանքն էլ սահմաններ ունի և ուրիշին օգնելու ցանկությունը չպետք է դառնա սեփական կյանքը քայքայելու պարտավորություն։

Անձնական կյանքում այս կանոնները գիտակցում ու փորձում ենք կիրառել, բայց քաղաքական ընտրության պահին մեր խստապահանջությունը հաճախ անհետանում է։ Նախանձողից հեռու ենք մնում, բայց հանրային պաշտոն ենք վստահում։ Ստախոսին մեր դրամապանակը չէինք վստահի, երկրի բյուջեն՝ վստահում ենք։ Անպատասխանատուի հետ գործ չէինք սկսի, բայց կառույցի, անգամ պետության կառավարումը հանձնում ենք։

Պաշտոնը մարդու բնավորությունը չի փոխում, այլ մեծացնում է դրա հետևանքները։ Իշխանություն ստացած ստախոսն արդեն հանրային իրականությունն է խեղաթյուրում, իսկ անպատասխանատուի սխալների համար վճարում է մի ամբողջ երկիր։

Հանրության հասունությունը երևում է նրանից, թե երբ է նա դադարում լսել ու հանդուրժել ձախողման բացատրություններն ու սկսում է պատասխան պահանջել։ Հակառակ դեպքում նույն մարդիկ շարունակելու են տնօրինել մեր վաղվա օրը՝ մեզանից պահանջելով ընդամենը մի փոքր էլ համբերություն։ Իրենց համար՝ իշխանություն, մեզ համար՝ համբերություն։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ

class="footer-right"> .