Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Ես ամաչում եմ հացից

Ես ամաչում եմ հացից
20.10.2026 | 19:20


1934 թվականին Եղիշե Չարենցը որոշում է կոշտ արձագանքել գրականագետ Հայկ Գյուլիքևխյանին՝ ոչ պարկեշտ և ոչ ազգային պահվածքի համար։ Սակայն փողոցում երբ դեմ դիմաց հանդիպում է գրականագետին, Չարենցը լռում է և ոչինչ չի ասում։ Նրա ընկերները երբ հարցնում են, թե՝ Եղիշե, բա ինչո՞ւ չասացիր այդ մարդուն ինչը որ պետք էր, Չարենցը պատասխանում է․ «Ձեռքին հաց կար: Ես ամաչում եմ հացից»։
Մեր օրերում վերջին ամիսներին ինձ տարբեր կողմերից հարցնում են՝ ինչո՞ւ գնահատական չեմ տալիս Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի վարքագծին, որ կոշտ ընդդիմադիր ու ազգային դիրքերից գնաց դարձավ դավաճանական ՔՊ կուսակցության թեկնածու, երբ Նիկոլին ու նրա թիմին համարում էր Արցախ վաճառած դավաճանների խմբակ, իսկ հիմա Նիկոլ Փաշինյանին անվանում է հայրենիքի նվիրյալ։
Ես Առուշի մասին ոչինչ չեմ խոսի՝ Չարենցի նման ամաչելով հացից։ Առուշի ու նրա ընտանիքի անդամների հետ ես հաց եմ կիսել։
Ես, իհարկե, հասկանում եմ, թե ինչու այդպես արեց Առուշը։ Ես գիտեմ, թե իշխանությունն ինչքան ճնշումների ենթարկեց նրան, կալանավորեց, ազատազրկեց, բնականաբար այլ սրիկայություններ էլ են արել Առուշի և նրա ընտանիքի նկատմամբ, որոնցից մենք տեղյակ չենք։ Ես նաև հասկանում եմ, Առուշը մտածում է, թե կկարողանա զարգացնել ու լավ կյանք ապահովել ինչպես Գորիսի, այնպես էլ հարակից բնակավայրերի համար։ Բայց Առուշը հաշվի չի առնում կամ չի հասկանում մեկ պարզ ճշմարտություն։
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի մոռանում ու ոչինչ չի ներում։ Նա նույնիսկ իր հետ հազար տարվա ճանապարհ անցած հավատարիմ ծառայած մարդկանց է զոհաբերում ու վրեժխնդիր լինում, ինչպես վերջերս վարվեց շիշ բռնող Հայկ Սարգսյանի հետ։ Ըստ ձեզ՝ Նիկոլը մոռացե՞լ է 2021-22-ին Առուշի կազմակերպած ակցիաները Սյունիքի մարզում, երբ «Սյունյաց ողջույններ» էին հղում նրան։ Առուշը գուցե մոռացել է, բայց Նիկոլը երբեք չի մոռանա դա և քանի որ չափազանց հիշաչար է, նաև չի ների, ու մի օր մենք կտեսնենք, թե ինչ աստիճանի ծանր հարված է ուղղելու Առուշի մեջքին։
Երբ դիմացը տեսնում է սիրված, բայց ընդդիմադիր ու ազգային մարդկանց, Նիկոլ Փաշինյանը նախ վարկաբեկում է նրանց՝ կապելով իր անվան հետ, ապա, երբ այդ սիրված գործիչն այլևս սիրված չէ գաղափարական մարդկանց կողմից ու ոչ ոք չունի կողքին, հանգիստ կերպով զոհաբերում է։ Այդպես կվարվի նաև Առուշի հետ, ինչի համար ցավում եմ։
Ինչ-որ տեղ հասկանալի է, որ ամեն դեպքում Առուշը չէր կարող դիմադրել Նիկոլի ուղարկած Արմեն Խաչատրյանի հորդորներին, գուցե թաքնված սպառնալիքներին՝ դառնալ ՔՊ-ի թեկնածու և ունենալ Նիկոլ Փաշինյանի հովանավորությունը, բայց անհասկանալի է, թե ինչու Առուշը հրապարակային այդպիսի «սեր խոստովանեց» Նիկոլին։
Ախր մարդիկ քիչ թե շատ համակերպվել էին այն մտքի հետ, որ ստիպել են Առուշին, դարձրել ՔՊ-ի թեկնածու, անկախ ամեն ինչից՝ կընտրվի Գորիսի համայնքապետ, գուցե մի երկու լավ բան անի, մարդիկ մոռանան, որ սատանայի հետ է դաշինք կնքել։ Ի՞նչ իմաստ ուներ վեր կենալ ու Նիկոլին հռչակել հայրենասեր առաջնորդ։
Կարելի էր ուղղակի ոչինչ չխոսել Նիկոլի մասին, խոսել միայն Գորիս համայնքի զարգացման ծրագրերից, փողոցներ բարեկարգել, ծաղիկներ աճեցնել, Գորիսի կենտրոնում տնկած Փարիզի Էյֆելյան աշտարակի նման մի անգլիական Բիգբենի աշտարակ էլ Տաթևի վանքի կողքին տնկել, ուրախացնել մարդկանց՝ այդկերպ վերընտրվելով համայնքի ղեկավարի պաշտոնում։ Դա ավելի պարկեշտ կլիներ, քան Նիկոլին հռչակել հայրենասեր առաջնորդ։ Նիկոլը հայասեր ու հայրենասեր է այնքանով, որքանով Առուշը կարող է թուրքասեր լինել, ինչը անհնար և վիրավորական է։
Ինչևէ։ Մեր ազգը ևս մեկ խորը հիասթափություն ունեցավ՝ տեսնելով, որ հայրենիքի գաղափարը ևս մեկ անգամ զոհաբերվեց լավ ապրելու ցանկությանը։
Պատահական չէր 2020-ի նոյեմբերի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ ժամանակն է՝ հայրենիքը զոհաբերել մարդու շահերին։ Այդպիսի օրերում ենք ապրում։
Մի հայհոյեք Առուշին։
Չեմ կասկածում, որ հոկտեմբերի 25-ին Առուշը կհաղթի։ Բայց ես ամաչում եմ հացից։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է՝ 190

Մեկնաբանություններ