Չնայած առողջական վատ վիճակիս և անազատությանս՝ պատասխանելու եմ, որ անգամ մահը ինձ չի ստիպի ծնկի գալ։
Ալի՛և, ամեն անգամ, երբ լսում եմ հայ ժողովրդին ուղղված քո հայտարարություններն ու մեղադրանքները, ես քեզ նմանեցնում եմ մի սերիական մարդասպանի, ով փորձում է ամպագոռգոռ հայտարարություններով մոլորեցնել ամբողջ աշխարհին։ Այն, որ հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում միշտ խաղաղություն է սիրել, գիտի ամբողջ աշխարհը, բայց նաև գիտեն, որ հայը պայքարող ու կռվող ազգ է: Երբ հայը ոտքի է կանգնում, ապա փոթորկի նման աշխարհի երեսից սրբում-մաքրում է քեզ նման քոչվոր, արնախում բռնապետիկներին։
Իրականում, Ալի՛և, դու ու քո բռնապետությունը ձեր դարն ապրել եք։ Դու հային մարդասպան ես անվանում, այն դեպքում, երբ մեկ դար շարունակ ձեր արհեստական վարչակազմերով բռնազավթել եք մեր հողերը և ցեղասպանել տասնյակ հազարավոր հայերի։ Բաքու, Շուշի, Սումգայիթ, Կիրովաբադ... ես կարող եմ տասնյակ օրինակներ նշել, բայց միևնույն է՝ դու դա շատ լավ գիտես։
2023 թվականին Արցախը հայաթափվեց, և հարյուրավոր անմեղ հայեր սպանվեցին քո հրամանով։
Ալի՛և, դու լավ գիտես, որ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա և չի ուրանա այդ ամենը, դրա համար էլ ոչ մի պահ բաց չես թողնում, որ հայ ժողովրդի ուղղությամբ ցեխ շպրտես։
Հիշի՛ր, որ քո նոքար Հաջիևի՝ իբր ծաղրի ենթարկած հայկական մատյանի պատճենն իր մեջ ավելի շատ պատմություն ունի և ավելի հին է, քան ձեր արհեստական բռնապետությունը։ Դուք շարունակե՛ք նույն ոճով, որովհետև այդպես ամբողջ աշխարհին ցույց եք տալիս, թե ինչքան փուչ, տգետ, անհիմն ու անիմաստ են ձեր վարած քաղաքականությունն ու գոյությունը։
Աշխարհը փոխվում է, Ալի՛և, և շուտով գալու է պահը, երբ դու պատասխան ես տալու բոլոր այն երկրների ու ժողովուրդների առաջ, որոնց հանդեպ գործել ես սրիկայաբար։ Անգամ Թուրքիան է սկսել հասկանալ, որ դու և քո վարչակազմը չարիք եք թե՛ տարածաշրջանի, թե՛ ողջ աշխարհի համար։
Վերջին վեց տարվա ընթացքում մենք՝ հայերս, արթնացանք և հիմա հիանալի հասկանում ենք, որ երբ գա պահը, այլևս մեծահոգի չպետք է լինենք ցեղասպանների ու ահաբեկիչների հետ։ Արժանապատիվ խաղաղության միայն մեկ ուղի կա, և դա ժողովրդավարությունն ու արդարությունն են՝ վերջ դնելով քեզ նման ցեղասպան, ահաբեկիչ բռնապետիկների չարորակ ռեժիմներին։
Եվ մենք՝ հայերս, միշտ վերականգնում ենք արդարությունը։
Ալի՛և, չփորձե՛ս մտածել, որ մենք ծնկի ենք եկել, չփորձե՛ս անգամ ենթադրել, թե հայն այնքան է թուլացել, որ մոռացել է՝ ինչպես կատաղի պայքարել ու կռվել։ Դո՛ւ կսխալվես։ Հայաստանն այսուհետ հավերժ է, և գալու է այն օրը, երբ հայն ու Հայաստանը դառնալու են տարածաշրջանի ամենահզոր ժողովուրդն ու պետությունը։ Ինչպես ասում էր լուսահոգի Վլադիմիր Ժիրինովսկին՝ Հայաստանն է Հարավային Կովկասի ապագան, իսկ Ադրբեջանը քայքայվելու է և դադարելու է գոյություն ունենալ որպես պետություն։ Այնպես որ, Ալի՛և, շարունակի՛ր այդ ճանապարհով, և դու ինքդ կտեսնես, թե ինչպես արդարության ծարավ հայ ժողովուրդը ձեզ ցույց կտա, թե ինչ է հզոր, ժողովրդավար պետությունը, և ինչպես է քանդվում հայ մանուկներին սպանած, ահաբեկիչ բռնապետությունը։ Ես քեզ ասել եմ, Ալի՛և, որ քեզ պատժելու է քո սեփական ժողովուրդը, և այդ օրը սարերի հետևում չէ։ Դու և քո բռնապետական ռեժիմը սպառված օրակարգ եք, իսկ Արցախի բռնազավթումն ու էթնիկ զտումը քո կոկորդին կանգնած ոսկոր են, որը դու այդպես էլ չես կարողանալու կուլ տալ ու մարսել։ Շարունակի՛ր սպառնալ, որովհետև անիմաստ սպառնում են միայն վախկոտները։
Եթե դու վստահ լինեիր, որ հաղթել ես, ապա այդքան վախեցած չէիր լինի։
Կգա մի օր, կմնա մի օր, իսկ այդ օրը հեռու չէ։
Ազատությո՛ւն Բաքվում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին։
ՔԿՀ (Բանտ)
19.10.2026 թ.
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հ․Գ․
Հիշեցնենք, որ ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը շարունակում է գտնվել անազատության մեջ։ Նշենք նաև, որ վերջին շրջանում Վարդանյանի առողջական վիճակը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում զգալիորեն վատթարացել է։ Տեղի բժիշկները պնդում են, թե Վարդանյանը բժշկական պատշաճ հսկողության տակ է, ինչը ԼԿՏԻ ՍՈՒՏ Է:
Արմավիրի քրեակատարողական հիմնարկում Արթուր Վարդանյանին, իր ծանր հիվանդությամբ պայմանավորված, որևէ պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ավելին՝ եղել են դեպքեր, երբ սխալ դեղորայքի տրամադրման արդյունքում նրա մոտ ժամանակ առ ժամանակ նկատվող արյունահոսությունն ավելի հաճախակի է դարձել։ Տեղի պատասխանատուները միտումնավոր ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ նաև հարազատների միջոցներով հետազոտությունն ու բուժումը՝ չտրամադրելով համապատասխան ցուցում, որ Վարդանյանն ունի մասնագիտացված բժշկական հաստատությունում բժիշկ-մասնագետների կողմից հետազոտվելու և բուժվելու կարիք։
Սա ոչ թե բացթողում կամ անպատասխանատվություն է, այլ միտումնավոր խոշտանգման դասական, վառ օրինակ և Վարդանյանի կյանքը գիտակցաբար վտանգելու փորձ: