Թաքնված գնաճի մարքեթինգը. երեք կենցաղային պատմություն
21.10.2026 | 12:13
Ես ժամանակ առ ժամանակ հավի շաուրմա եմ ուտում, որն արժեր 1100 դրամ: Նորմալ շաուրմա էր: Երկու օր առաջ ինձ ասացին, որ այդ ստանդարտ հավի շաուրման արդեն 1250 դրամ արժե, որովհետև մթերքը թանկացել է, հետևաբար՝ շաուրման էլ է թանկացել: Այսօր շաուրման էլի 1100 դրամ էր, ուղղակի մեջը միս չկար: Հետևություն. թանկացումը միշտ չէ, որ թվերով է արտահայտվում:
Ճաշին ես սովորաբար ուտում եմ սուպերմարկետում վաճառվող՝ հավի գրիլ արած բդիկներից: Երկու օր առաջ ինձ ասացին, որ բդիկների գինը փոխվել է, բայց ոչ թե թանկացել է, այլ պարզապես նախկինում էր էժան․ ակցիա էր, որն ավարտվել է: Հետևություն. գնաճը կարելի է այնքան գեղեցիկ փաթեթավորել, որ մի բան էլ քեզ լավ զգաս, թե նախկինում հաջողությամբ օգտվել ես ակցիայից:
Սուպերմարկետում վաճառում էին լոլիկ՝ 9600 դրամով, անունը՝ «ուզբեկական լոլիկ»։ Այսինքն՝ դա ինչ-որ հատուկ տեսակ չէր, այլ ուղղակի ծագման երկիրն էր ուրիշ: Դրա կողքին վաճառվում էր լոլիկ՝ 550 դրամով, ինչն ակնհայտորեն թանկ է այն ֆոնին, որ Հայաստանում տեղական լոլիկի սպառման խնդիր կա, բայց այն 9600 դրամանոցի կողքին սա շատ էժան է երևում: Հետևություն. գնաճը քողարկելու համար կարող են թանկի ու էժանի միջև ընտրության պատրանք ստեղծել և թանկացած լոլիկը էժան ապրանքի անվան տակ վաճառել:
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հ.Գ.
Ես տնտեսագետ կամ շուկայի մասնագետ չեմ, սրանք ընդամենը իմ տպավորություններն ու հետևություններն են:
Մեկնաբանություններ