33 հարց Արամայիս Թախմազյանին և բարեմաղթանք
21.10.2026 | 12:50
Արամայի՛ս (նախկին տեր Թադե), քանի որ հոգևոր ապաքինման նշաններ չես ցուցաբերում, քեզ եմ ուղղում հարցեր, որոնք, հուսով եմ, քեզ խորհելու առիթ կտան։
1. Եթե ընդունում ես այն Եկեղեցու իշխանությունը, որը քեզ ձեռնադրել է, և հպարտորեն հրապարակում ես ձեռնադրությանդ լուսանկարը, ինչո՞ւ չես ընդունում նույն Եկեղեցու՝ քեզ կարգալույծ անելու իշխանությունը։ Ինչպե՞ս է նրա որոշումը քեզ համար ընդունելի, երբ իշխանություն է տալիս, և անընդունելի՝ երբ այն վերցնում է։
2. Գիտակցո՞ւմ ես, որ քահանայական օծումը քո սեփականությունը չէ, որ քո կամքով պահես ու գործադրես։ Ինչպես հստակ սահմանում է «Կանոնագիրք Հայոցը», կարգալուծությամբ զրկվում ես քահանայական կարգից, շնորհից, օծումից, ձևից և նշանից՝ դառնալով սովորական աշխարհական։ Ուրեմն ինչո՞ւ ես շարունակում քեզ քահանա ներկայացնել և մարդկանց մոլորեցնել։
3. Գիտակցո՞ւմ ես, որ եկեղեցական խորհուրդները (Մկրտություն, Պսակ, Սուրբ Հաղորդություն) կատարվում են Սուրբ Հոգու էջքով և ներգործությամբ։ Բայց այդ շնորհը հոգևորականին տրվում է Եկեղեցու միջոցով՝ առաքելական հաջորդականությամբ, որից զրկվում են կարգալույծները։
4. Գիտակցո՞ւմ ես, որ երբ մարդը կտրվում է այդ հաջորդականությունից (կարգալույծ է լինում), նրա ձեռքերից վերանում է խորհուրդներ կատարելու իշխանությունը։
5. Քրիստոսին վերաբերող «օծեց ինձ», «ուղարկեց ինձ» խոսքերը ձեռնադրությանդ լուսանկարին կից հրապարակելիս ինչո՞ւ չես նշում նաև հետագա կարգալուծությունդ։ Ինչո՞ւ ես մարդկանց ցույց տալիս նախկին ձեռնադրությունը, բայց դրա կողքին չես ներկայացնում ներկա կարգավիճակդ։
6. Ինչո՞ւ ես Ֆեյսբուքի քո պրոֆիլում շարունակում ներկայանալ քահանայական անունով ու կոչումով՝ փոխանակ նշելու աշխարհական անունդ՝ Արամայիս Թախմազյան։
7. Ի՞նչ իրավունքով ես շարունակում քահանայի զգեստ և լանջախաչ կրել։ Գիտե՞ս, որ քեզ տեսնող մարդը դրանցով քեզ գործող քահանա կարող է համարել։ Ինչո՞ւ ես մոլորեցնում այդ պատկերով։
8. Քեզ դիմող յուրաքանչյուր մարդու հստակ ասո՞ւմ ես՝ «Ես կարգալույծ եմ, այլևս գործող քահանա չեմ»։ Եթե ասում ես, ապա ինչպե՞ս ես բացատրում, որ շարունակում ես քահանայի դեր կատարել։ Եթե չես ասում, ինչո՞ւ ես թաքցնում նրանց որոշման համար վճռորոշ այդ հանգամանքը։
9. Կարգալույծ հռչակվելուց հետո քանի՞ կեղծ «պատարագ» ես մատուցել՝ մարդկանց ներկայացնելով այն որպես իրական Սուրբ Պատարագ։
10. Քանի՞ մարդու ես հաց ու գինի տվել՝ ներկայացնելով որպես Քրիստոսի Մարմին և Արյուն։ Այդ մարդկանց ասե՞լ ես, որ կարգալույծ ես և այլևս քահանայագործելու իշխանություն չունես։
11. Քանի՞ խոստովանություն ես ընդունել և քանի՞ մարդու ես «մեղքերի արձակում» տվել՝ չունենալով քահանայական արձակման իշխանություն։ Ի՞նչ հիմքով ես նրանց հավաստիացրել, թե ստացել են այն։
12. Քանի՞ անվավեր «մկրտություն» ես կատարել։ Ծնողներին ու կնքահայրերին նախապես հայտնե՞լ ես քո կարգալույծ վիճակի և դրա հետևանքների մասին։
13. Քանի՞ «պսակադրություն» ես կատարել՝ զույգերին համոզելով, թե նրանց ամուսնությունը քո ձեռամբ ստանում է Սուրբ Պսակի խորհրդի օրհնությունը։
14. Քանի՞ «թաղման» կարգ ես կատարել կարգալույծ լինելուց հետո։ Սգավոր հարազատներին հայտնե՞լ ես, որ Եկեղեցու կանոնով կարգալույծի կատարած այդ կարգն անվավեր է։
15. Ինչո՞ւ ես բռնազավթել Ներքին Բազմաբերդի եկեղեցին ու այն չես վերադարձնում Արագածոտնի թեմին։
16. Ի՞նչ իրավական կամ բարոյական հիմքով ես շարունակում տնօրինել ու արգելափակել եկեղեցական գույքն ու սրբությունները, որոնք պատկանում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Արագածոտնի թեմին, այլ ոչ թե քեզ՝ անհատ աշխարհականիդ։
17. Գիտակո՞ւմ ես, որ կարգալույծ լինելով՝ իրավունք չունես ոչ միայն խորան բարձրանալ ու եկեղեցական սպասքին դիպչել, այլ նույնիսկ դասում և ավանդատներում գտնվել, էլ չեմ ասում՝ հափշտակածդ Սուրբ Հաղորդությանը և սրբազան Մյուռոնին դիպչելու մասին։ Գիտակո՞ւմ ես, որ քեզանից հետո սուրբ սեղանը և եկեղեցական սպասքը պետք է աղոթքով մաքրվեն, նոր միայն օգտագործվեն սրբազան խորհուրդներ կատարելիս։
18. Քանի՞ հավատացյալի ես հեռացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և եկեղեցական նվիրապետության հետ կանոնական հաղորդակցությունից՝ նրանց ներքաշելով հակականոնական ու ապօրինի ընթացքի մեջ։
19. Գիտակո՞ւմ ես, որ քո այս արարքներով գայթակղություն և պառակտում ես մտցնում տեղի համայնքի և հավատացյալների շրջանում։ Ի՞նչ պատասխան ես տալու Աստծուն այն հոգիների համար, ովքեր քո պատճառով հեռացել են Եկեղեցու ճշմարիտ Սուրբ Խորհուրդներից։
20. Ի՞նչ պատասխան ես տալիս այն հավատացյալներին, ովքեր հետագայում իմանում են քո կարգալույծ վիճակի մասին և հայտնվում հոգևոր խորը ճգնաժամի ու խաբվածության զգացման մեջ։
21. Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ քո գործողությունները հարվածում են հենց Եկեղեցու հեղինակությանը՝ հավատացյալների շրջանում առաջացնելով տարակուսանք ու անվստահություն։
22. Գիտակո՞ւմ ես, որ խաբում ես պարզամիտ հավատացյալներին՝ նրանց մատուցելով «դատարկ բաժակ»։ Նրանց չես փոխանցում Աստծո օրհնությունը, այլ մոլորվածներին մասնակից ես դարձնում քո ըմբոստությանը։
23. Գիտակո՞ւմ ես, որ այս ամենը՝ կարգալույծ վիճակում «պատարագ» մատուցելը, «մեղքերի արձակում» տալը և մյուս կեղծ ծիսակատարությունները, ըստ Եկեղեցու կարգի, սրբապղծություն է։ Գիտակո՞ւմ ես, որ քեզ վստահող մարդը կարծում է, թե Սուրբ Խորհրդի է մասնակցում, մինչդեռ դու նրան մատուցում ես դրա արտաքին նմանակումը՝ առանց խորհրդակատար շնորհի։ Ի՞նչ պատասխան ես տալու այդ մարդկանց՝ նրանց հավատն ու վստահությունն այսպես օգտագործելու համար։
24. Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգուն անվանեց «Ճշմարտության Հոգի» (Հովհ. 14:17)։ Իսկ դու, զրկված լինելով քահանայական շնորհից, երբ ձևացնում ես, թե «պատարագ» ես մատուցում կամ «մկրտություն» անում, գիտակո՞ւմ ես, որ կեղծիք ես մատուցում Աստծո անունով։
25. Գիտակո՞ւմ ես, որ Ճշմարտության Հոգու անունն օգտագործելը ստի և խաբեության մեջ՝ ուղղակիորեն հակառակվելով Նրան, սրբապղծություն է, որովհետև փորձ է արվում Սուրբ Հոգու շնորհները սեփական անձին վերագրել՝ մարդկանց մոլորեցնելու համար։
26. Գիտակո՞ւմ ես, որ քո արածը ոչ միայն հոգևոր ապստամբություն է, այլև բացահայտ սրբապղծություն և ժողովրդի խաբեություն։
27. Գիտակո՞ւմ ես, որ անվավեր խորհուրդներ մատուցելով՝ մարդկանց դեպի փրկություն առաջնորդելու փոխարեն մոլորեցնում ես և նրանց հոգևոր կյանքը վտանգի ենթարկում։
28. Գիտակո՞ւմ ես, որ կեղծ պատարագներով Սուրբ Հաղորդության փոխարեն հոգևոր թույն ես մատուցում մոլորված հոտին։ Իսկ կյանքի փոխարեն կեղծիք ու խաբեություն մատուցելը հակառակություն է Սուրբ Հոգուն։
29. Գիտակո՞ւմ ես, որ դարձել ես «հափշտակող գայլ՝ ոչխարի զգեստով» (Մատթ. 7:15) ու փնտրում ես ոչ թե Աստծո փառքը, այլ սեփական «ես»-իդ հաստատումը։
30. Հիշո՞ւմ ես, թե ինչպես, երբ Աստծո շնորհը չունեցողները փորձեցին չար ոգով բռնվածների վրա կանչել Տեր Հիսուսի անունը, չար ոգին նրանց ասաց․ «Հիսուսին գիտեմ և Պողոսին ճանաչում եմ. բայց դուք ո՞վ եք» (Գործք 19:15)։
31. Գիտակո՞ւմ ես, որ փորձում ես «գողանալ» Աստծո շնորհը (ինչն, իհարկե, անհնար է) կամ նմանակել այն։ Սա նման է Սիմոն Մոգի մեղքին, ով կարծում էր, թե Սուրբ Հոգու շնորհը կարող էր արծաթով գնել և դարձնել իր սեփականությունը։ Պետրոս առաքյալը նրան սաստեց․ «Դու քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը, թերևս քո սրտի նենգ խորհուրդները քեզ ներվեն. քանի որ մաղձի դառնության և անիրավության կապանքների մեջ եմ տեսնում քեզ» (Գործք 8:22-23)։ Այս զգուշացումը քեզ չի՞ մղում քննելու քո ընթացքը և դադարեցնելու կեղծ քահանայագործությունը։
32. Քո խիղճը քեզ չի՞ տանջում այս հակականոնական և հակաեկեղեցական ընթացքիդ համար։
33. Պատրա՞ստ ես քեզ մոտ այդ արարողություններին մասնակցած մարդկանց հայտնել ամբողջ ճշմարտությունը և ուղղորդել Եկեղեցու գործող հոգևորականների մոտ՝ անհրաժեշտ առաջնորդություն ստանալու համար։
Տա՛ Աստված՝ զղջաս վերը թվարկած հակականոնական, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական խոտորյալ արարքներիդ համար, ապաշխարես ու հոգևորապես ապաքինվես։ Ամեն:
Սամվել դպիր ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մեկնաբանություններ