Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Երբ հայրը բառի իմաստը հասկանում էր յուրովի

Երբ հայրը բառի իմաստը հասկանում էր յուրովի
21.10.2026 | 13:01

Մենք Հրաչյա Աճառյանին գիտենք որպես հայոց լեզվի մեծագույն գիտնականի, «Հայերեն արմատական բառարանի» և հայոց լեզվի պատմության հեղինակի։ Բայց «Կյանքիս հուշերից» գրքում նա նաև մի տղա է, որը ջերմությամբ ու հումորով պատմում է իր հոր մասին։
Հայրը կիսագրագետ էր, բայց, ինչպես ինքն է ասում, շատ աշխատասեր ու ուսումնասեր։
Մի օր նա դպրոց է գալիս և հոգաբարձուներին հարցնում.
- Տղաս ինչպե՞ս է սովորում։
- Տղադ շատ աշխատասեր է,- պատասխանում են նրան։
Հայրը զարմացած ասում է.
- Ափսո՜ս, աշխատասեր ըլլալու տեղ՝ աշխատող ըլլար, ավելի լավ էր։
Մեկ ուրիշ անգամ Աճառյանը տուն է բերում իր դպրոցական գնահատականները։ Այն ժամանակ թվանշանների փոխարեն բառերով էին գնահատում աշակերտներին։ Նրա թերթիկում գրված էին մի քանի «քաջալավ», «լավագույն» և մեկ «լավ»։
Հայրը կարդում է ու զարմանում.
- Ինչո՞ւ միայն մի հատ լավ ունիս, մյուսները լավագույն են։
Աճառյանը վախենում էր հակառակից, որովհետև գիտեր՝ «լավագույնը» ավելի բարձր գնահատական է, քան «լավը»։ Բայց հոր համար ամեն ինչ այլ կերպ էր։
- Հայրի՛կ, լավագույնը լավից բարձր է։
- Որի՞ն կուզես խաբել, լավագույն՝ այսինքն՝ լավի գույն ունեցող։
Հրաչյա Աճառյան, «Կյանքիս հուշերից»
Այս տողերում Աճառյանի հայրը կարծես մեր առջև կանգնում է կենդանի կերպարով։ Նա դպրոցական գիտելիքներ չուներ, բայց ուներ իր տրամաբանությունը, իր պատկերացումները, իր անմիջական ու անկեղծ վերաբերմունքը բառերի նկատմամբ։
«Աշխատասե՞ր, թե՞ աշխատող»։ «Լավագո՞ւյն, թե՞ լավի գույնն ունեցող»։
Հայրը բառերն ընկալում էր այնպես, ինչպես ինքն էր հասկանում դրանց կազմությունն ու իմաստը։ Իսկ որդին հետագայում իր կյանքը նվիրեց հենց բառերի ծագումը, կառուցվածքն ու իրական նշանակությունը բացահայտելուն։
Իհարկե, չենք կարող ասել, թե հոր այդ զրույցներն են կանխորոշել որդու գիտական ուղին։ Բայց դժվար է չնկատել այս պատմությունների մեջ թաքնված գեղեցիկ զուգահեռը։
Հայրը բառի իմաստը փորձում էր հասկանալ իր պարզ տրամաբանությամբ, իսկ որդին իր ողջ կյանքում բառերի աշխարհը հետազոտեց գիտական ճշգրտությամբ։
Եվ որքան էլ տարբեր էին նրանց գիտելիքներն ու հնարավորությունները, երկուսն էլ իրենց ձևով փորձում էին հասկանալ բառը։
Գուցե հենց սա է այս հուշերի ամենամարդկային կողմը. մեծ գիտնականի հետևում տեսնում ենք ոչ միայն նրա տաղանդը, այլև այն ընտանիքը, այն միջավայրը, որտեղից նա եկել էր։
Երբեմն մեծ մարդկանց պատմությունները սկսվում են ոչ թե գրքերից ու համալսարաններից, այլ ընտանեկան մի զրույցից, որը տարիներ անց կարդում ենք ժպիտով։
Իսկ այս պատմության մեջ հոր վերջին խոսքը դեռ երկար է մնում հիշողության մեջ.
«Լավագույն՝ այսինքն՝ լավի գույն ունեցող»։


Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ
Դիտվել է՝ 174

Մեկնաբանություններ