Պառլամենտական երկրում, որտեղ թիվ մեկ ամբիոնը, պետության ճակատագրի, ընթացքի թիվ մեկ որոշողը խորհրդարանն է, Հայաստանում այն դարձել է սովորական դեկորացիա, ինչպիսին էր ԽՍՀՄ-ում։
Ավելին` եթե վաղը խորհրդարանը լուծարվի, ու նրա գործառույթները վերապահվեն կառավարությանը, դրանից Հայաստանի կյանքում ոչինչ չի փոխվի։
Գործադիրի ցանկացած որոշում դակվում է խորհրդարանում, չկա խորհրդարանական արդյունավետ վերահսկման մեխանիզմ, ընդդիմությունը իր հերթին վերածվել է ամբիոնից միայն ճառեր ասող սուբյեկտի՝ առանց վերահսկողական լծակների։
Նախագահի ինստիտուտը չասեմ ինչ ողբալի վիճակում է, ու տպավորություն է, որ այն դարձել է մակաբույծ՝ Հայաստանի քաղաքացիների (հարկատուների) ուսերին։ Նախագահի կերպարը և ֆունկցիոնալ կարողությունները առհասարակ բանի պետք չեն։
Ու այս ամենը խորքում ինստիտուցիոնալ ճգնաժամի մասին է, որը նպաստում է ավտորիտարիզմի հաստատմանը։ Բացակայում է ինստիտուտների ինստիտուցիոնալ հիշողությունը և դրա ձևավորման նպատակը, պետական ինստիտուտները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը աստիճանաբար դառնում են դեկորացիա, որտեղ ցանկացած արձագանք ոչ թե օբյեկտիվ իրականությունն է արտահայտում, այլ պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ։
Պետության ինստիտուցիոնալ դեֆորմացիայի հետևանքը ավտորիտարիզմի հաստատումն է։ Իհարկե, այստեղ կարելի է քննարկել` ավտորիտարիզմի՞ հաստատման հետևանքն է ինստիտուցիոնալ դեֆորմացիան, թե՞ հակառակը, սակայն էությունն այն է, որ պետականության հնագույն ավանդույթներ ունեցող կամ ստեղծած ժողովուրդը չի կարողացել ձևավորել ինստիտուցիոնալ հիշողություն, որտեղ անհատի կամքը կփշրվեր համակարգային հիշողությանը բախվելիս։
Արա Լ. Պողոսյան