Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Դավիթ Մուրադյան. ինքնակենսագրություն կամ ինքնատեղեկանք

Դավիթ Մուրադյան. ինքնակենսագրություն կամ ինքնատեղեկանք
21.10.2026 | 18:41

Ծնվել եմ 1951 թվականին դեկտեմբերի 12-ին,Երևան, արձակագիր, կինոքննադատ
Նախ՝ ծնողներիս մասին:
Հայրս Խարբերդից է՝ էդվարդ Մուրադյան, 1915-ին նահատակված փաստաբան Մուրադ Մուրադյանի զավակը: Աշակերտել է Երուխանին և Ռուբեն Որբերյանին: 1918-ից ապրել է Հալեպում, 1925-ին՝ներգաղթել Հայաստան:Դերասան էր: Աշխատել է բանշրջիկ թատրոնում /20-ականներին/, հետո՝ պատանի հանդիսատեսի /1930-1940-ականներ/: 1947-ից մինչև 1974-ը՝ գեղարվեստաթատերական ինստիտուտում:Մահացել է 1979-ին, 72 տարեկան հասակում։
Մայրս՝ Հայկանուշ Ասատրյան, ծնվել է 1914-ին, Երևանում։ Օպերայի թատրոնի բալետային խմբի հիմնադիր կազմից էր։ Աշխատել է մինչև 1962-ը։ Պարուհի էր նաև քույրս՝ Իվետտա Մուրադյան /մենակատար, թոշակի է անցել 1974-ին/։
Ինձ §նախագծել կառուցել¦ է այս մթնոլորտը, Երևան քաղաքը, Սուսաննա Բաբայանի գրական խմբակը՝ Պիոներ պալատ,60-ականներ:
Երեխա ժամանակ համոզված էի, որ դերասան եմ դառնալու: 1959-ին խաղացել եմ §Փոքրիկ ջութակահարը¦ հեռուստաֆիլմ- ներկայացման մեջ:Նկարահանված ժապավենը չի պահպանվել:Ռեժիսորն էր Վիլեն Զաքարյանը,օպերատորը՝ Լաերտ Պողոսյանը: Խաղում էին Գեղամ Հարությունյանը, շատ երիտասարդ Արմեն Ջիգարխանյանը,Սոս Սարգսյանը, Մարգո Մուրադյանը, Շահում Ղազարյանը… Մինչև 15-16 տարեկանս դեռ կանչում էին ռադիո, զանազան բեմադրություններում ձայնագրվելու /Սթեյնբեք §Մեծ լեռներ¦, Տոպելիուս, §Ձմեռային հեքիաթ¦, Ժ. Ավետիսյան, §Խաղաղ փողոց¦ և այլն: /Համարում եմ ճակատագրի պարգև, որովհետև շփվում էի Ցոլակ Ամերիկյանի,Գուրգեն Ջանիբեկյանի, Արման Կոթիկյանի,Բաբկեն Ներսիսյանի: Մետաքսյա Սիմոնյանի, Վարդուհի Վարդերեսյանի, Էդգար Էլբակյանի, բազում այլ դերասանների հետ: Նույնը՝ ֆիլմեր կրկնօրինակելիս: Այդ դպրոցը հետագայում օգնեց, որ ինքս ֆիլմեր թարգմանեմ, ավելի քան երեք տասնյակ: Դրանցից երկուսը կամ երեքը վատ էին ստացվել:
...Մի անգամ ներկայացում փրկեցի՝ §Վարդանանքը¦, հավանաբար 1961 թիվն էր, կամ 1962-ը: Վեպը կարդացել էի, եկել էի բեմականացումը տեսնելու, բայց ներս չէին թողնում, որովհետև փոքր էի և §կարևոր¦ դահլիճ էր՝ սփյուռքից եկած հոգևորականներ, մեծամեծներ: Մայրս գնաց Աճեմյանին խնդրելու, եկավ նրա հետ, ինձ հևիհև ներս տարան, բայց ոչ դահլիճ, այլ գրիմանոց, և Աճեմյանն ասաց՝ §երկրորդ գործողությանը պիտի բեմ ելնես, Վասակ Սյունու տղայի դերը խաղաս¦: Սյունին Ջանիբեկյան էր: Ինձ հագցնում ու գրիմ էին անունը, ինքն ու Ջանիբեկյանն էլ բացատրում էին, թե ինչ եմ ասելու, ո՛ր ռեպլիներին եմ պատասխանելու, բեմում ոնց եմ ինձ պահելու: Ավագ եղբայրս՝ Յուրա Ամիրյանն էր: Աճեմյանը հանձնարարեց, որ միշտ կողքիս լինի, հուշի տեքստը, օգնի: Մտանք բեմ ու խաղացինք առանց դույզն իսկ սայթակելու: Զարմանալի բան էր, վախ չունեի: Հիմա, ամեն դասախոսությունից առաջ, անհանգիստ եմ:
Դերասան չդարձա: 14-15-ից արդեն ինձ գրող էի պատկերացնում:
Առաջին անգամ տպագրվեցի 1969-ին, (Պիոներ) ամսագրում: Առաջին գիրքը՝ §Ուզում եմ քեզ պատմել¦ լույս տեսավ 1976-ին: Հինգ տարի պետհրատում էր, պլանից պլան էր քոչում: 6 մամուլից 3-ը թողեցին/ չասացին՝ վատ է, ասացին՝ այդքա՛ն է կարելի, թև գրեթե բոլոր գործերը տպվել էին մամուլում կամ ռադիոյով հաղորդվել/ և հրատարակեցին, որովհետև այդ 1976 թվին... ՍՄԿԿ Կենտկոմի որոշում եղավ այն մասին, որ ստեղծագործող երիտասարդությանը պիտի ուշադրություն դարձնել:
Մինչ այդ, 1975-ին, գործուղվեցի երիտասարդ գրողների համամիութենական խորհրդակցության: Հայաստանյան պատվիրակությունը ուժեղ էր՝ Ալեքսանդր Թոփչյան, Հովհաննես Գրիգորյան,Գրիգոր Ջանիկյան, Դավիթ Հովհաննես... Հրատարակչությունները ու խմբագրությունները գրոհում էին բոլոր հանրապետություններից եկած երիտասարդ գրողների վրա: Մեզ մոտ, Հայաստանում, հակառակ պատկերն էր և այդպես է, կարծեմ, մինչև այսօր: Նկատվեցի: §Լիտերատուրնայա գազետայում¦ իմ մասին գրեց Անատոլի Ալեքսինը: §Դետսկայա Լիտերատուրա¦-յում Ալբերտ Լիխանովը: Այդ խորհրդակցություններից սկսվեց բարեկամություն Ալեքսինի, Լև Ռազգոնի շատ-շատերի հետ: Երկրորդ գիրքս՝ §Հրաժեշտ¦-ը, եղավ միայն 1994-ին: Ամենից շատ գրականության մասին էի երազում, ամենաքիչը հենց դրանով հաջողվեց զբաղվել: Կինոն նորից մտավ կյանքիս մեջ: Ուրիշ պատճառներ էլ կային:
§Հայֆիլմում¦ աշխատել եմ 1977-1991 թվերին: Մինչև այդ եղել է ռադիոյի գրական խմբագրությունը/ ամենօրյա հաղորդակցություն երբևիցէ ինձ հանդիպած ամենապայծառ մարդկանցից մեկի՝ Խաչիկ Հրաչյանի հետ, 1971-1973 թվականներ/, եղել է §Հայաստանի աշխատավորուհի¦ ամսագիրը/ 1973-1974, բաժնի վարիչ/, բայց §Հայֆիլմը¦ Երևանի, հենց այն տեղն էր ուր ավելի օրգանական էի զգում ինձ: Զուտ ստեղծագործական աշխատանք՝ սցենարական կոլեգիա և ֆիլմեր: 15 տարվա կինոցանկի մեջ որոշ մասնակցություն ունեցել եմ: Խմբագրել մոտ երկու տասնյակ լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր: §Հայֆիլմին¦ պարտական եմ նաև բազում գործողումներով, որոնք հնարավորություն էին տալիս §անգիր իմանալու¦ մոսկովյան թատրոնների անցուդարձը: Եթե ուսանողներիս այսօր պատմելու բան ունեմ, նաև դրա շնորհիվ է: Ֆիլմերի և մեր կինոյի պրոբլեմների մասին քիչ չեմ գրել: Հեռուստատեսության շարքեր եմ վարել 1987-ից՝ §Մեկ ու կես ժամ կինոյի մասին¦, §Տասներորդը մուսա¦, §Իրիկնային զրույցներ¦, §Հայկական էկրան¦: Հաղորդումների թիվը չեմ պահել: Ցավում եմ, որ դրանց մեծ մասը անհետ կորել է և չի դարձել մեր կինոյի պատմության արձանագրված մասնիկ, թեև արժեքավոր զրույցներ են եղել Փարաջանովի, Ջիգարխանյանի, Ռոման Բալայանի, Օլեգ Յանկովսկու, Բագրատ Հովհաննիսյանի, Իրինա Ալֆյորովայի, Ալբերտ Մկրտչյանի, Կիմ Բակշիի, Սոս Սարգսյանի, Ֆրունզե Դովլաթյանի, Արա Վահունու, Աղասի Այվազյանի, շատ ուրիշների հետ: Որքան գիտեմ, պահպանված է Հրանտ Մաթևոսյանի հետ զրույցը:
1991-ին մի կարճ ժամանակով եղա §Կինո¦ թերթի հիմնադիր-խմբագիրը: 1993-ին ընտրվեցի ԱՊՀ երկրների §Նիկա¦ կինոակադեմիայի անդամ: Գերմանական §ՖԲԿ¦ մշակութային հիմնարկի հետ համագործակցելով, երեք անգամ նախապատրաստել եմ հայկական ֆիլմերի մասնակցություն Վիսբադեն փառատոնին և ներկայացրել մեր կինոն այտեղ /1989, 1991, 1992/: Քանի որ դեռ կինոթեմայի մեջ ենք, ավելացնեմ, որ դասավանդում եմ Հայկ. պետ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետում /1986-ից, դոցենտ՝ 1994-ից/ և կինոգիտական կուրսի ղեկավար եմ թատերական ինստիտուտում /1993-ից/: Լավ ուսանողներ եմ ունեցել և ունեմ: Ուրախ կլինեմ, եթե իմ դասերը չխանգարեն նրանց, որ մտավորական ու կինոգետ դառնան: Եվս մի կինոփաստ՝ 1985-ից կինոմատոգրաֆիստների միության անդամ եմ: Վարչության անդամ եմ եղել 1991- 1996թթ. Հայկական կինոյի մասին ոչ քիչ հոդվածներ եմ տպագրվել նաև սփյուռքի թերթերում:
Անհամեստորեն հայտնեմ հետևյալը. 1996 թվին ՀԿԿ Կենտկոմի բարձրաստիճան պաշտոնյայի հետ կինոմատոգրաֆիստների հանդիպման ժամանակ առաջարկեցի հանրապետության այն ժամանակվա ղեկավարության միջնորդությամբ լրացուցիչ արտադրական միավորներ ստանալ Մոսկվայից՝ §Մատենադարան¦ սերիալ /4 սերիա/ նկարահանելու համար: Որից հետո կազմեցի նախագիծը և ներկայացրինք Պետկինո: Այդ նախագծի օրինակը պահում եմ: Ուրախ եմ, որ դա էլ, գուցե, իր փոքրիկ դերը խաղաց §Մատենադարան¦ ֆիլմաշարը ստեղծելու գործում, որի պատիվը հեռուստատեսությանը վիճակվեց:
Գրողների միության անդամ եմ 1984-ից: 1994-ին ընտրվել եմ վարչության քարտուղար: Պաշտոնավարել եմ մինչև 1996-ի ապրիլը և դադարեցրել լիազորություններս արտահերթ համագումարի կապակցությամբ: Նույն ապրիլից վարչության անդամ եմ: Ժուռնալիստների միության անդամ եմ դարձել 1984-ից: Առաջին հոդված ռեպորտաժը՝ §Զբոսայգու, համբույրների և երիտասարդության մասին¦ սկանդալային վերնագրով, տպագրել եմ 1968-ին, §Գարունում¦, Մանուշակ Գրիգորյանի հեղինակցությամբ: Անհամար ռադիոհաղորդումների հեղինակ եմ, որոնցից ամենակարևորը /ինձ համար/ պատանիներին հասցեագրված §Ձեր սիրելի գրքերը¦ և §Գրական հերոսների աշխարհում¦ շարքերն են: Դրանք եթեր էին տրվում 1970-ականների կեսերից մինչև 1980-ականների վերջը / մի քանիսը կան ֆոնդում և կրկնվում են / և հույս ունեմ, որ կատարել են իրենց լուսավորչական դերը՝ աշակերտներին, գոնե նրանց որոշ մասին, կապել լավ գրքերի գրականության հետ: Ուրախ եմ նաև, որ §Ավանգարդի¦ իմ երեք հոդվածները /1981-ին/ որոշ դեր ունեցան, որ Հայաստանում առանձին մանկապատանեկան հրատարակչություն բացվի: Այդ հրատարակչությունը 10 տարի անց պայմանագիր կնքեց ինձ հետ՝ §Իմ մանկության գրքերը¦ զրույցների ժողովածույի համար, բայց 1990-ականները շատ բան փոխեցին հրատարակչական կյանքում: Չիրականացավ նաև §Ոսկե գրադարանի¦ /պատանեկան/ նախագիծը:
Ուրի՞շ ինչ: §Առագաստ¦ թերթում եմ աշխատել 1992-1994 թվերին, - ռուսերեն հավելվածի խմբագիրն էի: ԱՕԿՍ-ում / 1991 - 1992-ին/ եղել եմ լրատվության բաժնի վարիչ: 1992-ից Հայաստանի Թեքեյան միության վարչության անդամ էի ՝ մինչև 1994-ը: 1994-ից 1995-ի աշունը՝ փոխնախագահ: Հրաժարական եմ տվել Թեքեյան միության պառակտումը տեսնելով, որը ներկուսակցական բախումների հետևանք էր: Չկարողացանք զերծ պահել նման բաներից մշակութային միասնությանը: Մինչ դեռ դա, ըստ իս, անթույլատրելի է: Որորվհետև կուսակցությունները պիտի մշակույթի ծառան լինեն , այլ ոչ հակառակը:
Վերադառնանք կինոյին, որովհետեև մոռացա նշել 1981-ին նկարահանված §Սիրո փոքրիկ պատմություն¦ կարճամետրաժը
/Կենտրոնական հեռուստատեսության պատվերով: Սցենարը իմն է, ռեժիսոր ՝ Վ. Դանիելյան/: Ս. Վաթյանի հետ գրել եմ §Իմ Կոմիտասը¦ վավերագարակն ֆիլմի սցենարը /1986կամ 1987/: Եվս մի վավերագրական ֆիլմի սցենար՝§Սպանվողն է մեղավոր¦ /1991/: Հայկական կինոյի պատմությանը նվիրված լիամետրաժ վավերագրական ֆիլմի համար հեղինակային տեքստ եմ գրել հանրագիտարանի համար: 80 ականների վերջից սպասում եմ, որ տպվի:
Մի գեղեցիկ բան կա, որ չեմ կարող շրջանցել: Շփումը Վիլյամ Սարոյանի հետ 1976-ին: Այդ օրերին ձայնագրություններից ստեղծվեց §Սարոյանը Սարոյանի մասին¦, նյութը, որ տպվեց §Լիտերատուրնայա Արմենիայում¦ 1977-ին: Հայերեն օրինակը կորավ §Գարունում¦ /Խմբագրությունը տեղափոխվում էր/: Եվս մի օրինակ Վարդգես Պետրոսյանի մոտ մնաց:
Մի փոքրիկ փաստ էլ կա , գոնե ինձ համար էլի գեղեցիկ է. 1981-ին §Կոլոբոկ¦ ամսագրի հատուկ հայկական համարը կազմողներից եմ /այնտեղ, չգիտես ինչու, / Էդուարդ Մուրադյան է գրվել/ և §Իմ Հայաստանը¦ ձայնապնակի /գրական-երաժշտական կոմպոզիցիա/ հեղինակը: Տիրաժը 250 հազար է: Հոնորարը՝ 60 ռուբլի:
Ինչ վերաբերում է շփումներին, ապա ժամանակն այնպիսին էր, որ կարողացանք հաճախակի հանդիպումերով մտերմանալ տարբեր ազգերի գրողների, դերասանների, կինոռեժիսորների հետ: Նրանցից մի քանիսը ներհյուսվել են իմ կյանքի մեջ, Լեոնիդ Զորինը՝ իմաստուն մի վարպետ, շատ տաղանդավոր ու շատ հմայիչ էստոնացի գրող Յուրի Տուլիկը, մեկ ուրիշ պայծառ ՝ գրող ու նկարիչ Յուրի Կովալը, որն արդեն այս մեղավոր աշխարհում չէ, ուկրաինացի դրամատուրգ Յարոսլավ Ստելմախը, լատվիացի պոետ Մարիս Չակլայսը, դերասանուհի Իրինա Շևչուկը, գրականագետ Իրինա Բելոբրովցևան, սքանչելի Սեմյոն Ժուրախովիչը... Այս մարդկանց կարոտում եմ:
Շատ երկարեց: Հիմա 46 տարեկան եմ: Կյանքի կեսից ավելին ապրած է, արածը մի բան չի: Աստված ողորմած լինի և ժամանակ տա, որ շարունակեմ §Հրաժեշտի¦ թեման՝ մտավորականի, ավելի ճիշտ՝ ինտելեգենտի ճակատագիրը մեր կյանքի վերջին... 8 տասնամյակներում /գոնե ևս 2 վիպակ/ և անպայման ՝ մի մանկական գիրք:
Իսկ կինո՞ն: §Դրախտ կորուսյալ¦ սցենարը, որի պայմանագիրը կնքվեց 1990-ին, կիսատ մնաց, որովհետև ո՞վ միլիոններ կտա տասներորդ դարի, թոնդրակյան շարժման և Նարեկացու մասին ֆիլմ նկարահանելու համար, թեև այդ շարժումը հազար տարվա հեռավորությունից խոսում է մեր դարի 1980-ականների հետ և Ահեղ դատաստանի սպասող Գրիգոր ճգնավորը ՝ մեզ հետ, 2000 թվականի հենց շեմին:
Այսքանը: Առաջին տեքստը, որ գրում եմ բնակարանս վաճառելուց հետո /1990-ականների հայ մտավորականի համար հույժ բնորոշ փաստ/, կնոջս հորական տանը, նոր գնված գրասեղանի մոտ:
Շնորհակալ եմ թանգարանին:

Դավիթ Մուրադյան

02.02.1996 թ. Երևան
Դիտվել է՝ 88

Մեկնաբանություններ