Պայքարը պետության իմունիտետն է
22.10.2026 | 13:02
Պատկերացնենք մի օրգանիզմ, որը չունի իմունային համակարգ։ Այն կարող է որոշ ժամանակ ապրել, որոշակի աճել նույնիսկ, բայց չունի արտաքին վտանգները ճանաչելու և դրանց դիմադրելու կարողություն։ Նրա գոյությունը կախված է դառնում ոչ թե սեփական պաշտպանունակությունից, այլ այն հանգամանքից, թե երբ և ինչպիսի վտանգ կհայտնվի։
Պետության դեպքում էլ գրեթե նույնն է։
Պայքարը պետության իմունիտետն է։ Այն չի նշանակում մշտական պատերազմ, այլ սեփական գոյությունը, ինքնիշխանությունը, ազգային շահերն ու արժանապատվությունը պաշտպանելու կամք և կարողություն։
Երբ պայքարը ներկայացվում է որպես խաղաղության հակառակորդ, դիմադրությունը՝ որպես պատերազմի հրահրում, իսկ զիջումը՝ որպես քաղաքական իմաստնություն, հասարակությունը կարող է սկսել հավատալ, թե հնարավոր է անվերջ նահանջել, հրաժարվել սեփական շահերից և միաժամանակ ապահով ու խաղաղ ապրել։
Սակայն խաղաղությունը պարզապես պատերազմի բացակայությունը չէ։ Այն նաև սեփական անվտանգությունն ապահովելու, արտաքին ճնշումներին դիմադրելու և ապագան ինքնուրույն որոշելու կարողությունն է։
Հասարակության մի զգալի հատվածը, որը հոգնել է պայքարից և պատրաստ է հրաժարվել սեփական շահերը պաշտպանելու կամքից՝ հանուն հանգստության, իշխանության համար դառնում է քաղաքական հենարան։ Բավական է մարդկանց համոզել, որ այլընտրանքը նոր պատերազմն է, իսկ ցանկացած դիմադրություն վտանգում է իրենց բաղձալի խաղաղությունը։
Այս տրամաբանությունը դրսևորվում է նաև ՏԻՄ ընտրությունների ընկալման մեջ։ Մեզ հաճախ փորձում են համոզել, թե տեղական ինքնակառավարման ընտրությունները քաղաքական բնույթ չունեն, թե խոսքը միայն փողոցների ասֆալտապատման, բակերի բարեկարգման, աղբահանության ու համայնքային խնդիրների լուծման մասին է։
Իհարկե, համայնքի բարեկարգումը կարևոր է։ Բայց համայնքը մեկուսացված տարածք չէ, իսկ համայնքային իշխանությունը՝ քաղաքականությունից դուրս գտնվող տեխնիկական ծառայություն։
ՏԻՄ ընտրություններն էլ վերաբերում են իշխանության ձևավորմանը, հանրային ռեսուրսների կառավարմանը, որոշումների կայացմանը և, ի վերջո, հասարակության՝ սեփական կյանքը կազմակերպելու կարողությանը։ Դրանք նաև արտացոլում են, թե քաղաքացին ինչպես է պատկերացնում իշխանության պատասխանատվությունը և իր մասնակցությունը հանրային կյանքին։
Երբ քաղաքական ընտրությունը հանգեցնում են միայն բարեկարգման հարցերի, իսկ պետական ու ազգային խնդիրները դուրս են մղվում հանրային քննարկումից, քաղաքականությունը աստիճանաբար զրկվում է իր բովանդակությունից։ Քաղաքացին սկսում է իշխանությունը գնահատել ոչ թե միայն նրա համար, թե ինչպիսի ապագա է այն կառուցում, այլև այն բանի համար, թե ինչ է անում իր անմիջական շրջապատում՝ առանց հարցնելու, թե ինչ համակարգի մաս է ինքը, և ուր է այդ համակարգը տանում երկիրը։
Այսպես հանրային կյանքը կարող է վերածվել առանձին, իրարից անջատ խնդիրների լուծման, մինչդեռ դրանց հիմքում ընկած պետական ու ազգային հարցերը մնում են ստվերում։
Պետության իմունիտետը միայն զենքը չէ։ Այն ազգային գիտակցությունն է, քաղաքական կամքը, պատմական հիշողությունը և սեփական շահերը ճանաչելու ու պաշտպանելու ունակությունը։
Պետությունը կարող է գոյատևել որոշ ժամանակ՝ առանց պայքարի, բայց չի կարող անվերջ պահպանել իր ինքնիշխանությունը՝ առանց այն պաշտպանելու կամքի։
Խաղաղ ապագան պետք է ոչ միայն ցանկանալ, այլև ապահովել։ Հակառակ դեպքում հասարակությունը կարող է մի օր հասկանալ, որ հանուն խաղաղության պատրանքի հրաժարվել է հենց այն ամենից, ինչն այդ խաղաղությունը պետք է պաշտպաներ։
Պայքարը պետության իմունիտետն է։ Իսկ իմունիտետը կորցրած պետության համար ուրիշներն են որոշում՝ ինչն է վտանգ, ինչն է խաղաղություն, ինչից պետք է հրաժարվել և, ի վերջո, ինչ ապագա պետք է ունենալ։
Գևորգ Կարապետյան
Մեկնաբանություններ