Եթե հնարավորինս պարզ լեզվով փորձենք ներկայացնել, թե ինչ է նշանակում մարդու և հասարակության համար տևականորեն ապրել ավելի ու ավելի բարեկեցիկ կյանքով, ապա կունենանք մոտավորապես հետևյալ պատկերը։
Հազարամյակներ ու դարեր շարունակ, ապրելով դաժան պայմաններում, կյանքի հարատևումը և դրա շարունակականությունը ապահովելու համար մարդիկ ֆիզիկական կամ մաքուր ուժային մեթոդներով ձգտել են ապահովել՝ 1․ Իրենց և սերնդի ֆիզիկական անվտանգությունը, 2․ Սնունդը և 3․ Բազմացումն ու սերնդին ոտքի կանգնեցնելը։
Քանի որ այդ ամենը տեղի է ունեցել ծայրահեղ վտանգների ու վախի պայմաններում, ապա վերը նշված երեք կենսաբանական ֆունկցիաների ամրապնդման համար դրանք ուղեկցվել են նաև հաճույքի ֆունկցիայով՝ ֆիզիկական հաղթանակի և էֆեկտիվ պաշտպանության հետ կապված հաճույք, սնունդ հայթայթելու, ուտելու և կշտանալու հաճույք, ինչպես նաև բազմանալու և սերնդի դաստիարակության հետ կապված սեր ու հաճույք։
Նման պայմաններում կյանքի հարատևման ու շարունակականության պահանջը ծնել է նաև այլ բազմաթիվ ֆունկցիաներ, ներառյալ՝ իշխանական կամ ուժային հիերարխիայով մեկը մյուսին ենթարկվելու վերտիկալը, «ես»-ի ճնշման միջոցներով «մենք»-ին ծառայելու և, ընդհուպ մինչև, ինքնազոհության պատրաստ լինելը, վայրագ միջոցներով և սեփական ուժի սահմաններում կենսաբանական նպատակներին հասնելը և այլն։
Այս ամենն էլ տեղի է ունեցել դաժան մրցակցային պայքարում, որտեղ հիմնական նպատակը եղել է միմյանց հաղթելն ու նպատակին հասնելը, որն էլ դարձել է շարժիչ ուժ առաջընթացի կամ պրոգրեսի համար, իսկ վերջինս էլ ուղեկցվել է մարդկանց կյանքի որակի դանդաղ, բայց նաև կայուն աճով։
Մարդկային հասարակության զարգացումն ու մրցակցային ավելի կազմակերպված պայքարն էլ բերել են սոցիալական կյանքի առաջացմանն իր ինստիտուցիոնալ կառուցվածքով և հասարակական հիերարխիայի ծննդով։
Վերջինս էլ ծնել է կյանքի որակի անհավասարություն ըստ իշխանական և ուժային վերտիկալի, որտեղ հիերարխիայի գագաթում կամ դրա մոտակայքում գտնվողների կյանքը սկսեց հեռանալ իր կենսաբանական հիմքերից և, առաջին անգամը լինելով, ֆիզիկապես ու սննդով լավագույնս ապահովված լինելով, նրանց մոտ կենսաբանական հաճույքի ֆունկցիան սկսեց վերաճել սոցիալական վայելքի ֆունկցիայի։
Այսինքն, համակողմանի կենսաբանական վախի, վտանգների ու ռիսկերի նվազումը աստիճանաբար ու ինքնաբերաբար բերեց բնական հաճույքի ֆունկցիայի վերաճմանը սոցիալական բնույթի վայելքի ֆունկցիայի հասարակության էլիտայի համար։
Մարդկային հասարակության զարգացման բազմաբևեռ ուժային և մրցակցային կառուցվածքը, տեխնոլոգիաների ու տրասպորտային միջոցների, հատկապես նավատորմի առաջացման հետ միասին, բերեցին որակական մեծ փոփոխությունների, որոնց պսակն էլ դարձավ կապիտալիզմի ծնունդը Հոլանդիայում, հետո էլ՝ Անգլիայում։
Մի հանգամանք, որը բերեց բրիտանական իմպերիայի առաջացմանը, որպես գերհզոր ուժային բևեռի, որի կյանքն էլ, մարդկության պատմության մեջ առաջինը լինելով և սեփական ռեսուրսները չունենալով, սկսեց ապրել ամբողջ աշխարհի ռեսուրսների հաշվին։
Վերջինս էլ բերեց նրան, որ ամբողջ աշխարհից եկող հարստությունների հոսքը դեպի բրիտանական կղզի, մեծապես գերազանցելով հասարակության կարիքները, դարձավ յուրատեսակ հավելյալ արժեք քաղաքակրթական զարգացման, հատկապես, տեխնոլոգիաների ու գիտությունների զարգացման համար, մի պրոցես, որն էլ տարածվեց Արևմտյան Եվրոպայի ծովամերձ երկրներում՝ դառնալով եվրոպական եզակի քաղաքակրթության հիմքը և այսօրվա բարեկեցիկ միլիարդի կյանքի սկիզբը։
Կապիտալիզմն էլ, որի հիմնական ֆունկցիան առկա կապիտալով առավելագույնս նոր կապիտալ գեներացնելն է, ծնեց մարդկանց աշխատանքի արտադրողականության աճի պահանջարկ, որն էլ, իր հերթին, ծնեց մասսայական ձևով մարդկանց կրթության պահանջարկ և որն էլ անհնարին էր առանց նույն մարդկանց ինչ-որ չափի ազատություն և իրավունքներ տալու։
Հանգամանքներ, որոնց գումարն էլ ծնեց նոր պայմաններում հասարակության կառավարման դեմոկրատիա կոչված տեխնոլոգիան, որի նպատակն էլ, որոշ չափի ազատություն և իրավունք ունեցող մարդկանց մոտ, որոնք ձգտում էին մասնակցել երկրների կառավարման գործին ևս, այն տպավորությունը ստեղծելն էր , որ իրենք իսկապես մասնակցում են իշխանափոխության պրոցեսին։
Այնինչ, բազմակուսակցական մոտեցումը, որն իշխանափոխության այդ տեխնոլոգիայի մաս էր կազմում, հնարավորություն էր տալիս իշխանության հավակնորդների նախնական ընտրության միջոցով հասնել նրան, որ հասարակ մարդկանց ցանկացած ընտրության դեպքում պետական կառավարումը շատ մեծ հավանականությամբ մնում էր կապիտալի և էլիտայի վերահսկողության տակ։
Անկախ ամեն ինչից, աշխարհի ռեսուրսների և սեփական արագացված զարգացման հաշվին ստեղծված բարեկեցիկ միլիարդի կյանքում, մարդկանց կյանքի որակի կտրուկ բարձրացումը մարդկության մնացած մասի համեմատությամբ, հեռացնելով արևմտյան մարդկանց իրենց կենսաբանական հիմքերից, բերեց նրանց մոտ մտածելակերպի կամ մենթալիտետի սկզբունքային բնույթի փոփոխությունների, որտեղ կյանքի իմաստը, նախկին վախի վրա հիմնված գոյապայքարի փոխարեն, դարձավ հաճույքներ ու ավելի շատ վայելքներ ստանալը։
Քանի որ, ինչպես ասում են, ախորժակը ուտելու ժամանակ է բացվում, այս ամենն էլ մարդկանց մոտ ծնեց ազատության ու իրավունքի հիպերտրոֆացված պահանջարկ, որն էլ, բնականաբար, ծնեց լիբերալ-դեմոկրատիայի նման դեկադանսային գաղափարախոսություն՝ իր բազմաթիվ պրակտիկ հետևանքներով։
Իրադարձությունների նման ընթացքն էլ բերեց բոլորովին նոր որակական երևույթի, նույնիսկ կենսաբանական վախի բացակայության պայմաններում բարեկեցության գործոնը մարդկանց կյանքը սկսեց հետ տանել դեպի նույն կենսաբանական մակարդակը՝ զեխության, այլասերության և այլ տեսքերով։
ԽՍՀՄ-ի անկումից հետո էլ, ապրելով կարճատև և ծայրահեղության աստիճանի հասցված ուժային միաբևեռության պայմաններում, աշխարհը, նույն ուժային միաբևեռության սկզբունքային բնույթի անկայունության պատճառով անխուսափելի անցում է կատարում դեպի ուժային երկբևեռություն, հար և նման սառը պատերազմների ժամանակի աշխարհին։
Այսինքն, մարդկության կյանքը շարունակվում է մի գոյապայքարի պայմաններում, որտեղ իրար դեմ կանգնած են տարբեր մենթալիտետների տեր հակամարտ ուժեր՝ պայմանական Արևելքի և մասնատված ու գոյապայքարի իմաստով իր կենսաբանական հիմքերից հեռացած Արևմուտքի տեսքով, մի հանգամանք, որն իր մեջ պարունակում է դեռևս անհայտ շատ անորոշություններ։
Իսկական գոյապայքարը նոր է սկսվում, ամեն ինչ դեռ առջևում է, ու վայն էլ եկել-տարել է թույլերին, քանի որ, եթե արջն ու վագրն են կռվում, աղվեսներն ու նապաստակներն անելիք չունեն։
Պավել Բարսեղյան