Նոր սահմանադրությո՞ւն, արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ իմպիչմենտ. ինչ ժամանակացույց է միացել
22.10.2026 | 18:24
Այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն, ինչ առանց այդ էլ պարզ էր. եթե իրեն չհաջողվի այս մեկ տարվա ընթացքում խորհրդարանում ապահովել նոր սահմանադրության անցկացման գործընթացը, ապա նա կարող է գնալ արտահերթ ընտրությունների:
Միաժամանակ ընդդիմության տիտղոսային հատվածը հայտարարում է, որ փողոցային պայքարը սկսելու է մեկ անգամ և պատեհ պահին: Այս երկու հայտարարություններն իրականում Հայաստանի գալիք մեկ տարվա զարգացումների հիմնական սցենարներն են։
Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սահմանադրական հիմնական գործիքը իմպիչմենտն է, որը կարող է կիրառվել գործող Ազգային ժողովի լիազորությունների մեկնարկից ուղիղ մեկ տարի անց։ Նույն ժամանակացույցը՝ մեկ տարի անց, ունի նաև Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հարկ եղած դեպքում գնա արտահերթ ընտրությունների։
Այսինքն՝ գալիք մեկ տարվա ընթացքում, եթե կողմերից և ոչ մեկին չհաջողվի տանել այլ հաղթանակ, ապա իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարի առջև:
Առաջինը «ալիևյան» սահմանադրության ընդունման գործընթացն է։ Այս սցենարը հնարավոր է, եթե Փաշինյանին հաջողվի խորհրդարանական ընդդիմությունից պոկել բացակայող վեց մանդատները և սահմանադրության նոր տարբերակը հանել հանրաքվեի։
Երկրորդ սցենարը արտահերթ ընտրություններն են։ Այս սցենարը կյանքի կկոչվի, եթե Փաշինյանին մի կողմից չհաջողվի պոկել վեց բացակայող ձայները, մյուս կողմից՝ խորհրդարանական և հավաքական ընդդիմության վարկանիշն ընկնի այնքան, որ հույս ներշնչի Փաշինյանին արտահերթ ընտրություններով առավել մեծ թվով ձայներ ստանալու համար։
Եվ երրորդ սցենարը իմպիչմենտն է, երբ փողոցային պայքարի ֆոնին խորհրդարանում հաջողվի հավաքել պահանջվող մեծամասնությունը՝ ՔՊ-ական պատգամավորների հաշվին։
Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է.
1. Թույլ չտալ «անասնագողություն»։
2. Հասարակության մեջ չկորցնել, իսկ եթե հնարավոր է՝ ավելացնել գործող վարկանիշը, որպեսզի կանխվի արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը։
3. Հատվածական, թեմատիկ, ընթացիկ ակցիաներով և նախաձեռնություններով վառ պահել պայքարի կայծը՝ հարկ եղած դեպքում դրանից խոշոր հրդեհ ստանալու համար։
Հուսով եմ՝ ընդդիմության աշխատանքներն այս ուղղությամբ առնվազն կկանխեն թե՛ սահմանադրության անընդունելի տարբերակի առաջխաղացումը, թե՛ արտահերթ ընտրությունների միջոցով փաշինյանական իշխանության ամրապնդումը Հայաստանում, իսկ ամենաօպտիմիստական սցենարի պարագայում՝ իմպիչմենտի միջոցով կբերեն իշխանափոխության։
Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ
«Ձորաղբյուր» ՏԿՀ
22.10.2026
Մեկնաբանություններ