ONEX.AM-ը քաղաքացիներին «ստիպում» է մնալ տանը և չաշխատել
23.10.2026 | 11:56
ONEX-ն առցանց գնումների առաքման ծառայություն է: Դա նշանակում է, որ վճարած գումարի դիմաց կազմակերպությունը պարտավորություն ունի քաղաքացու կողմից առցանց եղանակով գնված ապրանքն առաքել նշված հասցեով:
Ըստ այդմ, ՀՀ աշխատավորները` հերոս-հարկատուները (ըստ Նիկոլ Փաշինյանի), առցանց գնումներ են կատարում և սպասում, որ ONEX-ն իրենց գնած ապրանքն առաքի նշված հասցեով: Առաքման հստակ օրն ու ժամը հայտնի չէ:
Այժմ իրական դեպք:
Աշխատանքային օր է: Ժամը 11:12: Հերոս-հարկատուն աշխատավայրում է: Վերջինս աշխատում է, որ հարկ վճարի և «հերոսացվի» ՀՀ վարչապետի կողմից: Հերոս-հարկատուի հեռախոսին զանգ է գալիս: Զանգահարում է ONEX-ի առաքիչը: Նա ավետում է, որ գտնվում է նշված հասցեում և բերել է առաքանին: Հերոս-հարկատուն առաքչին բացատրում է, որ ինքը տանը չէ և տանը մարդ չկա: Վերջինս խնդրում է առաքչին մի փոքր ուշ գալ կամ նախապես (գոնե 1-2 ժամ առաջ) գալու մասին զգուշացնել: Առաքիչը լսել չի ցանկանում մի փոքր ուշ գալու վերաբերյալ հերոս-հարկատուի խնդրանքը և պահանջում է հենց այդ պահին ընդունել առաքանին, հակառակ դեպքում` առաքանին «հետ կուղարկվի»: Հերոս-հարկատուն զանգահարում է ONEX-ի գրասենյակ: Այնտեղից տեղեկացնում են, որ առաքիչը ճիշտ է, ONEX-ն այդպես է աշխատում: Ըստ գրասենյակի աշխատակցի, ONEX-ը հաճախորդներին առաքման մասին տեղեկացնում է առավելագույնը 15 րոպե առաջ:
Ի՞նչ է ստացվում: Փաստորեն, ONEX-ի հաճախորդներն ONEX-ի «բարիքներից» օգտվելու համար պետք է չաշխատեն, ողջ օրը նստեն տանը և սպասեն ONEX-ի առաքչին: Իսկ, եթե քաղաքացիները չաշխատեն, ապա չեն վճարի հարկերը, հետևաբար` կհերոսազրկվեն: Հայաստանում այլևս հերոս-հարկատուներ չեն լինի: Այլ կերպ ասած` ONEX-ը փաստացի «վիժեցնում է» ՀՀ հերոս-հարկատուների աշխատավայրում աշխատանքի պատշաճ կատարումը: Սաբոտա՞ժ:
Մի խոսքով, թող (ամեն ինչ) ու արի ONEX: Ի դեպ, հենց դա է ONEX-ի կարգախոսը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Մեկնաբանություններ