«Հրաշք» Սահմանադրության բացերն ու արտահերթի իրական մեխանիզմը
24.10.2026 | 12:32
Հոկտեմբերի 22-ին Փաշինյանն առաջին անգամ խոսեց արտահերթ ընտրությունների հնարավորության մասին։
Ոմանց կարող է թվալ, որ ոչ միայն Սահմանադրության փոփոխության, այլ նաև արտահերթ ընտրությունների հարցում նա կարիք ունի ընդդիմության համաձայնության։ Իհարկե, առաջին հայացքից հենց այդպես էլ թվում է։
Սահմանադրական օրենքով այս պահին արտահերթ ընտրությունների միայն մեկ հնարավորություն գոյություն ունի, ինչից Փաշինյանն արդեն օգտվել է երկու անգամ՝ 2018 և 2021 թվականներին։ Սխեման պարզ է. ինքը հրաժարական է տալիս, ընդդիմությունը վարչապետի թեկնածու չի առաջադրում, Ազգային ժողովը երկու անգամ իրեն վարչապետ չի ընտրում, և խորհրդարանն օրենքի ուժով լուծարվում է։
Բայց մեր «հրաշք» Սահմանադրությունն իր բացերով գործող վարչապետին այս հարցում էլ ընձեռում է բացառիկ հնարավորություններ։
ՀՀ Սահմանադրությունը չի հստակեցնում, թե ինչ կպատահի, եթե ԱԺ մեծամասնությունը միասնաբար հրաժարվի մանդատներից։ Բայց գործում է մի պարզ տրամաբանություն. եթե փոքրամասնությունն է հրաժարվում մանդատներից, քանի դեռ ԱԺ-ն ապահովում է քվորումը, այն կարող է շարունակել իր բնականոն աշխատանքը։ Իսկ եթե մեծամասնությունն է հրաժարվում մանդատներից, բնականաբար, ԱԺ-ն զրկվում է քվորումից ու չի կարող նիստ գումարել։ Հետևաբար՝ արտահերթ ընտրությունների գնալուց բացի ուրիշ ելք չի մնում։
Իհարկե, այս հարցում կարիք կլինի Սահմանադրական դատարանի որոշման, ինչը Փաշինյանի ստեղծած ՍԴ-ի պարագայում այնքան էլ բարդ գործ չի լինելու։
Ռոբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքագետ-իրավաբան
Մեկնաբանություններ