Հոկտեմբերի 25-ին, այսինքն՝ վաղը, Հայաստանի մի շարք համայքներում պետք է տեղի ունենային «տեղական ինքնակառավարման մարմինների», նույնն է, թե՝ մունիցիպալ ընտրություններ: Սակայն ընտրական պրոցեսը գործնականում դիվերսիայի է ենթարկվել ու տապալված է, քանի որ «ֆեդերատիվ» իշխող ուժը՝ ՔՊ-ն, ընտրության նախաշեմին դիմել է մրցակից ուժերի ու նրանց ներկայացուցիչների դեմ համատարած ու զանգվածային ռեպրեսիաների: Ձերբակալվում, հալածվում, կալանավորվում և հետապնդումների են ենթարկվում տասնյակ ու տասնյակ թեկնածուներ, որոնք իշխանական չեն կամ իշխանության կողմից չեն ընկալվում որպես յուրային, որպես Նիկոլ Փաշինյանի ոտքը համբուրող և ձեռքը լիզող:
Նախքան այս աշնանային ՏԻՄ ընտրությունները, երբ առաջադրումների փուլում երևաց ընդդիմադիր հիմնական ուժերի պասիվությունը, դա բազմազան մեկնաբանությունների, դիտարկումների, նաև՝ հիմնավորված դիտողությունների առիթ տվեց: Պայքարն, ամեն դեպքում, պետք է շարունակել, մանավանդ, տեղերում:
Բայց կա նաև հարցի մյուս կողմը. իսկ ո՞ւմ հետ են գնում ընտրության: Ավելի ճիշտ. ո՞վ է, ի՞նչ ուժ է հիմնական մրցակիցը:
Իսկ հիմնական մրցակիցը Նիկոլ Փաշինյանն է, ՔՊ-ն է, «օրվա իշխանությունը»: Անվանեք՝ ինչպես ուզոմ եք: Առանցքայինն այդ իշխանության էությունն է, որը հանգում է ամենածայրագույն ասիական բռնապետության՝ «ժողովրդավարության բասԾիոնի» եվրոծաղրափայլաթղթով:
Փաշինյանի գործելակերպը անփոփոխ է. ռեպրեսիաներ, ոստիկանաժանդարմերիական բռնաճնշումներ, ընդդիմադիրների համատարած գաղտնալսումներ ու լրտեսումներ, գործսարքոցիներ և այլ նման նենգություններ:
Իմաստ ունի՞ նման մեկի հետ գնալ ընտրությունների:
Մեթոդիկան էլ է անփոփոխ. ընտրություններից 1-2 օր առաջ, քվեարկության նախօրեին՝ հիմնական ընդդիմադիր ուժերի դեմ հալածանքներ, նախընտրական շտաբների աշխատանքների պարալիզացիա, մտացածին ու սուտ մեղադրանքներով՝ համատարած ձերբակալումներ, խուզարկություններ:
Առաջիններից մեկը դա կիրառվեց դեռևս 2023-ին՝ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում՝ «Մայր Հայաստան»-ի դեմ: Սակայն դա զուտ «փորձարկում» էր: Հետագայում փաշինյանական ռեպրեսիոն այդ «ընտրամեթոդը» հղկվեց ու հիմա հասցվել է ավտոմատիզմի աստիճանի:
Երկրորդ անգամ այդ «նախընտրական» հարձակման գործիքը կիրառվեց Գյումրիում՝ էլի «Մայր Հայաստանի», նաև ընդդիմադիր մյուս ուժերի դեմ (նախընտրական շտաբի խուզարկում, աշխատանքի տապալում):
Հետո այդ բռնատիրական «գործիքը» դարձավ փաշինյանական «իրական Հայաստանի» նախընտրական պրոցեսի բաղկացուցիչ մաս: Ու այս՝ արդեն ապօրինացված ՏԻՄ «ընտրություններում» այն լայնորեն ևս կիրառվում է: Փաստերն ու օրինակները ակնհայտ են ու բազմաթիվ. Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հարձակվել է «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի և շտաբների վրա՝ ձերբակալումներով, Արտաշատում ճնշումներ ու վարչական ահաբեկումներ են իրականացվում ՀՅԴ թեկնածուների ու համակիրների դեմ, Արթիկում այսօր բերման են ենթարկվել «Ապրելու երկիր» և «Հայրենիք» կուսակցությունների անդամներից ու ավագանու թեկնածուներից մի քանիսը: Ի լրումն, այսօր վաղ առավոտյան բերման են ենթարկվել Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանը, փոխքաղաքապետ Վարդան Ավագյանն ու ավագանու 3 անդամ: կան տեղեկություններ, որ իշխանությունները համանման ռեպրեսիաներ են իրականացրել նաև Մարտունիում...
Սրանք ինչ ասես կարող են բնորոշվել, բացի՝ ընտրություններից: Պատկերն ավելի շատ նման է առանց կանոնների մարտի, բայց այն նյուանսով, որ փաշինյանական թեկնածուի կողմից կռվում են նաև ԱԱԾ-ն, ոստիկանությունը, քննչականը, հակակոռուպցոն-մակակոռուպցիոնները, իսկ ընդդիմադիրների ձեռքերն ու ոտքերը պետք է լինեն կապկպված, բերանները՝ խցոցով փակված:
Պատկերն ամբողջացնում է այն փաստը, որ եթե չնայած ամեն ինչին, ընդդիմադիր ուժերին հաջողվում է հաղթել ՏԻՄ ընտրություններում, ապա հաղթողները կալանավորվում են արդեն ընտրություններից հետո, ինչպես դա տեսել ենք Վանաձորի, նույն Գյումրու դեպքերում:
Այսինքն՝ ընտրություն չկա. եթե Փաշինյանի հետ գնում ես ընտրության, ապա քեզ կկալանավորեն կամ ընտրություններից առաջ, որ հաղթելու շանս չունենաս, բայց եթե հաղթես, կկալանավորեն արդեն ընտրություններից հետո:
Նման պայմաններում հարց է ծագում. իսկ ի՞նչ իմաստ ունի պահել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ի վերջո, եթե բոլոր ընտրական խնդիրները «կարգավորում» են հակակոռուպցոին կոմիտեն, քննչականը կամ այլ ռեպրեսիվ մարմիններ, ապա ինչո՞ւ ավելորդ հիմնարկ պահել: Հա, ի՞նչ, ընդդիմադիրները միանգամից թեկնածուների ցանկը, որպես կալանավորների ցուցակ, թող հանձնեն հակակոռուպցիոնին ու գնան բանտ:
Կլինի ոչ թե՝ ՏԻՄ, այլ՝ ՏԻՌ – տեղական ինքնակառավարման ռեպրեսիաներ, կամ էլ, լավ, ՏԻՁ – տեղական ինքնակառավարման ձերբակալություններ:
Ավելի թունդ առաջարկություն կարելի է անել. Հայաստանում արգելել բոլոր կուսակցությունները, բացի ՔՊ-ից, քպ-ական չլինելու համար բանտարկել, աքսորել, զրկել ձայնի, քվեարկության և աշխատանքի իրավունքներից: Հա, ի՞նչ: Միևնույն է, այս բոլոր սրիկայություններն արվում են, ի՞նչ խնդիր կա՝ օրինականացնել դա և պաշտոնապես հանդես գալ որպես բբ՝ բացարձակ բռնապետ:
Իսկ եթե սարկազմը դնենք մի կողմ և ավելի լուրջ, ապա քաղաքական տեսանկյունից նման պայմաններում ընտրական պրոցեսը չի կարող համարվել լեգիտիմ, նման պայմաններում ձևավորված իշխանությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող լինել լեգիտիմ: Ինչպես լեգիտիմ չէ ՔՊ-ի այժմյան 49 տոկոսանոց «մեծամասնությունը»:
Եվ ավելի լուրջ. Փաշինյանը նման մեթոդներով, ըստ էության, փակում է իր դեմ քաղաքական եղանակներով պայքարելու բոլոր դռները: Դա վատ է բոլորի համար, առաջին հերթին՝ երկրի հետագայի: Բայց դա ամենից քիչն է անհանգստացնում օրվա իշխանությունից բոլոր ճանկերով կառչած օրվա իշխանությանը: