Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Բարեփոխո՞ւմ, թե՞ կարգապահության թուլացում

Բարեփոխո՞ւմ, թե՞ կարգապահության թուլացում
24.10.2026 | 18:01

ՀՀ պաշտպանության նախարարության՝ 2026 թ. հոկտեմբերի 23-ի պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն այցելել է մի շարք զորամասեր։
Այցի ընթացքում Կարեն Բրուտյանն ուսումնասիրել է իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները, ծանոթացել զորամասերում ծառայության կազմակերպման ընթացքին, ինչպես նաև հետևել օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումների կատարմանը՝ հերթական անգամ հրապարակելով այցելության լուսանկարները։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությունը պարբերաբար անդրադառնում է պաշտպանության նախարարության ղեկավար կազմի զորամասեր այցերի ընթացքում արձանագրվող այն բացթողումներին ու թերություններին, որոնք, դատելով հրապարակված լուսանկարներից, չեն վրիպում մեր ուշադրությունից։ Այս անգամ ևս անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր դիտարկումները, քանի որ բարձրացված հարցն անմիջականորեն առնչվում է զինված ուժերում կարգապահության ամրապնդման խնդրին։
Զորամասեր այցելելիս նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը կրում է նոր նմուշի դաշտային զինվորական համազգեստ, այն էլ՝ առանց գլխարկի։
Դեռևս նպատակահարմար չենք համարում անդրադառնալ այն հարցին, թե իրավական ինչ կարգավորման հիման վրա է պաշտպանության նախարարության հանրային ծառայության քաղաքացիական պաշտոն զբաղեցնող անձը զինվորական համազգեստ կրում։ Մեր դիտարկման հիմնական առարկան այլ է․ նա համազգեստը կրում է առանց գլխարկի՝ այդպիսով, ըստ էության, խախտելով դրա կրման սահմանված կարգը և վատ օրինակ ծառայելով զինծառայողների համար։
Միաժամանակ հարկ ենք համարում անդրադառնալ նաև կարգապահության վրա ազդող՝ իրավական ակտերով ամրագրված այն փոփոխություններին, որոնք, մեր գնահատմամբ, իրականացվել են նորաձևության թելադրանքով և հանգեցրել զինծառայողների արտաքին տեսքի անհարկի տարբերակման։ Մասնավորապես՝ սահմանված կարգով սպաները դաշտային համազգեստը շարքից դուրս կրում են առանց գոտու, մինչդեռ ենթասպաները, սերժանտներն ու շարքայինները՝ գոտիով։
Սպայական անձնակազմին դաշտային զինվորական համազգեստն առանց գոտու կրելու հնարավորություն տալիս, կարծես, անտեսվել է մի պարզ, բայց կարևոր հանգամանք․ դաշտային համազգեստով ծառայության վայր ներկայացող սպան ցանկացած պահի պետք է պատրաստ լինի ստանձնելու մարտական առաջադրանք։ Իսկ անհրաժեշտության դեպքում նա պետք է անհապաղ ստանա իր հաշվեցուցակային զենքը (ատրճանակը), ինչպես նաև զինվորական ամունիցիայի այլ պարագաներ (օրինակ՝ դաշտային ջրամանը և այլն)՝ դրանք գոտուն ամրացնելու և շարքում իր տեղն անհապաղ զբաղեցնելու համար։ Արտակարգ իրավիճակներում զինծառայողը ժամանակ չի ունենալու գոտի փնտրելու կամ անհրաժեշտ պարագաները կրելու համար լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու։
Ավելին՝ կարգապահության տեսանկյունից սպայական անձնակազմը պետք է օրինակ ծառայի իր ենթականերին ոչ միայն ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմամբ, այլև զինվորական կարգուկանոնի ու համազգեստի կրման կանոնների խիստ պահպանմամբ։ Մինչդեռ, մեր գնահատմամբ, «նորաձևության» թելադրանքով իրականացվող նման փոփոխությունները ոչ թե նպաստում են կարգապահության ամրապնդմանը, այլ կարող են խորացնել առկա խնդիրները՝ բացասաբար անդրադառնալով զինված ուժերի մարտական պատրաստվածության և մարտունակության վրա։
Հետևաբար, պաշտպանության նախարարության ղեկավար կազմից ակնկալում ենք, որ զինվորական համազգեստի կրման կանոններին և զինվորական կարգապահությանն առնչվող որոշումները կգնահատվեն ոչ թե նորաձևության միտումներով, այլ ծառայողական անհրաժեշտության, գործնական նպատակահարմարության և մարտական պատրաստվածության տեսանկյունից։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

24.10.2026 թ
Դիտվել է՝ 191

Մեկնաբանություններ