Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ինչ համակարգ՝ «սպրուտ» է ձևավորել և շարունակում ձևավորել ՔՊ-ն

Ինչ համակարգ՝ «սպրուտ» է ձևավորել և շարունակում ձևավորել ՔՊ-ն
24.10.2026 | 20:37


90-ականներին «Սպրուտը» (,,La Piovra,,) դիտած մարդիկ կհիշեն Միքելե Պլաչիդոյի մասնակցությամբ հայտնի սերիալը և ամենուր տարածվող մաֆիայի ութոտնուկի պատկերը։ Քաղաքականության մեջ այդ փոխաբերությունը շատ ավելի խորքային իմաստ ունի։ Իշխանությունը կարող է այնքան ընդարձակել իր վերահսկողությունը, որ աստիճանաբար կորցնի սեփական ծայրամասերի զգացողությունը։ Գլուխը շարունակի կառավարել, շոշափուկները՝ կատարել հրահանգները, բայց կենտրոնն այլևս չհասկանա, թե իրականում ինչ է կատարվում դրանց ծայրերում։
ՏԻՄ համակարգում ՔՊ-ի հետ այսօր, իմ գնահատմամբ, հենց այս գործընթացն է տեղի ունենում։ Կուսակցությունն իր շարքերն է ներգրավում տեղական ղեկավարներին, ազդեցիկ խմբերին և նախկին քաղաքական մրցակիցներին՝ համայնքների կառավարումը կապելով սեփական իշխանության պահպանման հետ։ Վաղը՝ հոկտեմբերի 25-ին, համամասնական ընտրություններ են անցկացվելու 19 խոշորացված համայնքում՝ 476 713 ընտրողով։ Գրեթե կես միլիոն մարդու տեղական իշխանության հարցն է որոշվում։ Սակայն այս ընտրություններին պետք է նայել շատ ավելի լայն քաղաքական դիտանկյունից՝ հասկանալու, թե ինչ համակարգ՝ «սպրուտ» է ձևավորել և շարունակում ձևավորել ՔՊ-ն։ Բոլոր 19-ում և հինգ համայնքում միայնակ առաջադրված է ՔՊ-ն, իսկ խորհրդարանական ընդդիմությունը մասնակցում է 19-ից ընդամենը 5 համայնքում։
Առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես իշխանության տարածքային դիրքերի ամրապնդում։ Բայց քաղաքականության մեջ վերահսկողության ընդլայնումը դեռ հանրային աջակցության աճի ապացույց չէ։ Համայնքապետին կամ տեղական ազդեցություն ունեցողին սեփական կուսակցություն կամ իշխանական շարքեր բերելով՝ դու դեռ չես ստանում համայնքի բնակիչների վստահությունը։ Դու պարզապես ձեռք ես բերում ևս մեկ պաշտոնյա, որի քաղաքական ապագան կախված է քեզանից։ Եվ հենց այստեղից սկսվում է իշխանության ու հասարակության աստիճանական օտարումը։
Տեղական ղեկավարը դադարում է լինել համայնքի ներկայացուցիչը կենտրոնում և աստիճանաբար վերածվում է կենտրոնի ներկայացուցչի համայնքում։ Նրա քաղաքական ապագան ավելի մեծ չափով սկսում է կախված լինել ոչ թե բնակչի գնահատականից, այլ կուսակցական ղեկավարության հավանությունից։ Բնակչի պահանջին արձագանքելուց առաջ նա հաշվարկում է վերևի վերաբերմունքը։ Իսկ դժգոհությունը կենտրոն հասցնելը նշանակում է ընդունել, որ համայնքում խնդիր կա, և կուսակցության դիրքերն այնքան ամուր չեն, որքան ներկայացվում է։ Հետևաբար վերև է հասնում հարմար պատկերը․ իրավիճակը վերահսկվում է, աջակցությունը կա, անհրաժեշտ ձայները կապահովվեն։
Այսպես ձևավորվում է փոխադարձ մոլորության համակարգ։ Տեղական ղեկավարը կենտրոնին խոստանում է աջակցություն, իսկ բնակչին հիշեցնում, որ վայելում է կենտրոնի աջակցությունը։ Կենտրոնը համայնքը տեսնում է իր հովանավորած պաշտոնյայի միջոցով, իսկ քաղաքացին իշխանությունը ճանաչում է իր խնդիրները չլուծող նույն պաշտոնյայի միջոցով։ Արդյունքում կենտրոնն ու հասարակությունը սկսում են ապրել երկու տարբեր քաղաքական իրականություններում։ Սա է «սպրուտի» գլխի և շոշափուկների օտարումը։ Շոշափուկները կենտրոնին հասցնում են անհրաժեշտ հաշվետվություններն ու ընտրական արդյունքները, բայց կենտրոնն ավելի ու ավելի քիչ է հասկանում, թե դրանց հետևում իրականում ինչ հարաբերություններ են ձևավորվել մարդկանց հետ։
Ավելին՝ ՔՊ-ն ինքն է կախված դառնում տեղական ազդեցիկ խմբերից, որոնցից յուրաքանչյուրն ունի սեփական շահերն ու պահանջները։ Նրանցից պատասխանատվություն պահանջելը քաղաքական գին ունի, որովհետև հաջորդ ընտրություններին կրկին նրանցից ձայներ են սպասելու։ Ստացվում է փոխադարձ կախվածություն․ համայնքապետը կախված է կենտրոնի աջակցությունից, կենտրոնը՝ համայնքապետի խոստացած ընտրական արդյունքից։ Իսկ այդ հարաբերության մեջ ամենաանտեսվածը դառնում է քաղաքացին։ Նրա դժգոհությունը կարող է հանդուրժվել այնքան ժամանակ, քանի դեռ տեղական օղակը կատարում է կուսակցական առաջադրանքը։
2018 թվականի փորձը պետք է առնվազն սթափեցնող լինի։ Այդ տարվա սկզբին ՀՀԿ-ն ուներ տեղական իշխանության լայն ցանց, ՏԻՄ համակարգում գերակշռող դիրքեր և վարչական հսկայական ազդեցություն։ Շատ առումներով այդ ազդեցությունը համադրելի էր, գուցե նույնիսկ գերազանցում էր այսօրվա ՔՊ-ի հնարավորությունները։ Համայնքապետերը, տեղական կառույցներն ու ազդեցիկ խմբերը պետք է ապահովեին իշխանության կայունությունը։ Եվ ի՞նչ։ Այդ ամբողջ ցանցը չկարողացավ կանխել իշխանության արագ կորուստը։ Քաղաքական ճգնաժամի պահին պարզվեց, որ համայնքապետի հավատարմությունը դեռ համայնքի հավատարմությունը չէ, իսկ վարչական վերահսկողությունը՝ հանրային աջակցություն։
Կենտրոնը կարող է մինչև վերջին պահը հավաստիացումներ ստանալ, որ ամեն ինչ վերահսկվում է, և չհասկանալ, որ տեղական ղեկավարների խոստացած աջակցությունն այլևս չի արտահայտում մարդկանց իրական վերաբերմունքը։ Հատկանշական է, որ իշխանությունը կորցնելուց հետո՝ 2018 թվականի նոյեմբերին հրապարակված հայտարարության նախագծում, ՀՀԿ-ն ինքն էր խոսում կենտրոնի ու տեղական կառույցների կապի թուլացման, քննադատությունը լսելու դժվարության և իշխանությունից օգտվելու նպատակով կուսակցությանը անդամագրվելու խնդիրների մասին։
Այսօր ՔՊ-ի գործելակերպում տեսանելի են նույն քաղաքական մեխանիզմները։ Ավելին՝ նկատելի է նաև կադրային շարունակականությունը․ առաջիկա ընտրություններում ՔՊ-ի առնվազն հինգ ցուցակ գլխավորում են նախկին հանրապետականներ։ Փոխվել է կուսակցական պատկանելությունը, բայց կենտրոնի աջակցությամբ սեփական դիրքը պահպանելու քաղաքական հոգեբանությունն ու մեխանիզմը, ըստ էության, մնացել են նույնը։ Սա հիշեցում է, որ իշխանության տարածքային ցանցի ամրությունը չի կարելի գնահատել միայն դրա ընդգրկմամբ կամ պաշտոնյաների կուսակցական պատկանելությամբ։
Սակայն այս ամենի մեջ ես տեսնում եմ նաև ավելի մեծ քաղաքական հաշվարկ։ Իմ գնահատմամբ՝ ՔՊ-ի համատարած վերահսկողության ձգտումը կարող է կապված լինել ոչ միայն համայնքային ընտրությունների, այլև առաջիկայում հնարավոր շատ ավելի մասշտաբային ընտրական գործընթացի հետ։ Խոսքը սահմանադրական հանրաքվեի կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին է, որոնց հիմնական բովանդակությունն այս անգամ կարող է լինել ոչ այնքան անձնավորված, որքան գաղափարական՝ կապված Հայաստանի սահմանադրական հիմքերի, պետական ինքնության և հետագա քաղաքական ուղղության հետ։
Նման գործընթացի համար ՔՊ-ին անհրաժեշտ կլինի ոչ միայն քարոզչական մեքենա, այլև ամբողջ երկրով մեկ գործող տարածքային ցանց, որը կկարողանա կազմակերպել մասնակցությունը, տարածել միասնական օրակարգը և ապահովել ակնկալվող ընտրական արդյունքը։ Այս տեսանկյունից համայնքային իշխանության կուսակցականացումը կարելի է դիտարկել նաև որպես ավելի մեծ քաղաքական գործընթացի կազմակերպական նախապատրաստության հնարավոր բաղադրիչ։ Բայց այստեղ էլ նույն հիմնարար հակասությունն է․ կարելի է վարչականորեն կազմակերպել ընտրական գործընթացը, սակայն հնարավոր չէ նույն մեխանիզմով ստեղծել հանրային համաձայնություն։ Կենտրոնը կարող է ստանալ անհրաժեշտ թվերը՝ շարունակելով չտեսնել դրանց հետևում կանգնած հասարակությանը։
Այս գործընթացում ընդդիմության սահմանափակ մասնակցությունն էլ ունի իր քաղաքական հետևանքները։ Մրցակցության թուլացումը հեշտացնում է ՔՊ-ի տարածքային ընդլայնումը, իսկ ընդդիմության համար տեղերում կազմակերպված թիմերի և մարդկանց հետ ամենօրյա աշխատանքի բացակայությունը համապետական հայտարարություններով չի լրացվում։ Ճնշումների մասին ահազանգերը պահանջում են ստուգում և հրապարակային պատասխան, սակայն համայնքներում քաղաքական ներկայության խնդիրը դրանով չի վերանում։ Մյուս կողմից՝ մրցակցության թուլացումը ՔՊ-ի համար նույնպես երկարաժամկետ առավելություն չէ։ Որքան քիչ են անկախ ձայները, այնքան հեշտ է սեփական հաշվետվություններին հավատալը և այնքան դժվար՝ նկատել սեփական սխալները։
Այստեղ է «սպրուտի» ամենամեծ վտանգը հենց իր համար։ Որքան շատ են շոշափուկները, այնքան ավելի մեծ է կենտրոնի համոզմունքը, թե վերահսկում է ամեն ինչ։ Մինչդեռ յուրաքանչյուր նոր շոշափուկ կարող է դառնալ հասարակությունից օտարման ևս մեկ օղակ։ Իշխանությունը տարածքային առումով ընդարձակվում է, բայց քաղաքական առումով կարող է նեղանալ։ Ընտրողին հիշում են անհրաժեշտ ձայների հաշվարկի պահին, իսկ ընտրողն իշխանությանը ճանաչում է իր չլուծված խնդիրներով։
Երբ կենտրոնը դադարում է հասկանալ հասարակության իրական վերաբերմունքը, իսկ տեղական օղակները զբաղված են սեփական դիրքերը պահելով, համակարգը կորցնում է փոփոխություններին արձագանքելու կարողությունը։ Արտաքուստ այն դեռ վերահսկում է ամեն ինչ, բայց ներսից արդեն կորցնում է իր հենարանը։
Այդ օտարումն էլ կարող է արագացնել «սպրուտի» քաղաքական վախճանը․ համակարգը կարող է փլուզվել ավելի արագ, քան ղեկավարությունը կհասցնի հասկանալ, թե ինչու իր շոշափուկներն այլևս չեն պահում իշխանությունը։
P.S. 2018-ին ՀՀԿ-ի տեղական իշխանության հսկայական ցանցը չփրկեց ՀՀԿ-ին։ Եվ եթե այդ փորձից որևէ դաս կա, ապա այն շատ պարզ է․ համայնքապետերը կարող են փոխել կուսակցությունը, ազդեցիկ խմբերը՝ քաղաքական հովանավորին, պաշտոնյաները՝ հավատարմության հասցեատիրոջը։ Բայց նրանց հետ միասին քաղաքացիների վստահությունը մի իշխանությունից մյուսին չի փոխանցվում։ Ու երբ գալիս է քաղաքական ճգնաժամը, պարզվում է, որ ամբողջ երկիրը վերահսկող «սպրուտն» իրականում վերահսկում էր ընդամենը սեփական շոշափուկներին։

Վլադիմիր Մարտիրոսյան
Դիտվել է՝ 197

Մեկնաբանություններ