Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

«Կանխարգելիչ» ռեպրեսիաներ. Փաշինյանը պատրաստվում է նոր ընտրությունների

«Կանխարգելիչ» ռեպրեսիաներ. Փաշինյանը պատրաստվում է նոր  ընտրությունների
24.10.2026 | 21:01

Վաղը կայանալիք ՏԻՄ ընտրությունները բացահայտում են Հայաստանում հաստատված ավտորիտարիզմի նոր մակարդակը։
Եթե 2021–2026 թվականներին քաղաքական հետապնդումների թիրախ էին հիմնականում արդեն ընտրված ընդդիմադիր համայնքապետերը, ապա այժմ Փաշինյանի իշխանությունն անցել է «կանխարգելիչ» ռեպրեսիաների մարտավարությանը։
Հիմա իշխանությունը փորձում է կանխել հենց ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։
Դրա առավել ցայտուն դրսևորումը Ստեփանավանում է, որտեղ ընդդիմության հաղթանակի հավանականությունն ամենամեծն է։ Այստեղ իշխանությունները կալանավորել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածուին և ազատությունից զրկել նրա թիմի բազմաթիվ ներկայացուցիչների։
Այսօր քաղաքական հետապնդումների դրսևորումներ են արձանագրվել նաև Արթիկում, Եղեգնաձորում, Մարտունիում՝ այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն ընտրական արդյունքների առումով «անհանգստանալու» հիմքեր ունի։
Ընդդիմադիր թեկնածուների թիրախավորմանը մասնակցում է անձամբ Նիկոլ Փաշինյանը։ Օրեր առաջ նա հրապարակային գրառմամբ թիրախավորել էր Արտաշատի համայնքապետի դաշնակցական թեկնածուի ընտանիքի անդամին՝ քաղաքական հակամարտությունը տարածելով նաև թեկնածուի ընտանիքի անդամի վրա։
Պետական վարչական և ուժային լծակները հետևողականորեն ծառայեցվում են մրցակիցների հնարավորությունները սահմանափակելուն, վախի մթնոլորտ ձևավորելուն և ընտրական գործընթացը խաթարելուն։ Այս պայմաններում վաղվա ընտրությունները դժվար է մրցակցային համարել։
Հոկտեմբերի 25-ի ընտրական ցիկլը Փաշինյանն օգտագործում է ավտորիտար համակարգի ամրապնդման և տեղական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողությունն ամբողջացնելու նպատակով։
Տարբեր համայնքներում կիրառվում են տարբեր մեթոդներ՝ տեղական ազդեցիկ խմբերի իշխանական համակարգին ինտեգրում, ինչպես՝ Գորիսում և Վարդենիսում, կամ ուժային ճնշում քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Նպատակը նույնն է՝ նվազագույնի հասցնել իրական մրցակցությունը և իշխանության մենաշնորհը տարածել նաև ՏԻՄ-երի վրա։
Այս գործընթացներն ունեն նաև ավելի գլոբալ ենթատեքստ։
Փաշինյանն, ըստ ամենայնի, նախապատրաստվում է ներքաղաքական նոր զարգացումների՝ հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների և սահմանադրական հանրաքվեի։
Դրա մասին է վկայում նաև նրա մասնակցությամբ սկսված ոչ պաշտոնական քարոզարշավը։ Օրինակ՝ այսօր Փաշինյանն իր թիմակիցների հետ շրջում էր Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։
Տպավորություն է ստեղծվում, որ նա միաժամանակ սահմանափակում է ընդդիմության հնարավորությունները և սեփական թիմին պահում մշտական ընտրական պատրաստության վիճակում։
Սա, սակայն, չի նշանակում, թե ընդդիմությունը պետք է խուսափի հնարավոր արտահերթ ընտրություններից։
Ճիշտ հակառակը՝ արտահերթ ընտրությունները կարող են դառնալ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու լավագույն քաղաքական հնարավորությունը։
Ընդդիմության խնդիրն է ընտրություններին պատրաստվելը՝ մշակելով մարտավարություն, որը կչեզոքացնի իշխանության վարչական ու ուժային առավելությունները և հասարակությանը կներկայացնի իրական այլընտրանք։
Հոկտեմբերի 25-ի ընտրությունները ցույց են տալիս, որ Փաշինյանի իշխանությունը գերազանցապես ապավինում է վարչական և ուժային լծակներին։ Սա նաև նրա քաղաքական խոցելիության վկայությունն է։
Երբ իշխանությունը փորձում է կանխել ընդդիմության հաղթանակը նույնիսկ տեղական մակարդակում, դա ոչ միայն նրա ավտորիտար բնույթի, այլև իրական մրցակցությունից ունեցած վախերի ակնհայտ դրսևորումն է։
Հետևաբար, ընդդիմության խնդիրը հնարավոր արտահերթ ընտրություններին պատրաստվելն է՝ ընտրական գործընթացը վերածելով Փաշինյանի իշխանության ավարտի և Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների իրական հնարավորության։

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ