Հատկապես վերջին տարիների ընթացքում հաճախ ենք լսում «թուրքը մեր թշնամին է» արտահայտությունը և դրանից բխող այն թեզը, որ Հայաստանը պետք է լինի հակաթուրքական պետություն։
Իրականում, վերոգրյալ թեզերն այսօրվա աշխարհում կյանքի կոչելու համար անհրաժեշտ են շատ որոշակի տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական ռեսուրսներ։ Այն ժամանակները անցել են, երբ մի խումբ հայեր կարող էին հրացաններ վերցնել, բարձրանալ սարեր և այնտեղից թուրքերի դեմ պայքար վարել։
Այսինքն, առանց որոշակի տնտեսական, ռազմական և աշխարհաքաղաքական ռեսուրսների հակաթուրքական թեզերը կյանքի կոչել հնարավոր չէ։ Առանց այդ ռեսուրսների հակաթրքությունը ուղղակի ռոմանտիզմ է, որը երազանքներից այն կողմ չի գնալու։
Եվ այստեղ պետք է նայել, թե որն է այն երկիրը, որի շահերից է բխում Հայաստանի միջոցով Թուրքիային զսպելը։
Այդ միակ երկիրը Ռուսաստանն է, որն իր պատմության ընթացքում Թուրքիայի հետ ունեցել է 13 պատերազմ։ Իսկ այսօրվա Թուրքիան նաև ՆԱՏՕ-ի անդամ է, և նրան Արևմուտքը փորձում է օգտագործել Ռուսաստանի դեմ։
Հետևաբար, Հայաստանի միջոցով Թուրքիային զսպելու ցանկությունը Ռուսաստանի մոտ երբեք չի վերանա։ Ժամանակ առ ժամանակ այդ ցանկությունը կարող է ավելի ուժեղանալ կամ թուլանալ, սակայն այն երբեք չի վերանա։
Ասածից հետևությունն այն է, որ եթե Հայաստանը չլինի ընդգծված ռուսական կողմնորոշմամբ պետություն, ապա նա չի կարող լինել նաև հակաթուրքական և անխուսափելիորեն վերածվելու է թուրքամետ պետության՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Հակաթրքությունը՝ առանց ռուսական ընդգծված կողմնորոշման, չիրականանալու դատապարտված ռոմանտիզմ է, որը հաճախ նաև դրսից կառավարելի է։
Հայկ Այվազյան