Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Հայ ուսուցչի առաքելությունը լույսի և խավարի պայքարում

Հայ ուսուցչի առաքելությունը լույսի և խավարի պայքարում
25.10.2026 | 11:12

Երկրի համար այս օրհասական պահին հայ ուսուցչությունն ու մանկավարժությունը՝ որպես ազգի մտավորականության ամենաստվար ու առաջադեմ հատված, պարտավոր են երկրում արմատական բարենորոգումների պատասխանատվություն ստանձնել:
«Պատերազմող երկիր ենք, որտեղ ռազմիկի արժեքը շատ է կարևորվում, սակայն չպետք է մոռանալ, որ կա նաև լույսի և խավարի պայքար, և այդ պայքարում առանցքային դերը պատկանում է հայ ուսուցչին»։ Հովհաննես Թումանյան
Աշխարհում տեղի ունեցող ուսանողական, դպրոցական ու մանկավարժական ակտիվ շարժումների ֆոնին է՛լ ավելի ակնհայտ ու անհասկանալի է դառնում հայ մանկավարժների երկչոտ, անդեմ, պասիվ ու անտարբեր պահվածքը երկրում ընթացող հասարակական-քաղաքական գործընթացների նկատմամբ։ Տպավորություն է ստեղծվում, թե կրթության ոլորտում աշխարհում առկա խնդիրները բնավ չեն վերաբերում փլուզման եզրին կանգնած Հայաստանի կրթական համակարգին։
Մենք՝ հայ մտավորականներս, և նախևառաջ մանկավարժներն ու ուսուցչությունը, պետք է ամոթ զգանք երկրում տիրող այս բարոյազուրկ վիճակի, կրթության որակի ցուցանիշով աշխարհում ամենավերջին տեղերում հայտնվելու և ազգի այս աստիճան դեգրադացման համար։ Այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եվրոպական և այլ երկրներում, ավելի մեծ չափերով ու խտացված ձևով առկա են նաև Հայաստանում։
Գաղտնիք չէ, որ հզոր է այն ազգն ու պետությունը, որն ունի լավագույն ուսուցչություն, կրթություն և զարգացած գիտություն, ուժեղ և պաշտպանված է այն մարդը, ով զինված է գիտելիքներով։ Հայ մեծերն էլ ուսուցչին բնորոշել են որպես ազգակերտման հիմնասյուն՝ ընդգծելով նրա առաջնային դերը հոգու և մտքի կրթման, ազգային արժեքների պահպանման ու սերունդներին փոխանցման գործում։ Նրանք ուսուցչին համարել են լույս, սերմնացան և անխոնջ մշակ, ով ծնողի պես կյանք է տալիս, սակայն՝ հոգևոր։
Դեռևս հնագույն ժամանակներից ի վեր, սկսած մեծագույն ուսուցիչներ ու իմաստուններ Արիստոտելից և Սոկրատեսից, ուսուցիչը (մանկավարժը) բոլոր ժողովուրդների ու հասարակությունների համար համարվել է ամենասիրված մարդը, քանի որ նա տալիս է ամենաարժեքավորը՝ գիտելիք ու դաստիարակություն։ Շատ ժողովուրդներ ոչ պատահականորեն իրենց հասարակության ամենահարգված մարդկանց՝ անկախ մասնագիտությունից, «ուսուցիչ» են կոչում։ Բազմաթիվ երկրներում դեռևս շարունակում են մեծ պատկառանք տածել մանկավարժների նկատմամբ՝ նրանց համարելով ընտանիքի ամենահարգված անձը։ Նշանավոր փիլիսոփա Սենեկայի բնորոշմամբ՝ «Մանկավարժի կոչումը շատ բարդ ու դժվար է, դրա համար էլ, եթե աստվածներն ուզում են պատժել մեկին, նրան մանկավարժ են դարձնում»։
Ըստ էության, ազգային կրթությունը հանդիսանում է ազգային ինքնության և ազգային պետության հոգևոր ու մշակութային անվտանգության կարևորագույն բաղադրիչը, և մենք ազգովի պետք է գիտակցենք, որ դրա փլուզումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր երկրի ու ժողովրդի համար։ Արժևորելով ուսուցչի կարևոր դերն ու ազդեցությունը հանրային կյանքում՝ Ուինսթոն Չերչիլն ասել է. «Դպրոցի ուսուցիչներն այնպիսի իշխանություն ունեն, որի մասին վարչապետները միայն կարող են երազել»։ Բիսմարկն էլ արդարացիորեն այն կարծիքն է հայտնել, որ «Պատերազմներում հաղթում են ոչ թե գեներալներն ու նրանց բանակները, այլ նրանց ուսուցիչները»։ Իսկ երբ Ճապոնիայի վարչապետին հարցրել են, թե ինչպես են կարողացել տեխնոլոգիաների և գիտության ոլորտում դառնալ առաջատար, նա պատասխանել է. «Մենք ուսուցիչների համար սահմանել ենք նախարարի աշխատավարձ, դիվանագետի անձեռնմխելիություն և կայսրին վայել մեծարանք»։
Զարգացած երկրների մեծ մասում ուսուցիչը վարձատրվում է միջին աշխատավարձից բարձր, օգտվում է տարատեսակ արտոնություններից՝ խանութների, հասարակական տրանսպորտի զեղչերից, ունի պետական ծառայողի կարգավիճակ և թանգարաններ անվճար այցելելու իրավունք։ Ի տարբերություն Ճապոնիայի և շատ այլ երկրների՝ Հայաստանում ուսուցիչն անտեսված է, չի օգտվում որևէ արտոնությունից, պարգևավճար չի ստանում, իսկ աշխատավարձը շուրջ 15 անգամ պակաս է նախարարի աշխատավարձից։ Անկախության տարիներին, իսկ առավելապես 2018 թվականից սկսած, ամեն ինչ արվեց ուսուցչին ու կրթությունն արժեզրկելու, փլուզելու և գիտելիքն այլևս հանրային պահանջ չդարձնելու համար։ Խեղճ ուսուցիչն էլ ներգրավվեց ընտրակեղծարարության անպատվաբեր գործընթացներում։ Այս պայմաններում ուսուցիչների գերակշռող մասը կորցրել է իր երբեմնի քաղաքացիական ակտիվ դիրքորոշումն ու սեփական կարծիքը երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ՝ դառնալով անսկզբունք, վախվորած, անհաղորդ ու անտարբեր երկրի ապագայի հանդեպ, օտարված պետությունից ու նրա կառավարումից։
«Պետության վերաբերմունքն ուսուցչի նկատմամբ վկայում է կամ պետության ուժի, կամ նրան թուլության մասին»։
Օտտո ֆոն Բիսմարկ
Այս պայմաններում, ինչպես երբեք, աճում է դպրոցի, բուհի և մանկավարժի դերի ու նրա անձի հեղինակության վերականգնման անհրաժեշտությունը՝ ինչպես հասարակության, այնպես էլ դպրոցականների ու ուսանողների միջավայրում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ հասարակության շրջանում վերականգնելու սերն ու ձգտումը գիտելիքի ու կրթության նկատմամբ և ըստ ամենայնի բարձրացնելու ուսուցիչների ու դասախոսների երբեմնի հեղինակությունն ու պատասխանատվությունը երեխաների ու ուսանողների դաստիարակության, նոր՝ բարձր ու ազգային արժեհամակարգի ձևավորման, ինչպես նաև ազգային սովորույթների ու արժեքների պահպանման և փոխանցման գործում։
Կրթության, դաստիարակության և գիտության ոլորտում ստեղծված իրավիճակը, դպրոց թմրանյութերի ու անցանկալի բարքերի թափանցումն առանց չափազանցնելու պետք է որակել իբրև ազգային աղետ, ինչը լրջորեն պետք է անհանգստացնի բոլորիս՝ կառավարության պատասխանատուներին, մտավորականությանը, եկեղեցուն, ծնողներին ու հասարակության լայն խավերին: Միայն դպրոցների շենքային վիճակի բարելավման իմիտացիան ամենևին էլ չի նշանակում կրթության որակի բարձրացում։ Կրթության որակի բարելավումը նախևառաջ դպրոցում առողջ բարոյահոգեբանական միջավայրի ստեղծումն է, կրթական ծրագրերն են, հայեցի ու բարձր արժեքներ կրող աշակերտի դաստիարակությունը, ուսուցման մեթոդիկան և որակյալ դասագրքերը։
Ելնելով ոլորտի կարևորությունից և հանրային հնչեղությունից՝ չի կարելի կրթության բարեփոխումների ու սկզբունքային հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունել առանց հանրային լայն քննարկումների, մասնագիտական, փորձագիտական, հոգևորական ու գիտական շրջանակների հետ խորհրդակցելու: Համոզված եմ, որ հային չի լքի իմաստությունն ու խոհեմությունը, և Հայաստանում ազգային կրթության ու գիտության վերջնական փլուզումն ու ոլորտում ստեղծված քաոսն ու անորոշությունը կկանխվեն հայ ժողովրդի և առաջին հերթին մտավորականության համախմբման, վճռական ու հետևողական ջանքերի շնորհիվ:
Այս իրավիճակում, երբ այլասերված ու բարոյազրկված են հայ ժողովրդի մեծ զանգվածներ, երբ խեղաթյուրված են ազգային արժեքները, վտանգված են սերնդի դաստիարակության գործը, հայ ավանդական ընտանիքների կայունությունը և կործանման եզրին են կանգնած հայրենիքն ու պետականությունը, անգնահատելի մեծ է հայ ուսուցիչների ու դասախոսների դերը։ Նրանց սկզբունքային դիրքորոշումը պետք է դառնա խավարի, բարոյազրկման, արժեզրկման ու այլասերման դեմ պայքարի միջոց՝ հանրային առողջ ու համերաշխ միջավայրի ձևավորման, մարդկանց մեջ հույսի, հավատի ու պայքարելու կամքի վերականգնման և երկիրն այս մղձավանջից դուրս բերելու համար։ Մանկավարժներն ու ուսուցիչները պետք է դուրս գան այս անդեմ ու խղճուկ վիճակից և իրենց արժանի տեղը զբաղեցնեն ազգին արժանապատվորեն առաջնորդողների շարքում։
Այս ծանր իրավիճակում ժողովրդի հետ լինելն ու նրան փրկության ճանապարհով առաջնորդելը կարող է և պե՛տք է լինի ազգային իրական մտավորականի և ուսուցիչ-մանկավարժի սուրբ առաքելությունը։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Դիտվել է՝ 118

Մեկնաբանություններ