Ընդդիմության բացթողումներն ու առաջիկա մարտահրավերները
25.10.2026 | 11:37
Այն, որ իշխանական և ընդդիմադիր ուժերի փաստացի հարաբերակցությունն Ազգային ժողովում նպաստավոր չէր սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու համար, ակնհայտ էր ի սկզբանե։
Բայց ի սկզբանե ակնհայտ էր նաև, որ նորացված Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ալիևի կոշտ պարտադրանքի կատարումը իշխանությանը ստիպելու էր գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (զարգացումների այդ սցենարը կանխատեսում էին շատ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ, այդ թվում՝ սույն տողերի հեղինակը):
Ավելին՝ բարձրաձայնվում էր այն միտքը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կարող են լինել ընդդիմության համար սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու լավագույն հնարավորությունը, հատկապես՝ հունիսյան ընտրություններից հետո։
Սակայն դրա հետ մեկտեղ, մասնավորապես ես, այն կարծիքին էի, որ քաղաքական այդ պատեհությունն ընդդիմադիր ուժերի կողմից կարող էր առավել արդյունավետ օգտագործվել, եթե նրանք բոյկոտեին ԱԺ աշխատանքները և խուսափեին մանդատները վերցնելուց (ես նույնիսկ հրապարակել եմ այն պահանջները, որոնք հավաքական ընդդիմությունը պետք է առաջ քաշեր, և որոնք կարող էին դառնալ ԱԺ աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության համար իշխանության վճարելիք քաղաքական գինը): Ցավոք, ընդդիմադիր ուժերն ունակ չեղան գնահատելու հետընտրական շրջանում սեփական քաղաքական դերակատարման կարևորությունը։
Արդյունքում մենք ականատես եղանք ԱԺ-ում այնպիսի դրսևորումների, որոնք բնորոշ էին 2021-2026 թթ. Ազգային ժողովին։
Թեպետ նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի շատ կարճ ժամանակահատվածում ընդդիմադիրներն առավելագույնս օգտագործեցին ԱԺ քաղաքական ամբիոնը իշխանությունների մանիպուլյացիաները մերկացնելու համար, այդուհանդերձ, դա բավարար չափով չնպաստեց մինչընտրական շրջանում նրանց քաղաքական վարկանիշի պահպանմանը։
Ուստի առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից՝ իշխանության քաղաքական ռեպրեսիաների պայմաններում մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Ցանկացած պատրվակով այդ խնդրի լուծման կամ դրա կարևորության մերժումը հանրության կողմից պետք է գնահատվի պախարակելի։
Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբանություններ