Հաճախ մեր մարդկանց մոտ բնական հարց է առաջանում, թե ո՞րը կարող էր լինել մեր ժողովրդի մի անկումից մյուսը գնալու պատճառը։
Ես հիմա կփորձեմ այդ հիմնարար բնույթի հարցին մի այլ հարցով պատասխանել։
Ներկայում ո՞րն է այն տրամաբանությունը, որով մեր վայ գործիչներից ոմանք պնդում են, որ Ռուսաստանի կողմից գազի թանկացումը կամ էլ մատակարարումը դադարեցնելու դեպքում մենք ուրիշ աղբուրներից գազ կստանանք, չնայած այն բանին, որ դա շատ վատ հետևանքներ կունենա մեզ համար։
Եվ դա էլ այն դեպքում, երբ Ռուսաստանի հետ շատ հանգիստ կարելի է լեզու գտնել այս հարցում։
Տարբեր վարիացիաներով նման բան ասողների թիվը զգալի է մեր հասարակության մեջ, ըստ որում, նրանց մեջ կան նաև այնպիսիները, որոնց պաշտոնական խոսքը որոշակի կշիռ ունի մեր խեղճուկրակ կյանքում։
Միգուցե, պատմության մեջ մեր հասարակության անվերջ պառակտվածությունն ու օտարների շահերին ծառայողների մեծ թի՞վն է եղել մեր մի անկումից մյուսին գնալու պատճառը։
Թվում է նաև, որ մեր հասարակական կյանքի ցածր մակարդակի պատճառով մեզ առաջնորդում են ոչ թե միտքը, տրամաբանությունը և օբյեկտիվ մոտեցումը կարևոր հարցերին, այլ բազմաթիվ հակամարտ կողմերի պարզունակ ու մանկամիտ ատելությունը միմյանց նկատմամբ։
Մենք պետք է հասկանանք, որ հանգամանքների բերումով և ներքին ու արտաքին բազմաթիվ պատճառներով հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որն արտակարգ է, ուստի դրա էֆեկտիվ կառավարումը կարող են իրականացնել միայն արտակարգ մարդիկ, ու նաև այդ գործի համար պիտանի չեն աղքատի հոգեբանություն ունեցող ու աչքները ծակ մարդիկ։
Պավել Բարսեղյան