Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՏԻՄ ընտրությունների փոխարեն՝ մասնագիտական մրցույթ

ՏԻՄ ընտրությունների փոխարեն՝ մասնագիտական մրցույթ
26.10.2026 | 10:38

Քանի որ ավարտվեց ՏԻՄ ընտրությունները՝ ասեմ:
Ես դեմ եմ համայնքների խոշորացման այն մոդելին, որը ներդրվեց Հայաստանում։ Իմ գնահատմամբ՝ դա պարզապես վարչատարածքային վերակազմավորում չէր․ այն գյուղական համայնքների ինքնուրույնության թուլացման, դրանց պատմական ու տեղական առանձնահատկությունների անտեսման և իշխանության կուսակցական վերարտադրության համար լրացուցիչ հնարավորությունների ստեղծման մեխանիզմ էր։
Բայց խնդիրը միայն սա չէ։
Տարիներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են քաղաքական պայքարն ու կուսակցական հակադրությունները ներթափանցում մարզային համայնքներ՝ մարդկանց բաժանելով տարբեր ճամբարների։ Մարդկանց, որոնք նույն գյուղում են ապրում, նույն փողոցում, նույն հողի վրա, որոնք միմյանց հարևաններ են, խնամիներ, բարեկամներ։ Քաղաքական հակադրությունը երբեմն այնքան է խորանում, որ թշնամանքը մտնում է մարդկանց տներն ու ընտանիքներ՝ խաթարելով տարիներով ձևավորված հարաբերությունները։
Հանուն ինչի՞։
Հանուն քաղաքապետի պաշտոնի՞, ավագանու մանդատի՞, թե՞ հերթական կուսակցական հաղթանակի։
Ինձ համար հարցը շատ ավելի սկզբունքային է։ Արդյո՞ք համայնքի ղեկավարումն անպայման պետք է կառուցվի կուսակցական մրցակցության և ընտրական պայքարի շուրջ։ Արդյո՞ք համայնքի զարգացման համար անհրաժեշտ է, որ բնակիչները բաժանվեն իշխանականների ու ընդդիմադիրների, իսկ գյուղի բնականոն կյանքը վերածվի քաղաքական հակամարտության։
Ես առաջարկում եմ քննարկել այլ մոդել։
Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրության փոխարեն՝ ներդնել բաց, թափանցիկ և հրապարակային մասնագիտական մրցույթի համակարգ։
Մրցույթն անցկացվի անկախ հանձնաժողովի միջոցով, ուղիղ հեռարձակմամբ, հանրային վերահսկողության պայմաններում։ Թեկնածուները քննություն հանձնեն համայնքային կառավարման, օրենսդրության, ֆինանսների, տեղական տնտեսության և վարչարարության վերաբերյալ։ Ներկայացնեն համայնքի զարգացման իրենց ծրագրերը, պատասխանեն մասնագիտական ու հանրային նշանակության հարցերի և գնահատվեն նախապես հրապարակված չափանիշներով։
Հաղթողները պետք է ընտրվեն ոչ թե կուսակցական պատկանելությամբ կամ ընտրական ռեսուրսներով, այլ իրենց գիտելիքներով, կարողություններով, ծրագրերով ու բարեվարքությամբ։
Մրցույթը հաղթահարած համայնքի ղեկավարը և ավագանու անդամները պետք է պաշտոնավարեն օրենքով սահմանված ընթացակարգով՝ հստակ լիազորություններով, հաշվետվողականությամբ և հանրային վերահսկողությամբ։ Նրանց նշանակման մեխանիզմը ևս պետք է բացառի իշխանության կամայականությունը և կուսակցական վերահսկողությունը։
Գիտեմ՝ այս առաջարկը բազմաթիվ հարցեր է առաջացնելու։ Մասնավորապես՝ ինչպե՞ս ապահովել, որ նշանակման համակարգը չդառնա կենտրոնական իշխանության ազդեցության գործիք, և ինչպե՞ս երաշխավորել, որ համայնքի բնակիչները պահպանեն իրենց շահերը պաշտպանելու իրական հնարավորությունը։ Սրանք սկզբունքային հարցեր են, որոնց պետք է պատասխանել նման համակարգ մշակելիս։
Բայց արդյո՞ք գործող համակարգն անձեռնմխելի է և քննարկման ենթակա չէ։
Հիշենք Արտաշատի խոշորացված համայնքի նախընտրական բանավեճը։ Երբ հնչում էին Արցախի՝ հայրենիք լինելու կամ Տիգրանաշենի՝ Հայաստանի մաս լինելու վերաբերյալ հարցեր, գործող քաղաքապետն ու իշխանության թեկնածուն այդ հարցերը փորձում էր տարանջատել համայնքային ընտրություններից՝ հայտարարելով, թե ընտրությունը քաղաքի բարեկարգման մասին է, ոչ թե համապետական քաղաքականության։
Իսկ ինչպե՞ս կարելի է համայնքի ղեկավարի պաշտոնը տարանջատել այն պետության քաղաքական ու իրավական իրողություններից, որի կազմում այդ համայնքը գոյություն ունի։
Կամ վերցնենք Վարդենիսի օրինակը, որտեղ, ըստ հրապարակված ընտրական պատկերի, ընտրապայքարում մեկ թեկնածու էր։ Ո՞րն է այստեղ ընտրության բովանդակությունը, եթե քաղաքացին չունի տարբեր թեկնածուների և ծրագրերի միջև ընտրություն կատարելու հնարավորություն։
Այս օրինակները առնվազն հիմք են տալիս քննարկելու՝ արդյոք գործող մոդելը միշտ ապահովում է իրական մրցակցություն, հանրային շահի ներկայացվածություն և համայնքի բնակիչների միջև առողջ հարաբերություններ։
Համայնքի ղեկավարումը միայն ասֆալտապատում չէ։ Բայց եթե այն իսկապես պետք է ծառայի համայնքի բնականոն կյանքին, ապա ինչո՞ւ չքննարկել մի համակարգ, որտեղ առաջին տեղում կլինեն մասնագիտական կարողությունները, պատասխանատվությունն ու համայնքի շահը, այլ ոչ թե կուսակցական պատկանելությունը։
Համայնքը կուսակցության սեփականությունը չէ։ Գյուղը կուսակցական պայքարի ռազմադաշտ չէ։ Իսկ համայնքի ղեկավարումը չպետք է վերածվի իշխանության վերարտադրության հերթական օղակի։
Ժամանակն է քննարկել՝ արդյոք համայնքային կառավարումը կարելի է կազմակերպել այլ սկզբունքներով՝ առանց բնակիչներին իրար դեմ հանելու և առանց տեղական ինքնակառավարումը կենտրոնական իշխանության կամայականությանը հանձնելու։
Սա պատրաստի ու անքննելի լուծում չէ։ Սա հարցադրում է, որը, կարծում եմ, արժանի է լուրջ հանրային քննարկման։

Գևորգ Կարապետյան
Դիտվել է՝ 90

Մեկնաբանություններ