Գործնական առաջարկ ընդդիմությանը, կամ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը
26.10.2026 | 13:17
Փաշինյանն առաջին անգամ խոսեց արտահերթ ընտրությունների մասին։ Նրան միևնույն ժամանակ անհրաժեշտ է Սահմանադրության փոփոխություն։
Ի՞նչ պիտի անի կամ, ավելի ճիշտ, ի՞նչ կարող է անել ընդդիմությունը։
Այս հարցին պատասխանելուց առաջ արձանագրենք մի քանի փաստ.
Ա. Նա չի գնա արտահերթ ընտրությունների, մինչև վստահ չլինի, որ դրա արդյունքում կունենա «իր սրտի խորհրդարանը»։
Բ. Հակառակ տարածված կարծիքին՝ իշխանությունը կարող է գնալ արտահերթի առանց վարչապետի հրաժարականի ու ընդդիմության համաձայնության։ Դրա համար պարզապես անհրաժեշտ է ՔՊ-ի պատգամավորներին հրահանգել միասին վայր դնել մանդատները։ Արդյունքում ԱԺ-ն կկորցնի քվորումը, չի կարողանա նիստ գումարել և, տրամաբանորեն, կլուծարվի։ Երևույթին օրինական տեսք տալու համար կարող են Սահմանադրական դատարանին էլ հրահանգել համապատասխան որոշում կայացնել։
Գ. Իզուր տեղը չմեծամտանա՛նք։ Ժամանակից շուտ արտահերթի դեպքում ընդդիմության հաջողության շանսերը խիստ նվազ են։ Լավագույն դեպքում ընդդիմադիր բևեռին կհաջողվի հավաքել հազիվ 10-ից 15 տոկոս ձայն։
Դ. Մոտ ապագայում մեզ մոտ «Թյուդոր» (փրկիչ առաջնորդ) չի ծնվելու, իսկ հնարավոր ծնվողին էլ հենց սկզբից ձեռքի հետ ոչնչացնելու են։ Միևնույն ժամանակ՝ փողոցային շարժման ձևավորման որևէ ազդակ չկա։ Դրան գումարե՛ք փողոցային պայքարի կամ նույնիսկ արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար խիստ անհարմար՝ առջևում գտնվող տոնական օրերն ու եղանակային պայմանները։
Ե. Որքան էլ զարմանալի թվա՝ մեզ էլ է հարկավոր նոր Սահմանադրություն։ Սահմանադրության հարցն ընդդիմության և գործող իշխանության միակ ընդհանուր եզրն է, բայց՝ բոլորովին տարբեր շարժառիթներով։ Իշխանությունը ցանկանում է ապահովել Ալիևի պահանջները, իսկ մենք ցանկանում ենք ձերբազատվել սուպերվարչապետական Սահմանադրությունից։
Փաստերի արձանագրումը կարելի է շարունակել, բայց եզրակացության համար այսքանն էլ բավարար է։
Հիմա կարճ պատասխանեմ վերը հնչեցված հարցին՝ «Ի՞նչ կարող է անել ընդդիմությունը»։
Անմիջապես ստեղծել հանձնախումբ և պատրաստել նոր Սահմանադրության այլընտրանքային՝ մաքուր հայկական տարբերակը։
Ինչո՞վ պիտի դա տարբերվի իշխանական նախագծից.
Ա. Պահպանվում է Անկախության հռչակագրին հղում կատարող նախաբանը։
Բ. Սահմանափակվում են վարչապետի լիազորությունները, ներդրվում են իշխանության երեք թևերի հավասարակշռման ու վերահսկման իրական մեխանիզմներ։
Խաղաղության գործընթացին խոչընդոտելու մեղադրանքից զերծ մնալու համար ընդդիմության այլընտրանքային՝ «մաքուր հայկական» Սահմանադրությունը ոչ թե բավարարում է Բաքվի պահանջները, այլ առանձին հոդվածով վերահաստատում է միջազգային իրավունքի հանդեպ ու ՄԱԿ-ի կանոնադրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները՝ հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունն ու հրաժարվել տարածքային պահանջներ ներկայացնելուց, հարգել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, հրաժարվել այլ երկրների հետ տարաձայնությունները ռազմական ու բռնի ուժի կիրառմամբ կարգավորելուց։
Իշխանության հետ համաձայնություն է ձեռք բերվում երկու Սահմանադրությունները ԱԺ ներկայացնել ու քվեարկության դնել օրենքի մեկ փաթեթով։ Հանրաքվեի ընթացքում ժողովուրդն ինքն է որոշում, թե որ տարբերակին է ձայն տալիս՝ իշխանական նախագծի՞ն, թե՞ մաքուր հայկականին։
Թեմայի մասին ավելի մանրամասն և, իհարկե, համապատասխան փաստարկներով կխոսեմ վաղը՝ իմ շաբաթական ուղիղ եթերի (լայվի) ժամանակ։
Ռոբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Քաղաքագետ-իրավաբան
Հ.Գ.
Ներկայացված առաջարկը, բնականաբար, դեռ խակ է և ենթակա է հետագա լրամշակման։
Մեկնաբանություններ