Սպաղանաց Մակար. քսանհինգ տնից բաղկացած գյուղի ռեսը, ում տունը ֆիդայիների ապաստանն էր
26.10.2026 | 13:41
Ա՛յ այս հերոսներին հիմա համեմատեք ՔՊ որևէ անդամի հետ։
Սասունի հայդուկային պատմությունը հաճախ պատմվում է Աղբյուր Սերոբի, Գևորգ Չաուշի ու Անդրանիկի շուրջ։ Բայց նրանք անընդհատ հյուրընկալվում էին մի փոքր գյուղում, ուր մի մարդ նրանց թույլ էր տալիս ապաստան գտնել, հաց ուտել ու նոր ուժ ստանալ։ Այդ մարդը Սպաղանաց Մակարն էր՝ Մակար Տոնոյանը։ Նրա անունն ու ճակատագիրը կապված են Սասունի բոլոր խոշոր իրադարձությունների հետ, թեև հաճախ հիշատակվում է միայն ուրիշների կենսագրություններում։
Մակարը ծնվել է Սասունի Սպաղանք գյուղում, որը Տալվորիկի շրջանի բնակավայրերից էր։ Նա Սպաղանքի ռեսն էր, այսինքն՝ գյուղապետը։ Գյուղը շատ փոքր էր՝ ընդամենը 25 տուն, և, ինչպես նշվում է աղբյուրներից մեկում, Սասունի ամենամեծ գյուղերի կողմից նրա նկատմամբ առանձնակի պատկառանք չկար։ Այս մանրամասնը հետաքրքիր է. ֆիդայիների համար այդքան կարևոր ապաստանը մեծ ու հարուստ գյուղ չէր, այլ փոքրիկ մի ավան։
1890-ականների սկզբից, տեսնելով Օսմանյան իշխանությունների ձգտումը՝ Սասունը դատարկել հայերից, Մակարը սկսեց կազմակերպել Սպաղանքի պաշտպանությունը։ Նա Սասունի առաջին ֆիդայիներից էր և գործել է Արաբոյի, Մեծն Մուրադի, Աղբյուր Սերոբի, Գուրգենի, Հրայր Դժոխքի, Գևորգ Չաուշի, Անդրանիկի ու Ռուբենի հետ։
1894 թվականի Սասունի ապստամբության ժամանակ Մակարը՝ որպես երկրամասի առանցքային դեմքերից մեկը, ակտիվորեն մասնակցեց մարտերին և ստանձնեց Տալվորիկի պաշտպանությունը։ Ապստամբությունն ավարտվեց պարտությամբ, բայց Մակարը չհեռացավ հայրենի հողից։
Ապստամբությունից հետո հենց Սպաղանքում էին պատսպարվում Գուրգենը, Աղբյուր Սերոբն ու Գևորգ Չաուշը, ընդ որում՝ Մակարի առաջարկով։ Այս հյուրընկալությունը թանկ արժեց։ Պատմական աղբյուրներում հիշատակվում են Սպաղանքի 1899 և 1900 թվականների կռիվները։ 1899 թվականին սուլթանական կառավարությունը զորք ուղարկեց Սպաղանք՝ Մակարին բռնելու համար, և նրանց միացավ քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը։ Այդ գործողությունների հետևանքով գյուղը հիմնովին քարուքանդ արվեց։
Մակարն իր վրեժը մասամբ լուծեց 1900 թվականի աշնանը, երբ Անդրանիկի ու Գևորգ Չաուշի հետ սպանեց Խալիլին ու նրա զինակիցներին։ Գալեն, որի մասին արդեն գրվել է, Մակարի քրոջ որդին էր՝ նրա ազգակիցն ու համախոհը։ Այսպիսով, Սպաղանքը մի ամբողջ ընտանեկան հայդուկային օջախ էր։
1904 թվականի ապստամբությունից հետո, երբ Սասունի հայդուկապետերից շատերն սկսեցին հեռանալ, Մակարը հրաժարվեց լքել երկիրը։ Նա մասնակցեց Սասունի բոլոր հետագա կռիվներին։ Նրա և Գևորգ Չաուշի միջև գործելակերպի տարակարծություններ էին ծագել, որոնք 1906 թվականին հարթեց Դաշնակցության նոր ներկայացուցիչ Ռուբենը (Ռուբեն Տեր-Մինասյան)։
Մակարը պատկառելի հեղինակություն էր ոչ միայն հայ ու քուրդ ժողովուրդների և ամենաքաջ ֆիդայապետերի, այլև օսմանյան կառավարության համար։ Նա ուներ անզիջում սկզբունքներ և կարծրացած համոզմունքներ։ Գտնում էր, որ եթե Սասնո ողջ ժողովուրդը ոտքի կանգներ ու պայքարեր թուրքերի դեմ, ապա անկախություն ձեռք կբերեր նաև առանց եվրոպական երկրների օգնության։ Նրա կարծիքով՝ այդ պայքարը պիտի ղեկավարեր ֆիդայությունը, ուստի խստորեն հետևում էր ֆիդայական կարգապահությանը և պատժում այն խախտողներին։
Շուտով երկերեսանի քրդերի հետ համագործակցելու և ֆիդայական կարգին հակառակ ամուսնանալու պատճառով նա վիճում է Գևորգ Չաուշի հետ։ ՀՅԴ որոշմամբ նոր Սասուն ոտք դրած Ռուբեն Տեր-Մինասյանի կարգադրությամբ Մակարը զինաթափվում է, բայց Գևորգ Չաուշը չի կարողանում թեթև տանել քաջ ֆիդայապետի նվաստացումը. նա անձամբ վերադարձնում է Մակարի զենքերը՝ մոռացության տալով եղած կոնֆլիկտը։
1907 թվականին, Գևորգ Չաուշի մահից հետո, կառավարությունը երկրով մեկ սկսեց փնտրել նրա կնոջն ու մեկամյա որդուն՝ Վարդգեսին։ Ծերունազարդ Մակարը, դրդված Գևորգի նկատմամբ ունեցած հայրաբարորդի սիրուց, որոշեց անձամբ հանձն առնել Գևորգի ընտանիքի փրկության գործը։ Դրանով նա ապացուցեց, որ Գևորգի հետ վեճը եղել է զուտ կառուցողական-խրատական, և այդ դիպվածը չէր կարող սասանել իր թե՛ մարդկային արժանիքները, թե՛ ֆիդայական միասնականությունն ու ասպետությունը։
Մակարն իր կյանքի գնով սրբորեն կազմակերպեց Գևորգ Չաուշի ընտանիքի փրկությունը։ Գևորգին նվիրված լինելու մյուս ապացույցն այն էր, որ Մակարը, կանխազգալով իր մահը, ֆիդայիներին խնդրել էր իր մարմինն ամփոփել Գևորգ Չաուշի շիրմի կողքին։ Մակարի ցանկությունը, սակայն, չիրականացավ։
Մակարը զոհվեց 1907 թվականի ամռանը Փեթարի կռվում՝ Շենիկի Մանուկի և Փեթարի Պետիկի հետ միասին։ Այդ ժամանակ նա արդեն ծերունի էր։ Նույն տարվա գարնանը՝ մայիսին, Սուլուխում ընկել էին Գևորգ Չաուշն ու Գալեն, և Մակարը հարազատների կորստից հետո ապրեց ընդամենը մի քանի ամիս։
Հայկական աղբյուրները Սպաղանաց Մակարին բնութագրում են որպես Սասունի 1894 և 1904 թվականների ապստամբությունների գլխավոր ղեկավարներից մեկի։ Նրա մասին պատմության մեջ մնացել է հետևյալ գնահատականը. նա մինչև մահ մնաց Սասունի ազատագրական պայքարի կիզակետում և միշտ հավատարիմ եղավ հեղափոխության գաղափարներին։ Նրա օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսի վիթխարի դեր կարող էր խաղալ քսանհինգ տնից բաղկացած մի փոքրիկ գյուղ Սասունի հայդուկային պայքարում։
Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ
Մեկնաբանություններ