Եթե շատ լավ ու բարեկեցիկ ապրելը դնում ենք մի կողմ և փորձում ենք կենտրոնանալ զուտ ապրելու հնարավոր միջոցների վրա, ապա այն, ինչպես ցանկացած գոյապայքար, զուտ ֆիզիկական պայքարի և այն կառավարող գաղափարական կամ մտավոր պայքարի կոմբինացիան է։
Եթե գոյապայքարի այդ երկու բաղադրիչներից երկուսն էլ, կամ դրանցից մեկնումեկը չկան, ապա գոյապայքարն ինքը վերածվում է անիմաստության։
Տևականորեն գտնվելով վայրագ թշնամական միջավայրում՝ մենք մեր էլիտայի և ըմբոստների կորստի հետ միասին կորցրել ենք մեր պասիոնարությունը, այսինքն, կարիքի դեպքում ֆիզիկապես կռվի մեջ նետվելու հատկությունը, և եթե մի հատկություն չկա, ապա այն կառավարող գաղափարն ու բարձր մակարդակի մտավոր կյանքն էլ են ժամանակի հետ ատրոֆիայի ենթարկվում։
Եվ հենց այդ պատճառով է, որ մենք մոռացել ենք հարվածին հարվածով պատասխանելը, և որ մեզնում գաղափարն էլ վերածվել է անիմաստ կոչերի։
Բայց դա չի նշանակում, որ մեր ոտքի կանգնելու բոլոր ճանապարհները փակ են։
Դրանք կան, և նման բանի փորձ մենք ինքներս ունենք, որը տեսնելու համար պարզապես պետք է կարողանալ համեմատել մեր վիճակը 1920-ին և 1980-ին և նորովի իմաստավորել այդ ուսանելի փորձը։
Քանի անգամ պետք է ասել, որ ամեն մեկն իրավունք ունի թպրտալ միայն իր հնարավորությունների սահմաններում։
Մեր և ապրել կարողացողների հիմնական տարբերությունը նրանում է, որ նրանք լարված ու ռիսկային իրավիճակներում, որպես կանոն, անցնում են ուժեղի կողմը, քանի որ դա է ապրելու բանաձևը, իսկ մենք, չգիտես թե ինչու, նման իրավիճակներում առավելություն ենք տալիս որևէ ցնդած գաղափարի, որն էլ, դարձյալ որպես կանոն, հակասում է մեր ապրելուն։
Ցարական իշխանության ժամանակ հեղափոխական էինք, բոլշևիկների ժամանակ էլ՝ անիմաստ արևմտամետ, դե հիմա էլ ամեն ինչ մնացել է նույնը, և դա էլ այն դեպքում, երբ Թրամփն ինքն է փորձում հենվել Պուտինի վրա, իսկ մենք էլ, բոլոր հնարավոր միջոցներով, փախչում ենք նույն Պուտինից։
Եվ դա էլ այն պատճառով, որ, ըստ մեր տրամաբանության, Պուտինը իր կայսերական քաղաքականությամբ իր երկրի շահերն է պաշտպանում, մի բան, որը բոլոր ուժեղներն են անում ու, դրանում էլ, զարմանալի ու հակատրամաբանական ոչինչ չկա։
Հիրավի, զարմանալին մենք ենք․․․
Ապրելու կամքը կորցնողների կյանքի թելը մի օր էլ կտրվելու սովորություն ունի։
Պավել Բարսեղյան