Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ընդդիմությունը լավ կանի դուրս գա «նեղացկոտ և անդադար արդարացող երեխայի» հոգեվիճակից

Ընդդիմությունը լավ կանի դուրս գա «նեղացկոտ և անդադար արդարացող երեխայի» հոգեվիճակից
26.10.2026 | 18:16

Մենք երբեմն չափից ավելի ենք բարդացնում մարդկային հոգեբանության մեջ պարզ բացատրություն ունեցող երևույթները:

Երեկվա՝ 25.10-ի ՏԻՄ ընտրությունները ևս մեկ ալիքով թևաթափ կանեն շատերին և կսրեն ինքնախարազանումն ու հիասթափությունը՝ առ սեփական ժողովուրդ:

Իմ հիշողության մեջ այս ալիքն արդեն հաշիվը կորցրել է, փոխարենը, ես լավ եմ հիշում, թե ինչպես էինք մի խումբ ընկերներով 21-ի ընտրություններից առաջ ծրագիր մշակել՝ «Ինքնափրկություն», որը միտված էր պայքարի ոգին բարձր պահելուն, հիսաթափություններն ու թևաթափությունները կանխելուն, և թե ինչպես այդ ծրագիրն առած՝ ծեծեցինք ժամանակի բոլոր ընդդիմադիր մեդիա և քաղաքական գործիչների դռները, նույնիսկ ՀԱԵ հասանք, մշակույթի գործիչների և ռամամարզականների դռները թակեցինք՝ առաջարկելով իրագործել այն, իսկ դրա դիմաց մենք ոչինչ չէինք ուզում՝ ոչ փիար, ոչ վաճառում էինք մեր ծրագիրը, ոչ էլ հեղինակային իրավունք էինք պահանջում. մենք պարզապես միամտաբար կարծում էինք, որ եթե դա մեր ազգային ոգին վերակենդանացնելուն է միտված և պայքարող հային կենսունակ պահելուն, ապա տրամաբանական է, որ բոլոր ազգանվեր հայերը նույնն են ցանկանալու:

Հետայդու, տարիներն ապացուցեցին, որ մեր իմացած «ազգանվերների» մի մասը իրականում Երրորդ նախագահին էին նվիրված, մի մասն էլ՝ իրենց անհատական փիարին և կայացմանը, մյուս մասը ավելի էր վախենում գալիք խորհրդարանական պաշտոններ կորցնելուց, քան հայի ոգին կոտրելուց, էն մյուս մասն էլ պարզապես համարձակություն չունեցավ դեմ գնալ այս բոլորին:

Ինչևէ, ընկերներ, 6 տարի է անցել, 6 ամբողջ տարի՝ չարաբաստիկ 44-օրյա պատերազմից, իսկ այն, ինչ այսօր ունենք, ամենևին էլ պատահական արդյունք չէ: Ամենքն ունի այն, ինչի ուղղությամբ աշխատել է և ամենակարևորը՝ ինչպիսի ջանքերով և մտադրություններով աշխատել է:

Իշխանությանը վաղուց ասելիք չկա. նա քանիցս ապացուցել է, որ թշնամու կողմն անցած խմբակ է:

Ընդդիմությունն էլ իր օրվա հավաքական և ամբողջական դեմքով և դիմագծով լավ կանի՝ դուրս գա «նեղացկոտ և անդադար արդարացող երեխայի» հոգեվիճակից և սկսի անել այն, ինչը դեռ 6 տարի առաջ պիտի աներ, այն է՝

-սխալ մարտավարության,

-սխալ կադրային քաղաքականության,

-սխալ համախմբման,

-լիդերի փնտրտուքի կամ առհասարակ՝ չ’ընտրության,

-արդարանալու փոխարեն սխալներն ընդունելու և շտկելու, ոչ միայն՝ վերբալ կերպով արտաբերելու,

-իվերջո, պաշտոնից և հարմարավետությունից անդին որևէ բան չտեսնելու #սխալների ՈՒՂՂՈՒՄ և ՇՏԿՈՒՄ:

ՀԳ. Այսօրվա իրականությունը օրինաչափ է՝ բոլոր չափանիշներով, իսկ քաղաքական գործիչը նրա համար է, որ տեսնի, շտկի և կանխի, ոչ թե պոստֆակտում նստի և ծնկներին տա: Հակառակ կողմի հաղթանակներն էլ առաջին հերթին հենց սրանով են պայմանավորված. նա կանխում է, իսկ դուք՝ ոչ, նա պարբերաբար հարձակվում է, իսկ դուք ձեր մանկամիտ քաղաքականությունը և մարտավարությունը, տեղ-տեղ՝ նաև անգործությունը, պարբերաբար բարդում եք արտաքին գործոնների վրա:

Այսքանը. չտրտնջաք:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 138

Մեկնաբանություններ